Ֆրանսիայում հունվարի 14-ին մեծ էկրան է բարձրացել գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության մասին պատմող “The Cut” (“Հատում”) ֆիլմը` բողոքի ալիք բարձրացնելով նրա հայրենակիցների շրջանում: Ինչպես հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները, Թուրքիան մահվան սպառնալիքներ է հնչեցրել ռեժիսորի հասցեին, եւ նա ստիպված է շրջել թիկնապահի հետ:
Ռեժիսոր Ֆաթիհ Աքինը
Ֆիլմը նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին: Ի սկզբանե ռեժիսորը ցանկացել է հենց անվանի լրագրողի մասին ֆիլմ նկարահանել` պայմանով, որ վերջինիս մարմնավորող դերասանն ազգությամբ թուրք լինի, որի իրագործումը նրան չի հաջողվել. “Դերասանները վախեցան ստանձնել այդ դերը, ես էլ չցանկացա նրանց վտանգի ենթարկել, եւ ֆիլմն այլ ուղղություն ստացավ”,-ասել է նա:
“France Culture” ռադիոկայանին տված հարցազրույցում ռեժիսորը նշել է, որ չի կարող ասել, թե սա Ցեղասպանության մասին ֆիլմ է.“Ընդամենը խաղարկային կինոնկար է: Հայերի ցեղասպանությունը եթե ներկայացնեի, պետք է 12 ժամանոց վավերագրական ֆիլմ ստեղծեի”:
"The Cut"-ը ցուցադրվում է ֆրանսիական կինոթատրոններում
Ֆիլմի հերոսը դարբին Նազարեթ Մանուկյանն է, ում մարմնավորում է ալժիրցու արմատներ ունեցող ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը: Թուրք զինվորները կեսգիշերին ներխուժում են Նազարեթի տուն, որտեղ նա ապրում է կնոջ եւ երկվորյակ աղջիկների հետ: Նրան տանում են անապատ` տաժանակիր աշխատանքի: Հայ դարբնին, սակայն, հաջողվում է փրկվել մահից: Իմանալով, որ կնոջը սպանել են` նա որոշում է ամեն գնով գտնել դուստրերին:
“The Cut”-ում նկարահանվել է ֆրանսահայ հանրահայտ դերասան Սիմոն Աբգարյանը: Վենետիկի փառատոնին, որի շրջանակում էլ նախորդ տարի տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան, դերասանն ասել է, որ չնայած` մեկ ֆիլմով երբեք չես կարող պատմել այն ամենն, ինչ տեղի է ունեցել, սակայն սա հենց այն է, ինչին հայերը սպասում էին:
Թահար Ռահիմը եւ Սիմոն Աբգարյանը
Ֆիլմն արդեն դրական արձագանքներ է ստացել կինոքննադատների եւ կինոդիտողների կողմից: Շատերն այն դիտելու են գնում` ռեժիսորին ճանաչելով, մյուսները բացահայտում են նրան` ծանոթանալով նաեւ Հայոց ցեղասպանության մասին մի պատմության:
Այս լիամետրաժն աննախադեպ է նրանով, որ հենց թուրքն է հարցին անդրադառնում, բացի այդ, առաջին անգամ են թուրք եւ հայ արվեստագետները միասին աշխատում այս թեմայով ստեղծագործության վրա: Սցենարի հեղինակը Մարտիկ Մարտինն է, ով ծագումով հայ ամերիկացի է: Ֆիլմի ռեժիսորը նախընտրել է իր ֆիլմը ներկայացնել Վենետիկի կինոփառատոնում, այլ ոչ թե Կաննում, քանի որ, ըստ նրա, Վենետիկի փառատոնի ներկայացուցիչների արձագանքներն ավելի ոգեւորիչ էին: Նշենք, որ Ֆաթիհ Աքինը Վենետիկի փառատոնի մրցանակակիր է դարձել 2009 թվականին: Նա հանրահայտ մի շարք ֆիլմերի հեղինակ է:
Պատրաստեց Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: