“Պատրաստված է 60 վայրկյանում” միջազգային ամենամյա մրցույթին այս տարի Հայաստանից մասնակցում են նաեւ երիտասարդ ռեժիսոր Դավիթ Վարդազարյանը եւ հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը: Ըստ մրցույթի կանոնների` մասնակիցները ներկայացնում են հանրահայտ որեւէ ֆիլմի սեփական տարբերակը` 60 վայրկյան տեւողությամբ եւ հումորի տարրերով: Դավիթը նկարահանել է “Մեղքերի քաղաքը 2” ֆիլմի ռեմեյքը, որտեղ գլխավոր հերոսուհին Հերմինեն է:
Հերմինե Ստեփանյանը` “Մեղքերի քաղաքը” ֆիլմի Ավայի դերում
“Կինոյին առնչվելու ցանկացած հնարավորություն ինձ ոգեշնչում է: Այս մրցույթն էլ ամենահետաքրքիր հարթակներից է, որ թույլ է տալիս ֆիլմի լեզվով հաղորդել ասելիքդ: Նախորդ տարի եւս մասնակցել էի. տպավորություններս դրական են եւ տրամադրող: Այս անգամ էլ, չնայած զբաղվածությանս, հասկացա, որ չմասնակցել ուղղակի չեմ կարող”,-BRAVO.am-ին ասել է երիտասարդ ռեժիսորը:
Նա տեղեկացրել է, որ ֆիլմը նկարահանվել է հեռախոսով, իսկ դեկորները պատրաստված են թղթից.“Նույնիսկ մեծ բյուջեով ֆիլմերում օգտվում են այդպիսի մակետներից: Ինքս էլ պատրաստեցի նկարահանման մինի-հրապարակ, որում էլ զետեղեցի նկարահանած նյութից ինչ հնարավոր էր, հարմարեցրի, համապատասխանեցրի”:
Տիգրան Վարդազարյանը եւ Հերմինե Ստեփանյանը
Ինչ վերաբերում է դերասանուհու ընտրությանը, Դավիթն ընդգծել է, որ Հերմինե Ստեփանյանին ճանաչել է հեռուստատեսությունից եւ շատ է ցանկացել համագործակցել նրա հետ.“Տեսել եմ նաեւ նրա խաղը “Շքամուտք” ֆիլմում: Եվ դեռ այդ շրջանից մտածում էի, որ կցանկանայի հնարավորության դեպքում աշխատել նրա հետ: Ֆիլմից ընտրեցի Ավայի պատմությունը, եւ դրան առավելագույնը համապատասխանեց Հերմինե Ստեփանյանը: Նա իր կերպարով, խարիզմայով ինձ հիշեցնում է արտասահմանցի հետաքրքիր մի շարք դերասանուհիների”:
Հերմինե Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ հաճույքով է մասնակցում նախագծին.“Դավիթի հետ շատ ենք քննարկում այս կամ այն ֆիլմը: Հաճախ եմ կարդում նրա հոդվածները տարբեր ֆիլմերի մասին ու անպայման հայտնում իմ կարծիքը: Առաջարկն ինձ շատ հետաքրքրեց, բացի այդ, տեսա, որ պատրաստված է: Դավիթն ինձ միշտ ասում էր, որ նման եմ “Մեղքերի քաղաքը” ֆիլմի դերասանուհի Էվա Գրինին: Եվ այդպես ՆՓԱԿ-ի սենյակներից մեկում իմ հեռախոսի լույսով եւ իր հեռախոսով նկարեցինք ֆիլմը: Առանց դիմահարդարի, վարսահարդարի եւ ֆիլմին անհրաժեշտ մասնագետների ու պարագաների, մենք ստացանք հետաքրքիր մի բան”:
Հերմինե Ստեփանյանը եւ Տիգրան Վարդազարյանը
Նշենք, որ “Jameson” ընկերության մրցույթի գլխավոր մրցանակն ուղեւորություն է դեպի Լոնդոն եւ մասնակցություն հայտնի դերասանների հետ միջոցառման, որի հյուրերի թվում եղել են Թոմ Քրուզը, Միլա Կունիսը եւ այլք: Իսկ լավագույն ֆիլմի ռեժիսորին հնարավորություն կընձեռվի աշխարհահռչակ որեւէ դերասանի մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմ նկարահանել: Դավիթի եւ Հերմինեի ֆիլմը դիտելու եւ քվեարկությանը մասնակցելու համար այցելեք այստեղ:
Տեքստը` Քրիստինա Բոյաջյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Վարդազարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: