Այսօր վաղ առավոտից Երեւանի ժամանցի վայրերից մեկում նկարահանվում է Միհրան Ծառուկյանի նոր երգի տեսահոլովակը: “Թե կուզես”-ի երաժշտությունը գրել ու գործիքավորել է Էդգար Ալեքսանյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է. “Նոր ու դեռեւս չլսված գործ է, ծնվել է “Duetro” ստուդիայում”:
Միհրան Ծառուկյանը
Երգչի հետ տեսահոլովակում նկարահանվել են “Ամարաս” խմբի աղջիկները, իսկ մյուս մասնակիցներն “Ինդիվիդում քասթինգ”-ի կողմից հրավիրված երիտասարդներ են.“Այս անգամ ես չեմ պարի, բայց պարային հետաքրքիր հատվածներ կլինեն: Լինելու է հերոսուհի, որի դերում հանդես է եկել Մարիաննա Մկրտչյանը, եւ իր ընկերուհին: Որոշ կադրեր էլ տանն ենք նկարելու”,-BRAVO.am-ին պատմել է Միհրան Ծառուկյանը:
Միհրան Ծառուկյանն իր նոր տեսահոլովակի հերոսուհու հետ
Տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Երեմյանն է, օպերատորը` Միհրան Ստեփանյանը, երգչի ու պարողների ոճաբանն Արայիկ Գաբաջյանն է, իսկ պարերի բեմադրիչը` Վիկա Մարտիրոսյանը: Պարուհին նշել է, որ տեսահոլովակի նկարահանմանը պատրաստվելու համար ընդամենը երեք օր են ունեցել. “Չորրորդ օրն է, եւ արդեն նկարահանման վայրում ենք: Այս անգամ բացի աղջիկներից պարում են նաեւ տղաներ, որոնք “Ամարաս”-ից չեն, բայց երբեմն միասին աշխատում ենք”:
Վիկա Մարտիրոսյանը եւ "Թե կուզես" տեսահոլովակում նկարահանված պարողները
“Ամարաս”-ի գեղարվեստական ղեկավարի խոսքով` Միհրանի “Սիրո կինո” տեսահոլովակից հետո հաճախ է ստանում համագործակցության առաջարկներ. “Միհրանի պարելուց հետո նկատում եմ այն տենդենցը, որ շատ երգիչներ ուզում են խմբի հետ պարել: Այս երգը 6/8 ռիթմի մեջ է, նախորդ տեսահոլովակից կտարբերվի, ինքս էլ նոր պար եմ բեմադրել”:
"Թե կուզես"-ի պրեմիերան տեղի կունենա մինչեւ փետրվարի 10-ը, իսկ իր հաջորդ տեսահոլովակը Միհրան Ծառուկյանը նախատեսում է նկարահանել մեղեդային երգի հիման վրա.“Այն իմ դիապազոնը ցույց տալու հնարավորություն կտա”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: