×


Մի քանի սպիի պատմություն. Զիրոյան

BRAVO.am-ի «Մանկությունից առ այսօր» խորագրի շրջանակում հայտնիները վերհիշում են իրենց մանկությունը եւ մեր ընթերցողների համար բացահայտում, թե ինչ իրեր են պահում այդ տարիներից առ այսօր: Դերասան Զիրոյանի հետ շրջել ենք իր մանկության բակում, զրուցել բակային կռիվների ու այդ օրերից ժառանգություն ստացած բազմաթիվ սպիների մասին:

«Իմ մանկությունը համընկել է մութուցուրտ տարիների հետ: Հաճախ լույս չէր լինում, մենք էլ բակում պահմտոցի էինք խաղում, հոլ, ճտիկ, հավալա: Մեր բակի դաշտը, որը հիմա վերանորոգված է ու հարմար ֆուտբոլ խաղալու համար, այն ժամանակ ամբողջովին քարքարոտ էր: Այդտեղ խաղում էինք, ընկնում, վնասվում: Թեւս «հալամուլա» խաղի ժամանակ եմ կոտրել: Հակառակորդ թիմից մի աղջիկ հետեւիցս շենքի մուտք եկավ, չհասցրի դուրս փախչել ու ընկա»,-պատմել է նա:


Պարզվում է՝ դերասանի առաջին բեմելը մանկապարտեզում է եղել.«Խմբակ կար: Փոքրիկ ներկայացում եմ խաղացել՝ Թումանյանի «Տերն ու ծառան»: Ես տերն էի, մանկությանս ընկերը՝ ծառան»,-վերհիշում է Զիրոյանն ու նշում, որ հենց այնտեղից են սկսվել նաեւ իր չարաճճիությունները.«Երկու տարեկան էի, երբ մանկապարտեզի բակում մոշ քաղելիս ընկա մոշի թփերի մեջ: Դեմքիս երկու սպի կա: Բայց ոչ մի սպիի համար չեմ զղջում: Ճիշտ է՝ այդ պահին ցավել է, բայց հիմա սպիներիս շնորհիվ գիտեմ, որ երջանիկ մանկություն եմ ունեցել»:

Զիրոյանը հիշել է նաեւ դպրոցական անցուդարձը.«Ընդունակ աշակերտ եմ եղել, բայց՝ ծույլ: Կային առարկաներ, որ սիրում էի, կային, որ՝ ոչ: Կռվարար եմ եղել. խոսքից խոսք էր բացվում, ու սկսվում էր վեճը: Չգիտեմ՝ ինչու, կռիվները միշտ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին էին: Մանկությանս ընկերոջ՝ Գրիգորի հետ, երբ դպրոցից տուն էինք գալիս, վերցնում էինք իմ հեծանիվն ու իր զենքը, ինքը հեծանվի դիմացն էր նստում, շրջում էինք բակում ու կրակում»:

Զիրոյանը


Կա եւս մի սպի, որը դերասանին հիշեցնում է իր արկածներով լի մանկությունը. «Հարեւանները մեզ հյուր էին եկել: Պահարանում տեսաերիզների հավաքածու ունեինք: Աթոռները դրեցի, բարձրացա ու… դե՛, գուշակեք. աթոռներն ընկնում են, ես էլ՝ աթոռներից: Ոչ ոքի չասացի, որ ընկել եմ, գնացի դասերս պատրաստելու: Գլուխս ցավում էր ու գրելիս տետրիս վրա արյան կաթիլ ընկավ: Պարզվեց, որ աչքիս վերեւի հատվածը վնասել եմ, գնացինք հիվանդանոց, ու կարեցին: Մինչեւ հիմա սպին կա»:

Զիրոյանի՝ մանկուց պահած իրը փոքրիկ խաղալիք է.«Մեր հարեւանի տանը բադիկ խաղալիք կար: Ինչքան գնում էի իրենց տուն, միայն այդ բադիկին էի ձգտում: Հենց բակ էի իջնում, գոռում էի, որ հարեւանը բադիկը տա, ու սկսում էի խաղալ(ծիծաղում է,-հեղ.)»:


Զիրոյանն ասում է՝ իր մանկությունը դեռ չի ավարտվել. չէ՞ որ այն կյանքի ամենաանկեղծ ու երջանիկ շրջաններից մեկն է.«Գալիս է պահ, որ տեսնում ես բակում խաղում են, ու քո մեջ էլ է ցանկություն առաջանում իջնել ու մասնակից դառնալ այդ խաղերին: Մանկությունը շրջան է, որը չի ավարտվում»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Brvao.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին