×


Հայ մոդելները՝ կովկասյան ազնվացեղ եղջերուների կենտրոնում

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Հայաստան) հայաստանյան մասնաճյուղը եւ ArmMod Fashion-ն իրականացրել են հետաքրքիր նախագիծ, որի շրջանակում նորաձեւությունն աջակցում է հանրության բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։


Լուսանկարահանումը տեղի է ունեցել Դիլիջան ազգային պարկի կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում՝ մոդելներ Մարիկա Թունյանի, Նարե Զաքարյանի, Լյուսի Հայրապետյանի, Լիանա Թովմասյանի մասնակցությամբ, որոնք կրել են դիզայներ Ժենյա Ասատրյանի ստեղծած հավաքածուն։ Այն ամբողջությամբ ներշնչված է բնությունից եւ նպատակ ունի շեշտադրել մարդու եւ բնության փոխկապակցվածությունը, որն արտացոլվել է հագուստների եւ աքսեսուարների դիզայնի տարրերում։


Ինչպես նշել է WWF Հայաստանի PR ղեկավար Հերմինե Հակոբյանը՝ «Այսօր թրենդային է կիրառել ոչ ստանդարտ լուծումներ բնապահպանական իրազեկվածության ապահովման համար։ Այս նախաձեռնությունը այդպիսի մոտեցումներից մեկն է, եւ հուսով ենք, որ այն դուր կգա հանրությանը։ Նախաձեռնության ուղերձն է՝ ապրել բնության հետ ներդաշնակ»։


Դիլիջան ազգային պարկի կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը ստեղծվել է Հայաստանի բնապահպանության նախարարության եւ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որի նպատակն է կովկասյան ազնվացեղ եղջերուների պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում։ Տեսակն անհետացել է Հայաստանի բնությունից նախորդ դարի երկրորդ կեսին։ Կենտրոնը բաց է այցելուների համար ամեն օր առավոտյան ժամը 9։00-ից մինչեւ երեկոյան ժամը 18։00-ն։

Տեղեկատվությունը եւ լուսանկարները՝ WWF Հայաստան-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին