Երբ թողարկվեցին «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 20 մասնակցի երգերը, իր մեղեդային ու յուրօրինակ կատարմամբ աչքի ընկավ երգչուհի, երգահան Մարիամ Պետրոսյանը` «Fade» ստեղծագործությամբ: Իր հեղինակած երգում Մարիամը կոչ է անում երբեք ոչնչից չվախենալ ու առաջ շարժվել: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է երգի ստեղծման, «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցելու շարժառիթի մասին:
Եվրատեսիլյան երգի մասին
Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակն ինքս եմ, իսկ գործիքավորումն արել է Նիկ Էգիբյանը: Անկեղծ ասած՝ «Fade»-ը «Դեպի Եվրատեսիլ»-ի համար չէի գրել, իսկ նախագծին մասնակցելու որոշումը բավական ուշ կայացրի: Երկար ժամանակ մտածում էի՝ ուղարկել հայտը, թե ոչ: Բայց քանի որ այս անգամ արտիստներին վերջապես հնարավորություն ընձեռվեց իրենց հեղինակած երգերով ներկայանալ, ինձ այդ փաստը շատ դուր եկավ, որոշեցի օգտագործել հնարավորությունը: Խորհրդակցեցի Նիկ Էգիբյանի հետ, ու որոշեցինք իմ գրած շատ երգերից հենց «Fade»-ը ձայնագրել: Այդ ժամանակ երաժշտության հիման վրա գրեցի նաեւ բառերը՝ հատուկ «Դեպի Եվրատեսիլ»-ի համար: Որքան էլ երգը փոքր-ինչ մութ տարրեր ունի, ես փորձեցի տեղ-տեղ ցրել այդ մտածմունքներն ու պարզություն մտցնել հիմքում: Մտածեցի այնպիսի տեքստ գրել, որը ցույց կտա մեր աշխարհի վատ կողմերը, բայց միեւնույն ժամանակ կունենա նաեւ լուսավոր կողմ: Այս դեպքում կրկներգն է այդ լուսավոր կողմը, որտեղ ես հրաժեշտ եմ տալիս մթությանը, իմ պեսիմիստական մտքերին ու գնում եմ դեպի լուսավորություն:
Մարիամ Պետրոսյանը
Մարդկանց արձագանքի եւ բաղձալի հաղթանակի մասին
Թեեւ երգի ընտրությունը շատ արագ ստացվեց, ու չգիտեի՝ արձագանքներն ինչպիսին կլինեն, բայց մեկնաբանությունները հիմնականում դրական են: Ես բազմաթիվ երգեր ունեմ, որոնք երբեք չեմ ներկայացրել հանրությանը, այդ իսկ պատճառով որոշակի մտավախություն ունեի: Բայց հաճելիորեն զարմացած եմ, որ շատերն են հավանել: Իհարկե, կան նաեւ քննադատություններ, որոնք միանշանակ ընդունում եմ, կարեւորը՝ արտիստին չվիրավորեն:
Հաղթանակը, բնականաբար, հրաշալի երեւույթ է, բոլորին էլ հաղթանակ մաղթում եմ ոչ միայն այս մրցույթում, այլեւ առհասարակ կյանքում: Բայց կան, չէ՞, մարդիկ, ովքեր ասում են՝ կարեւորը հաղթելն է: Ես հրաժարվում եմ ընդունել այդ միտքը, որովհետեւ նոր արտիստների համար կարեւորը լավ ներկայանալն է: Օրինակ՝ ես հայտն ուղարկելիս մտածում էի՝ ինչ լավ հնարավորություն է ինձ համար ներկայանալ ունկնդրին որպես երգչուհի եւ որպես երգահան: Անկեղծ ասած՝ շատ արտիստների չէի ճանաչում, եւ ուրախ եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը մեզ հնարավորություն տվեց այդ հարթակում ներկայանալ: Երբ հարցնում են՝ ով է քո ֆավորիտը, հրաժարվում եմ պատասխանել, քանի որ յուրաքանչյուր մասնակից իր տեսակով եզակի է: Բոլորն էլ բավական տաղանդավոր են:
Մարիամ Պետրոսյանը
Նյու Յորքի մրցույթում հաղթելու եւ Լոնդոնում սովորելու մասին
Դրսում ներկայանալու եւ արտասահմանցի երաժիշտների հետ համագործակցելու փորձ նախկինում ունեցել եմ: Նախ՝ 2014 թվականին մասնակցեցի Նյու Յորքի «I Love New York» մրցույթ-փառատոնին եւ 16-25 տարեկանների անվանակարգում զբաղեցրի առաջին տեղը: Ներկայացա իմ հեղինակած երգով, որը նույնպես երբեք չեմ թողարկել. հատուկ այդ մրցույթի համար էի գրել: Երբ գնում էի մասնակցելու, անկեղծ ասած, էլի ոչ մի սպասելիք չունեի, պարզապես ուզում էի լավ ելույթ ունենալ: Մրցակցությունը շատ մեծ էր, իմ երգն էլ կրկին մեղեդային էր ու տարբերվում էր մյուս մասնակիցների երգերից: Բայց ստացվեց այնպես, որ միջազգային ժյուրին իմ երգը շատ հավանեց, ու ես հաղթեցի:
Դրանից հետո, երբ ավարտեցի Կոնսերվատորիան, ընդունվեցի Արեւմտյան Լոնդոնի համալսարան: Այնտեղ կային շատ արդյունավետ պրակտիկ դասեր, որոնց ընթացքում մենք տարբեր բենդերի հետ էինք աշխատում, երգեր էինք գրում ու ելույթ ունենում: Սկզբում շատ դժվար էր ինձ համար. պահանջները բավական խիստ էին: Բայց ուրախ եմ, որ ինձ նման բախտ վիճակվեց:
Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Պետրոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: