ՀՀ վաստակավոր նկարիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Անատոլի Ավետյանը հաճախ ցուցահանդեսներ է ունենում ոչ միայն մեր մայրաքաղաքում, այլեւ մարզերում:
Նկարիչ Անատոլի Ավետյանի աշխատանքներից
Երեւանյան նախորդ` կանանց նվիրված ցուցահանդեսին BRAVO.am-ն անդրադարձել է, նախորդ ամիս էլ Հայաստանի ազգային պատկերասրահի Վանաձորի մասնաճյուղում բացվել է նկարչի 60-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:
Անատոլի Ավետյանը նոր ցուցահանդեսի համար պատկերել է արվեստի 17 ներկայացուցչի` իր ընկերներին եւ ոչ միայն, մտադիր է ցանկն ավելացնել: Շարքը կոչվում է “Իմ ժամանակակիցը”, որում ընդգրկված են երաժիշտ Արա Գեւորգյանի, հեղինակ-կատարող Ռուբեն Հախվերդյանի, դերասաններ Արմեն Բարսեղյանի, Ռաֆայել Քոթանջյանի, նկարիչներ Մարտիրոս Բադալյանի, Գեւորգ Մշեցու, գրող Ռազմիկ Դավոյանի եւ ուրիշների դիմանկարները:
Անատոլի Ավետյանի դիմանկարների շարքը կոչվում է “Իմ ժամանակակիցը”
Նկարիչը նախապես մտածել է աշխատանքները նվիրել հասցեատերերին, բայց ինչպես հայտնել է իր դուստրը` Լիլիթ Ավետյանը, հնարավոր է` շարքն ամբողջությամբ մնա մեկ վայրում. “Ռուբեն Հախվերդյանն առաջարկեց, որ չբաժանի, ասաց` շարքը Հայաստանին է պատկանում, կարող է մեկի տղան վերցնի ու հանրապետությունից դուրս տանի…”:
Նկարիչ Անատոլի Ավետյանի աշխատանքներից
Կանանց գեղեցկությունը յուրահատուկ մեկնաբանությամբ ներկայացնող Անատոլի Ավետյանը շարունակում է դիմանկարներ ստեղծել պղնձից, բյուրեղապակուց, թիթեղից, բնական քարերից ու ներկերից: Նկարիչն իր նոր աշխատանքները կցուցադրի երեւանյան նոր ցուցահանդեսի շրջանակում, որը նախատեսված է իրականացնել սեպտեմբերի 5-ին` իր ծննդյան օրը՝ Ժամանակակից արվեստի թանգարանում:
Մինչ այդ “Իմ ժամանակակիցը” շարքը կհանգրվանի Ալավերդիում. հունիսի 22-ին նախատեսված է նույն ցուցահանդեսի բացումն այս քաղաքի թանգարանում:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները`Անատոլի Ավետյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: