Երեւանյան հանդիսատեսին նոր երգեր մատուցելու ցանկությունն ու հայ ընկերների հանդեպ մեծ սերն էթնո-ջազ երգչուհի Նինո Քաթամաձեին կրկին բերել էին մեր մայրաքաղաք: Վրացուհին մարտի 9-ին ու 10-ին “Yans” ակումբում մենահամերգներ է ունեցել իր “Insight” բենդի հետ ու կատարել նոր` “Green” ալբոմի, ինչպես նաեւ իր հին ու սիրված ջազ գործերը: BRAVO.am-ը ներկա է եղել առաջին օրվա մենահամերգին, երբ երգչուհուն անակնկալ են մատուցել համերգի կազմակերպիչները:
Նինո Քաթամաձեն
Ողջունելով ակումբում հավաքվածներին` Քաթամաձեն իր երաժիշտ ընկերոջը` Վազգեն Ասատրյանին, շնորհակալություն հայտնեց համերգային հրավերի համար. “Երեւանն ընկերներիս համար եմ սիրում: Երբ պետք է Երեւան գամ, միշտ հարցնում եմ, Վահագուշկան այնտե՞ղ է լինելու:): Շատ եմ սիրում, որ միասին իմպրովիզներ ենք անում”, - ասաց երգչուհին ու կատարեց ջազմեն Վահագն Հայրապետյանին նվիրված նոր երգը: Մոտ երկու ժամ տեւողությամբ համերգային երեկոյի ընթացքում նա մի քանի անգամ բեմ հրավիրեց Երեւանի գլխավոր “Կատվին”, որը ոչ միայն նվագում էր, այլեւ ձայնակցում ու իմպրովիզներ էր անում վրաց երաժիշտների հետ:
Վահագն Հայրապետյանը
Նինոն իրեն բնորոշ անմիջականությամբ շփվում էր ներկաների հետ, երբեմն բեմից իջնում ու քայլում էր սրահում, գրեթե ամեն երգից հետո կրկնում էր “ցավդ տանեմ” արտահայտությունն ու օդային համբույրներ էր հղում հանդիսատեսին: Ներկաներն էլ երբեմն ձայնակցում էին նրան, հատկապես "Օլեյ" երգի ժամանակ դահլիճը երգչուհու հետ միաձայն երգում էր:
Մհերը ներկա է եղել Նինո Քաթամաձեի երեւանյան համերգին
Հանդիսատեսի շարքերում նստած երգիչ Մհերը գրավել էր Քաթամաձեի ուշադրությունը. նրանք միասին հանպատրաստից երգեցին, որից հետո նա Մհերին կրկին հրավիրեց բեմ` ձայնակցելու իրեն: Երգչուհու համար անակնկալ էին պատրաստել համերգի կազմակերպիչները. նրա հետ ելույթ ունեցան երիտասարդ ջազ երգչուհի Մարինա Հակոբյանն ու շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը կամ ինչպես նրան հաճախ անվանում են` “Mr. Harmonica”-ն:
Նինոն նաեւ մարտի 8-ի առթիվ շնորհավորեց կանանց` ավելացնելով.“Եթե կանայք մայր են, ապա տղամարդիկ լավ են աշխատում: Կներեք “խուլիգան” խոսքերիս համար:): Ուզում եմ, որ Աստծուց տրված ամեն րոպեն գնահատենք եւ ուրախ ապրենք”:
Նինո Քաթամաձեի երեւանյան համերգին
40-ամյա վրացուհին ոչ միայն երգում, այլեւ բենդի հետ հարվածային ու ստեղնաշարային գործիքներ է նվագում: Տասը տարուց ավելի նա համերգներ է տալիս “Insight” խմբի կիթառահար Գոչա Կաչեիշվիլիի, բաս-կիթառահար Ուչա Գուգունավայի եւ հարվածային գործիքներ նվագող Դավիդ Աբուլաձեի հետ: Մեներգչուհին կատակելով նշեց, որ թեեւ սկզբում տղամարդկանց հետ դժվար էր, բայց որպես կին ավելի է արժեւորվել. “Ինձ համար կարեւոր է, որ հարազատ մարդկանցով եմ շրջապատված: Միմյանց շատ լավ ենք ճանաչում, մենք ոչ թե պարզապես համագործակցում, այլ միասին ապրում ենք”: Խմբի հիմնադիր-անդամ Գոչա Գաչեիշվիլին էլ հաստատեց նրա խոսքերն ու հավելեց, որ հոգեւոր կապվածությունն ու մտերմությունը թիմում շատ ուժեղ է:
Նինո Քաթամաձեի երեւանյան համերգին
Քաթամաձեն նաեւ հանդիպում է ունեցել լրագրողների հետ եւ պատմել, որ իրեն հատկապես դուր է եկել մենահամերգի եզրափակիչ հատվածը.“Երբ Վազգենը սոլո-կիթառ էր նվագում, Վահագնը` ձայնակցում, երիտասարդ երաժիշտներն ինձ հետ միասին բեմում էին, շատ էի զարմացել, նույնիսկ ուզում էի արտասվել”:
Երգչուհու համոզմամբ` ջազը երաժշտական ժանր է, որը տալիս է բոլոր հարցերի պատասխանները: Նա երգում է աշխարհի տարբեր ջազային դահլիճներում, ակումբներում, բաց բեմերում, նշում է` երբեւէ չի երգի եկեղեցում. “Եկեղեցում նույնիսկ ստորագրություն չեմ տալիս: Այնտեղ հիանալի երգչախումբ է երգում, ես ինձ թույլ չեմ տա երգել, իմ կողմից էգոիզմ կլինի”:
Նինո Քաթամաձեն եւ “Insight” բենդը մենահամերգից րոպեներ առաջ
Քանի որ իր ձայնասկավառակներն ունեն գունային անուններ` “Սպիտակ”, “Սեւ”, “Կապույտ”, “Կարմիր”, "Կանաչ", Նինոն մտածում է` գույներից հետո կանցնի բնական երեւույթներին` քամի, կրակ եւ այլն, իսկ ինքն իրեն ասոցիացնում է սպիտակ գույնի ու քամու հետ:
Տարվա ընթացքում երգչուհին ընդամենը մեկ-երկու ամիս է տանը լինում, ասում է` շրջագայության մեկնելիս միշտ նույն ճանապարհով է անցնում. “Երբեմն էական տարբերություն չկա, թե որ երկրում եմ գտնվում` Նյու-Յորքում, Փարիզում, թե մեկ այլ քաղաքում: Ինքնաթիռից իջնելով` նստում եմ ավտոմեքենա, գնում հյուրանոց, հետո` համերգի վայրը, քանի որ ինձ համար առաջնայինը իմ ելույթի որակական մասն է”:
Վազգեն Ասատրյանը եւ Ռոզի Արմենը
Նինո Քաթամաձեն համոզված է` երեւանցիները սիրում ու ընկալում են ջազը: Նա մեր մայրաքաղաքում համերգ է ունեցել նաեւ 2008 թվականին տեղի ունեցած “Հայկական ջազ 70” նախագծի շրջանակում եւ 2011-ի մարտին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: