×


Հերմինե Ստեփանյանի` մայրանալու առթիվ կարված զգեստները

BRAVO.am-ն արդեն հայտնել է, որ Հերմինե Ստեփանյանը շուտով առաջին անգամ կմայրանա: Հղիության վերջին ամիսներին աշխատանքային ակտիվ ռիթմով նա շարունակում է նկարահանումների եւ միջոցառումների մասնակցել:):

Հերմինե Ստեփանյանը


“Մենք ենք, մեր հայերը” հեռուստածրագրի հաղորդավարուհին շուրջ երեք տարի “Դար 21”-ի եթերից յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողին ներկայացնում է “աստղային” հիթ-շքերթներ: Նա հաղորդման սցենարը գրելուց բացի, ամեն նկարահանումից առաջ հատուկ խնամքով նախապատրաստվում եւ ընտրում է իր եթերային հագուստը:

Հերմինեն սկզբում համագործակցել է դիզայներ Գայանե Սողոմոնյանի, իսկ վերջին ամիսներին` դիզայներ Քրիստինա Ավետիսյանի հետ.“Շատերի համար զարմանալի էր, որ մեր համագործակցությունն ընդհատեցինք, բայց պատճառն այն էր, որ Գայանեն իր նոր հավաքածուի վրա է աշխատում, կենտրոնանալու կարիք ունի եւ որպեսզի ամեն շաբաթ չմտածի իմ կերպարների մասին, երկուսս էլ միաժամանակ իրար առաջարկեցինք դադար վերցնել: Հիմա էլ մենք ամեն օր կապի մեջ ենք”:

Հերմինե Ստեփանյանը


Իսկ Քրիստինայի հիմնադրած “Cristas Fashion Studio”-ի հետ համագործակցության հիմքը դրվել է “Նորաձեւության ճանապարհ” ցուցահանդեսից հետո, երբ հաղորդավարուհին հավանել է նրա ստեղծած հավաքածուն. “Ուղղակի իմ երազանքն էր, որ կրեի այդ զգեստներից երկուսը: Թեեւ ինձ համար չէին ստեղծված եւ թանգարանային նմուշ էին, բայց, ի վերջո, ցանկությունս կատարվեց:): Ինձ համար հատկապես շատ թանկ նվեր էր Փարիզի Էյֆելյան աշտարակը պատկերող զգեստը”:

Հերմինե Ստեփանյանը


Հերմինե Ստեփանյանը նշում է` եթերային այնքան զգեստ ունի, որ զգեստապահարանում արդեն ազատ տեղ չի գտնում.“Եթե տվյալ հագուստն ինձ համար է կարվում, դառնում է իմ սեփականությունը: Ես չեմ կարող առավոտյան քնից արթնանալ, չմտածված մի բան հագնել ու գնալ նկարահանման: Այս հարցին այնքան ցավոտ եմ վերաբերվում, որ մեր հեռուստաընկերությունում բոլորը գիտեն ու նույնիսկ հումորներ են անում: Մեկ անգամ հագուստիս համապատասխան սեւ կոշիկ էր հարկավոր, բայց շագանակագույն կոշիկով էի: Նկարահանումից առաջ սեւ ներկ եմ գնել, օպերատորները կոշիկս սեւ գույնով ներկել են, որ դրա պատճառով տրամադրությունս չընկնի: Բայց ի տարբերություն հաղորդավար Հերմինեի, առօրյայում կարող եմ առանց շպարվելու տանից դուրս գալ ու չկենտրոնանալ հագուկապիս վրա”:

Հերմինե Ստեփանյանը


Հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում նաեւ պատմել է, որ առաջին ամիսներին թաքցրել է հղիությունը, այնուհետեւ դիզայների հետ ստեղծել են հղիների համար նախատեսված, բայց ոչ ստանդարտ զգեստներ: Քրիստինան իր հավաքածուի ոճով Հերմինեի մայրանալու առթիվ կարել է իտալացի նկարիչ Բարտոլոմեո Սկեդոնիի “Ամուրը բնապատկերում” նկարով զգեստ, որը նաեւ ունի մանկական տարբերակ: Ապագա մայրիկը ցանկանում է հիվանդանոցից դուրս գրվելիս իր դստեր հետ միեւնույն զգեստով լինել:

Հերմինե Ստեփանյանը


“Հրեշտակի նկարը մի քանի անգամ տպագրեցինք, որովհետեւ գույնը մեզ դուր չէր գալիս: Երկար աշխատելուց հետո ստացանք իմ պատկերացրած զգեստը: Երբ միջոցառման գնալիս առաջին անգամ այն կրեցի, այնքան հաճոյախոսություններ լսեցի, որ շատ շոյվել էի:). իմ արժանիքը չէր, այլ` դիզայներիս, որ գնահատվեց: Կարծում եմ` ցանկացած լավ գործ` լինի զգեստ, ֆիլմ կամ ներկայացում, անպայման նկատվում ու գնահատվում է”,-նշել է նա:

Հերմինե Ստեփանյանին մաղթում ենք թեթեւ եւ բարեհաջող ծննդաբերություն, իսկ մեր ընթերցողներին առաջարկում ենք դիտել հաղորդավարուհու ոճային փոփոխությունները եւ կարծիքներ գրել մեկնաբանությունների հատվածում:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արմեն Աղայանի եւ Հերմինե Ստեփանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW