Այսօր` սեպտեմբերի 2-ին, 67 տարեկանում մահացել է Հայաստանի գրողների միության նախագահ, լրագրող, հրապարակախոս եւ թարգմանիչ Լեւոն Անանյանը: Նա տառապում էր քաղցկեղ հիվանդությամբ: Այս մասին հայտնում է news.am-ը` նշելով, որ ցավալի լուրը հաստատել են “Նաիրի” բժշկական կենտրոնից:
Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը
Լեւոն Անանյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 13-ին` Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964-ին ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968-ին` Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը։
Աշխատել է մի շարք պարբերականներում եւ միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։
1992 թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, եւ մինչ օրս նախագահում էր այն։ Դասախոսում էր Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն էր 2002 թվականից։
Լեւոն Անանյանը գրել, կազմել եւ խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն եւ այլ լեզուներով։ Միջազգային երեք ակադեմիայի անդամ է։
2008 թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի կոչում։
Լեւոն Անանյանն ամուսնացած էր, ուներ երեք երեխա։
BRAVO.am-ը ցավակցում է Լեւոն Անանյանի հարազատներին եւ ընկերներին:
BRAVO.am
Աղբյուրը` Wikipedia
Լուսանկարը` PanArmenian Photo-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: