“Ծիլի-Ծով. գիրք հմայության”. այսպես է կոչվում բանաստեղծ Կարեն Անտաշյանի հեղինակած բանաստեղծական նոր ժողովածուն, որի` օրերս կայացած շնորհանդեսին ներկա են եղել ոչ միայն նրա մտերիմները, այլեւ գրաքննադատներ, գրողներ եւ հայ ժամանակակից գրականությամբ հետարքրվող ընթերցասերներ:
Բանաստեղծ Կարեն Անտաշյանը
Գիրքը որոշակի հաջորդականությամբ ներառում է բանաստեղծություններ, երազահաններ եւ հմայիլներ, որոնք գրված են հայ հնագույն հմայական ձեւերի եւ ժողովրդական խաղիկների ոճավորմամբ: Հեղինակն իր գիրքն անվանել է Տավուշի մարզի սահմանամերձ Քոլագիր գյուղի մոտ գտնվող Ծիլի-Ծով փոքրիկ ջրամբարի անվամբ, որը հնչունային խաղով նրան տպավորել է դեռ բանակում ծառայելու տարիներին, իսկ “Գիրք հմայության” ենթախորագիրը պայմանավորված է նրանով, որ տարբեր խաղարկումներով փորձել է խոսքի հմայականության գաղտնիքները բացահայտող լեզվական կառույցներ, ռիթմեր ու շունչ գտնել.“Գրելիս բացահայտել եմ մեր լեզվի ճոխ հնարավորությունները: Բանաստեղծելու այդ մեթոդը կոչում եմ լեզվի բնազդին հետեւելով գրել, գիրքն էլ կյանքի հասուն բնազդների ու հմայական հետազոտությունների գիրք է”:
Արքմենիկ Նիկողոսյանը, որը “Անտարես” հրատարակչության գլխավոր խմբագիրն է եւ տպագրական հարցերում եղել է իր ընկերոջ կողքին, մեզ հետ զրույցում նշել է, թե Կարեն Անտաշյանի հետ աշխատելը ե՛ւ դյուրին է, ե՛ւ դժվար.“Նա խմբագրություն է բերում տպագրման պատրաստ աշխատանք, այսինքն` սրբագրման, խմբագրման կարիք գրեթե չկա, բայց մյուս կողմից շատ բծախնդիր է. երբ պետք է գիրքն էջադրենք, որոշենք կազմի ձեւավորումը, թղթի տեսակը, ամեն ինչ ուզում է կատարյալ տեսնել: Արդեն մոռացել ենք մեր չարչարանքները, կարեւորը` կա գիրք, որն արդեն ընթերցողին է հասել: Ես “Ծիլի-Ծով”-ը կարեւոր եմ համարում այն առումով, որ Կարենը նոր լուծումներ է առաջադրում հայ արդի բանաստեղծության զարգացման, ինչպես նաեւ բովանդակային առումով` ջուրն ունենալով որպես կյանքի կարեւոր խորհրդանշան”:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը
“Ծիլի-Ծով. գիրք հմայության” բանաստեղծական ժողովածուում հեղինակը գրել է իրեն հուզող թեմաների մասին` կյանք, սեր, կարոտ, մահ, արտագաղթ եւ այլն. “Ժամանակակից բանաստեղծությունը շատ պահանջկոտ է դարձել, որովհետեւ հեշտ է ձանձրալի ու կրկնվող լինելը, այս պատճառով ինձ համար կարեւոր է լեզվական նորարարությունների դիմելը, այսինքն` վերադառնալ այն արմատներին, ակունքներին, որտեղից բանաստեղծությունը սկիզբ է առել եւ նույն ոճավորմամբ գրել ժամանակակից տեքստ, որն այստեղ եւ հիմա ապրող մարդու ականջին հարազատ խոսքի պես կհնչի”:
Այս գիրքը նախապես տպագրվել է 365 անվանական օրինակով` յուրաքանչյուրը տարվա մեկ օրվան համապատասխան: Այն ընթերցողները, որոնք նախքան շնորհանդեսը առցանց օրացույցով ամրագրել էին իրենց նախընտրած օրը, հեղինակի մակագրությամբ եւ համապատասխան էջանիշով ստացել են անվանական օրինակը:
Կարեն Անտաշյանի որդին` փոքրիկ Լեոն, ներկա է եղել հայրիկի գրքի շնորհանդեսին
Նշենք, որ “Ծիլի-Ծով”-ը Կարեն Անտաշյանի թվով երրորդ ժողովածուն է, 2004 թվականին լույս է տեսել նրա “Վերջից հետո, սկզբից առաջ” բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2009-ին` “Անտաշատ” գիրքը: Նա հայտնի է նաեւ որպես գրական նախագծերի հեղինակ. 2009 թվականին գրող եւ գրաքննադատ ընկերների հետ սկսել է “Գրանիշ” նախագիծը:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: