Երեկ` օգոստոսի 27-ին, Փարիզում մահացել է ֆրանսահայ անվանի նկարիչ Ժանսեմը: Նա 93 տարեկան էր: Ցավալի լուրի հավաստիությունը ճշտել է BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում:
Անվանի նկարիչ Ժանսեմն իր արվեստանոցում
Հովհաննես Սեմերջյանը մանկությունն անցկացրել է Հունաստանի Սալոնիկում, այնուհետեւ տեղափոխվել եւ հաստատվել է Ֆրանսիայում։ Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944 թվականից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների` Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրում, Մեքսիկայում։
Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան երկու թանգարան` երկուսն էլ Ճապոնիայում։ Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի հեղինակավոր մի շարք թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:
Ժանսեմի կտավներից
Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով` «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» եւ այլն։ Այդ գործերի մի մասը այժմ ցուցադրվում է Փարիզի հայկական արվեստի թանգարանում։
Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներից` մայր ժողովրդի մեծ արհավիրքից։ Ֆրանսիական տեսաբանությունը նրան բնութագրել է իբրեւ միզերաբլիստ` թշվառների նկարիչ։
Ժանսեմի կտավներից
1956-ին Ժանսեմը ընտրվում է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ, իսկ 1958-ին Մեքսիկայում շահում է Կոմպարեզոն։ Ժանսեմը ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ` Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում եւ այլուր։ Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաեւ Մոսկվայում։ Ժանսեմի կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում։
Ժանսեմն առաջին անգամ Հայաստան է այցելել 1973-ին։ 2001-ին նա իր վրձնած “Եղեռն” շարքը` բաղկացած 34 կտավից, նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանին։
BRAVO.am
Աղբյուրը` hy.wikipedia.org
Թոփ լուսանկարը` yerevanmagazine.com-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: