×


Ֆրանսուհի Նադեան այսօր կերգի Հյուսիսային պողոտայում

Եվրոպայի օրվա առիթով այսօր Հյուսիսային պողոտայում տոնական բացօթյա միջոցառումներ տեղի կունենան, որոնց ընթացքում կներկայացվի Եվրոպայի մշակութային բազմազանությունը եւ ԵՄ-Հայաստան համագործակցությունը:

"Երեւանում շատ բարի մարդկանց եմ հանդիպել, որոնք մեծ ու բարի սիրտ ունեն".Նադեա


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հանրային տոնակատարության շրջանակում անակնկալ կմատուցի հայ հանդիսատեսին. երեկոյան ժամը 20:00-ին ֆոլք-համերգ կսկսվի, որին մասնակցելու համար Ֆրանսիայից Երեւան է ժամանել շիկահեր, գրավիչ, բարձրահասակ երգչուի Նադեան:

Հատուկ հյուրը խոստացել է, որ համերգի ընթացքում հայ կատարողների հետ հայկական եւ եվրոպական երաժշտության հետաքրքիր միախառնում կներկայացնեն: Նշենք, որ Նադեայի երեւանյան համերգին երգչուհուն նվագակցելու են “Cross Blues Band”-ի տղաները:

Նադեան եւ “Cross Blues Band”-ը


Նադեան մինչ հայ հանդիսատեսին ներկայանալը զրուցել է BRAVO.am-ի հետ եւ կիսվել Երեւանից ու բենդի հետ փորձերից ստացած տպավորություններով: Նա երգեր է գրում, կիթառ նվագում եւ սիրում է բեմի վրա պարել: Երգչուհու սիրելի զբաղմունքների շարքում են նաեւ գրելը, կերակուր պատրաստելը, ուտելն ու բոուլինգ խաղալը:):

Սա Նադեայի առաջին այցն է Երեւան: Աղջիկը մեր մայրաքաղաք է ժամանել երկու օր առաջ, փորձերի խիտ գրաֆիկի հետ մեկտեղ հասցրել է զբոսնել եւ մեծ տպավորություններ ստանալ: Ինչպես նշել է, նախկինում էլ շատ է լսել մեր երկրի ու քաղաքի մասին. Միացյալ Նահանգներում բնակվող ամենամտերիմ ընկերը հայ է:

Երգչուհի Նադեան նախապատրաստվում է երեւանյան համերգին


“Շատ լավ եղանակ է: Շատ բարի մարդկանց եմ հանդիպել, որոնք մեծ ու բարի սիրտ ունեն: Ռուսաստանում կամ Արեւելյան Եվրոպայում այդպես չէ` մարդիկ շատ սառն են: Այստեղ զբոսնում էինք, ծաղկավաճառ կին մոտեցավ ու ծաղկեփունջ նվիրեց, ասաց` նվեր է”,-պատմել է երգչուհին:

Նադեան Երեւան է բերել նաեւ իր հավատարիմ կիթառը, որի վրա 1950-ական թվականների նկարներ կան: “Հարեւանս իր սեղանին ծածկոց էր գցել, որի վրա հին թերթերի էջերից հատվածներ էին պատկերված, ինձ շատ դուր եկավ: Հեռուստատեսային շոուի էի պատրաստվում, մտածեցի` առանց այս նկարների մարդիկ կկարծեն, թե կիթառս ռոքային է: Այս նկարների շնորհիվ խառնեցի նաեւ երաժշտաոճս` ջազ, ռոք, ալտերնատիվ ռոք: Եվ հետո կիթառս իմը դարձավ, ու ոչ ոք երբեք չի կարողանա գողանալ այն:)”:

Նադեան այսօր կերգի Հյուսիսային պողոտայում


Երգչուհին խոսովանել է, որ ոգեշնչվում է այն ամենից, ինչ շրջապատում է իրեն, երեւանյան տպավորությունների արդյունքում էլ գուցե նոր երգ ծնվի. “Երբ նոր ալբոմ ներկայացրի, բոլորը կարծեցին, թե հիասքանչ երեւակայություն ունեմ: Բայց բոլոր երգերս էլ իրական կյանքում տեղի ունեցածի մասին է”: 

Նադեայից բացի, Եվրոպայի օրվան նվիրված համերգին ելույթ կունեան “Լոս լոկոս” խումբն ու Մարիանա Պողոսյանը` հնչեցնելով իսպանական  ֆլամենկո, ինչպես նաեւ “Miqs Art Project”-ի հայկական ժողովրդական գործիքների կատարումները կհամադրվեն DJ Vakcina-ի պարային ռիթմերի հետ:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին  Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW