×


Նորությունների տեղատարափ` Արսեն Գրիգորյանից

Արսեն Գրիգորյանը հունվարի 15-ին առաջին անգամ կտեսնի նորածին որդուն. նրա կինը եւ երեխաները Ֆրանսիայից Հայաստան դեռ չեն վերադարձել, իսկ մինչ այդ` ամսի 14-ին, կկայանա երգչի “Երանի” երգի տեսահոլովակի պրեմիերան, որը կներկայացնի նաեւ BRAVO.am-ը:

Արսեն Գրիգորյանը դստեր հետ


Այս երգը երաժիշտը գրել է 2002 թվականին, բայց միայն հիմա է որոշել տեսահոլովակով ներկայացնել: Ի դեպ, “Երանի”-ն կընդգրկվի նաեւ նրա նոր ձայնասկավառակում, որը նախատեսել է թողարկել իր ծննդյան օրը` հունիսի 23-ին:

Արսեն Գրիգորյանն իր տարեդարձը նշանավորելու է նաեւ երեւանյան մենահամերգով, որը տեղի կունենա “Արամ Խաչատրյան” մեծ համերգասրահում. “Նախապես որոշել էի ելույթ ունենալ փետրվարի 14-ին, բայց մարզերում համերգների մեջ եմ լինելու, ծննդյանս օրն ավելի հարմար տարբերակ է: Հիմա նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, տեսահոլովակների վրա ենք աշխատում ու ձայնագրում նոր ձայնասկավառակիս երգերը”:

Արսեն Գրիգորյանի կինը` Ջուլիետան, եւ մեկ ամսական որդին


“Երանի” երգի տեսահոլովակը նկարահանվել է Երգի թատրոնի դահլիճում, ռեժիսորը Խաչիկ Եղոյանն է, օպերատորը` Կարեն Ստեփանյանը. “Սիրուն լույսերով ու կադրերով տեսահոլովակ կլինի: Քանի որ երգը ձայնագրելիս երաժշտական գործիքների կենդանի հնչողություն ենք ապահովել, ինձ հետ դահլիճում նկարահանվել են նաեւ երաժիշտները` Կարո Սարաֆյանը, Պերճ Նահապետյանը, Սերգեյ Այվազյանը եւ այլք”:

Երաժիշտներ Կարո Սարաֆյանը, Պերճ Նահապետյանը, ռեժիսոր Խաչիկ Եղոյանը, երաժիշտ Սերգեյ Այվազյանը, Արեն Գրիգորյանը եւ դիմահարդար Աղունը


Արսեն Գրիգորյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ 2013 թվականի ընթացքում պատրաստվում է դուետներով հանդես գալ Հասմիկ Կարապետյանի, Արման Հովհաննիսյանի ու Նունե Եսայանի հետ. “Ուզում եմ մենահամերգին գոնե դրանցից երկուսը պատրաստ լինի: Ըստ երգի` ընտրում եմ, թե ում հետ կարելի է դուետ կատարել ու առաջարկում եմ”:

Դավիթ Թուջարյանը, Արման Հովհաննիսյանը եւ Արսեն Գրիգորյանը


Երգիչը նաեւ զուգերգ ունի իր կնոջ հետ, որը նվիրված է աղջկան` Ինեսին, բայց ինչպես նշել է, այն հանրությանը չի ներկայացվի. “Այդ դուետը ընտանեկան բնույթ է կրում, չեմ ուզում մասսայականացնել, թեեւ սիրուն երգ է, բայց անձնական է:)”:

Արսենն առաջիկայում նախատեսում է եւս երկու տեսահոլովակ ներկայացնել. իր հեղինակած լիրիկական երգերից մեկը կոչվում է “Ես ու դու”, մյուսը` “Ոնց ասեմ”, որոնք տարվա ընթացքում պատրաստ կլինեն:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Արսեն Գրիգորյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW