Նելլին ու Րաֆֆին իրենց ուժերն են փորձում բիզնեսի ոլորտում. ամուսիններն այժմ զուգահեռ մի քանի աշխատանքով են զբաղվում, ինչի մասին երգչուհին պատմել է BRAVO.am-ին: Ֆուտբոլիստ Րաֆֆի Սաֆարյանը բացել է մարզական կենտրոն, Նելլին էլ նրան աջակցում է կազմակերպչական հարցերում:
Նելլին եւ Րաֆֆին` իրենց դստեր հետ
“Ամուսինս ամենից շատ սիրում է սպորտով զբաղվել եւ իր տարիքը թույլ է տալիս շարունակել ֆուտբոլային կարիերան, բայց որոշել է որպես մարզիչ հանդես գալ: Արդեն ֆուտբոլային մեծ թիմ է հավաքել, ցանկանում է, որ իր սաները առաջնության մասնակցեն”,-պատմել է երգչուհին:
Նելլին եւս հաճախում է ֆիտնեսի դասերի.“Թեեւ ճկուն չեմ, բայց Րաֆֆիի քրտնաջան աշխատանքի շնորհիվ հուսամ, որ էլաստիկ կդառնամ. պարապմունքների ժամանակ բավական շատ նկատողությունների եմ արժանանում:): Իսկ մեր աղջիկը դեռ փոքր է եւ հաջորդ տարվանից կսկսի մարզվել”:
Րաֆֆին` դստեր եւ ֆուտբոլային թիմի հետ
Երգչուհու խոսքով՝ ընտանեկան բիզնեսն արդարացրել է իրենց սպասելիքները. “Ամուսինս ավելի շատ նպատակ ունի ոչ թե գումար աշխատել, այլ իր ունեցած փորձն ու գիտելիքը փոխանցել նոր սերնդին: Առողջ ապրելակերպ է քարոզում բոլորին՝ եւ՛ աղջիկներին, եւ՛ տղաներին”:
Ինչպես BRAVO.am-ին պատմել է Նելլին, սիրում է բիզնես ոլորտը եւ մեկ այլ նորություն էլ ունի. նա դարձել է դիզայներ Վահան Խաչատրյանի նոր խանութ-սրահի գործադիր տնօրենը.“Ես ու ամուսինս Վահանի հետ վաղուց մտերիմ ենք, նրա շնորհիվ էլ ծանոթացել ենք: Վահանն իմ հարսանեկան զգեստի հեղինակն է, նաեւ իմ նոր տեսահոլովակի ռեժիսորն ու ոճաբանը: Իմանալով, որ սիրում եմ բիզնեսով զբաղվել, անգամ կարողանում եմ գլուխ հանել, առաջարկեց, որ ստանձնեմ աշխատակազմի ղեկավարի գործը: Մի քանի օրից միասին կմեկնենք Միլան` ներկրելու այնտեղ կարված նոր տեսականին”:
Նելլին` իր նոր տեսահոլովակի նկարահանումներին
Նա երաժշտական ասպարեզում եւս շարունակում է աշխատել. արդեն տեղեկացրել ենք, որ դադարից հետո կներկայանա “Մի, մի արի” երգի տեսահոլովակով, որն այժմ մոնտաժման փուլում է.“Երկար լռությունից հետո ընկերներիս հետ քրտնաջան աշխատել եմ եւ անհամբեր սպասում եմ արդյունքին: Այնքան եմ անհանգստանում, կարծես, իմ առաջին տեսահոլովակը լինի: Սցենարի առումով բարդ էր, քանի որ նկարահանել ենք շուրջ 18 տեսարան՝ լողավազանում, տանիքում, սրճարանում, գեղեցկության սրահում, պետքարանում, փողոցում եւ այլուր: Ինձ համար հերթական տեսահոլովակ չէ…”:
BRAVO.am
Լուսանկարները` Նելլի եւ Րաֆֆիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: