×


Միստր X-ը չի՞ ամուսնանում

Արթուր Հակոբյանը, նույն ինքը` Միստր X-ն այս ամռան ընթացքում զբաղվում է իր հայալեզու չորրորդ ձայնասկավառակի երգերի ընտրությամբ, գործիքավորմամբ ու ձայնագրություններով, ընթացքում նաեւ հասցնում է հանգստանալ ու մասնակցել համերգների: Այսօր երեկոյան էլ երգիչը ելույթ է ունենալու Ջերմուկում` ՖԻԴԵ-ի կանանց շախմատի Գրան պրի մրցաշարի փակման արարողության ժամանակ:

Արթուր Հակոբյանն աշնանը Երեւանում մենահամերգ տալու նպատակ ունի


Երգիչը,  որը նախորդ տարի է նշանադրվել, դեռ չի ամուսնացել, իր փոխանցմամբ` այս տարի հարսանիք չի պլանավորել, փոխարենը նախատեսում է մինչ տարեվերջ ներկայանալ մենահամերգներով, նոր ձայնասկավառակով ու տեսահոլովակով. “Տեսահոլովակ նկարելու համար ուզում ենք հասնել Դուբայ կամ Շրի Լանկա, ամեն ինչ կախված է ֆինանսից ու ժամանակից: Իսկ ձայնասկավառակի համար ընտրել եմ հայ հեղինակների երգեր, այդ թվում` 5-6 երգ իմ գրածներից: Սկզբում հայկական շուկայի համար հայերեն լեզվով կլինի, հետո բոլոր երգերը անգլերեն տարբերակով կթողարկվեն արտերկրի շուկայի համար”:

“Տեսահոլովակ նկարելու համար ուզում ենք հասնել Դուբայ կամ Շրի Լանկա”. Արթուր Հակոբյան


Արթուրը CD-ում նաեւ ընդգրկելու է Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի ստեղծագործություններից մեկը. “Հիացած եմ նրա ներքին հոգեւոր հարստությամբ ու տաղանդով. տարբեր ժանրերի երգեր է գրում: Այժմ աշխատում ենք իր գրած երգի վրա, որը կանվանենք “Վերջին կամ հրաժեշտի տանգո””:

Երգիչը դեռ չգիտի` իր որ անվամբ կներկայացնի ձայնասկավառակը. “Այդ հարցում կողմնորոշվելու համար ինձ կօգնեն իմիջմեյքերները: Հաճախ ինձ հիշում են որպես Միստր X, կարծում եմ` բեմական անունս միշտ էլ կմնա ինձ հետ: Եթե մեծ շոու-համերգ անեմ, երեւի նորից դիմակով բեմ դուրս կգամ, ինչպես ինձ ընդունել է հանդիսատեսը”:

“Կարծում եմ` բեմական անունս միշտ էլ կմնա ինձ հետ”. Արթուր Հակոբյան


Նրա կարծիքով` ձայնասկավառակ ունենալը երգչի համար կարեւոր է, այն հիմնականում լավ է վաճառվում շնորհանդեսի եւ համերգների ժամանակ. “Եթե համերգիդ նոր երգեր ես ներկայացնում, հանդիսատեսն ուզում է այդ երգերն ունենալ: Ոչ բոլորն են գնում տուն ու համացանցով ներբեռնում, մանավանդ մեծ տարիքի մարդիկ: Նրանց համար ավելի հեշտ է վճարել ձայանսկավառակի համար ու միանգամից բոլոր երգերը լսել”:

Ինչպես BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգիչը, հաճախ է համերգներով մեկնում արտերկիր, աշխատանքային օրակարգում արդեն պլանավորված մի քանի համերգ ունի. դեկտեմբերի 2-ին նախատեսված է մենահամերգ Լոս Անջելեսում, մինչ այդ էլ նոյեմբերին համերգներով կմեկնի Կանադա` Տորոնտո. “Ամերիկյան համերգին այստեղից մեծ նվագախումբ է գալու ինձ հետ, կենդանի հնչողությամբ մեծ համերգ կլինի: Եթե հասցնեմ մինչ մեկնելս` հոկտեմբերին, Երեւանում փոքրիկ համերգ կկազմակերպեմ, որ նախորդ տարիների մենահամերգներիս ավանդույթը պահպանեմ:)”:

Արթուր Հակոբյանն այսօր ելույթ կունենա Ջերմուկում


Երգիչը հաճախ է ելույթ ունենում հատկապես Կանադայում իր երաժիշտ ընկերոջ` Արամիկ Մուսախանյանի հրավերով. “Շատ նախաձեռնող է, կազմակերպչական հարցերով նա է զբաղվում, միեւնույն ժամանակ կիթառահար է եւ Կանադայում այլազգի երաժիշտների հետ խումբ ունի: Այնտեղ մասնակցում եմ շատ տարբեր համերգների, միջոցառումների ու բարեգործական ակցիաների”:

Զբաղված լինելով ձայնասկավառակի աշխատանքներով`Միստր X-ը երկար ժամանակով չի մեկնի հանգստի. “Գնում եմ բնության գրկում մեկ օրով հանգտանում ու վերադառնում եմ, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել, պետք է մինչ համերգներս ձայնագրվեմ երգերը, որ նաեւ կազմակերպվի շնորհանդեսը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Միստր X-ի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW