×


Անատոլի Ավետյան

Անատոլի Ավետյան

“Աշխարհում կնոջից ու ծաղկից ավելի գեղեցիկ բան չկա” Մայրության ու գեղեցկության մեկամսյակի առթիվ նկարիչ, քանդակագործ Անատոլի Ավետյանն արվեստասերներին ներկայացրել է կանանց ու աղջիկներին նվիրված իր ստեղծագործությունները: Նրա աշխատանքներում գերիշխողը կին արարածն է. “Աշխարհում կնոջից ու ծաղկից ավելի գեղեցիկ բան չկա”,- վստահ է Անատոլի Ավետյանը: Anatoli Avetyan Ցուցահանդեսը բացվեց ապրիլի 2-ին “Ակադեմիա” պատկերասրահում: Բացմանը նկարչին շնորհավորելու էին եկել հայտնի դեմքեր, արվեստագետներ, նկարիչներ, քաղաքական գործիչներ, նաեւ նրա արվեստի սիրահարները: Անատոլի Ավետյանը նշեց, որ կանանց նվիրված ցուցահանդես ունեցել է Վանաձորում, որոշել է նաեւ Երեւանում բացել ցուցահանդես մայրության ու գեղեցկության թեմայով. “Բավականին շատ նոր գործեր են հավաքվել հենց կանանց թեմայով, որոշեցի նրանց նորից հաճույք պատճառել: Ցուցադրվելը հնարավորություն է տալիս արածդ գործերն ավելի լավ տեսնելու, իրար կողքի դնելու եւ մտածելու` հետո ինչ կարելի է անել”,- ասում է նկարիչը: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները Անատոլի Ավետյանը Նկարիչների միջազգային ասոցիացիայի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ է: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտերկրում` Փարիզում, Չիկագոյում, Բոստոնում, Հալեպում, Վաշինգտոնում, Ատլանտայում, Բելգիայում, Մոսկվայում եւ այլուր: Նկարիչն աշխատում է տարբեր նյութերով: Նկարներում կարելի է տեսնել պղինձ, բյուրեղապակի, ապակի, թիթեղ, կարպետ, բնական քարեր, ներկեր եւ այլ նյութեր, իսկ քանդակները օբսիդիանից են. “Ստեղծագործական պրոցեսն երբեմն երկար է տեւում: Կարող է մեկ շաբաթ աշխատեմ, հնարավոր է` երկու տարի տեւի մի աշխատանք պատրաստելը”, - ասում է նա: Bella Qocharyan and Sedrak Qocharyan Նկարչի աշխատանքները պահպանվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, Փարիզի քաղաքապետարանում, Հայաստանի Ազգային պատկերասրահում, Հռոմի Պապի հավաքածուում, ՀՀ նախագահական պալատում, նաեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահների անձնական հավաքածուներում: Նկարիչը շատ է ուրախանում, երբ իր նկարները “լավ տեղ են ընկնում”. “Պատահում է, որ դժվարությամբ եմ բաժանվում աշխատանքներիցս: Երեխայի նման են. եթե լավ տեղ են ընկնում, ինձ լավ եմ զգում: Ամենից շատ ուրախ ու հպարտ եմ, որ իմ աշխատանքներից կա մեր Ազգային պատկերասրահում”: Նկարիչ, քանդակագործ Անատոլի Ավետյանի ցուցահանդեսը “Ակադեմիա” պատկերասրահում Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաեւ Բելլա Քոչարյանը, որը նկարչի արվեստը շատ է գնահատում. “Որդուս` Սեդրակի հետ եկել ենք եւս մեկ անգամ հաճույք ստանալու նկարչի գործերից: Վաղուց ենք նրան ճանաչում, նրա գործերից շատ պաշտոնյաների ենք նվիրել: Մեր տանն էլ մի քանի նկարներ ունենք, որոնք շատ եմ հավանում”: Ցուցահանդեսին ներկայացված 36 աշխատանքներն այցելուները կարող են դիտել մինչեւ ապրիլի 11-ը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport