“Դիվանագետներն ու արվեստագետները` կարիքավոր ընտանիքներին” նախաձեռնության շրջանակում դեկտեմբերի 20-ին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացել է ամանորյա բարեգործական միջոցառում` նկարների ցուցահանդես-վաճառք եւ համերգ:
Հասմիկ Կարապետյանը եւ Շուշան Պետրոսյանը
Այս ակցիայից ստացված հասույթն ուղղվելու է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի մանկապարտեզը նորոգելու նպատակով հիմնադիր կապիտալ ստեղծելուն եւ “Հայ Ձմեռ պապ” հիմնադրամի` Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում բնակվող սոցիալապես անապահով շահառու ընտանիքներին օժանդակելու նպատակներին:
“Հայ Ձմեռ պապ”-ը լրագրողական բարեգործական հիմնադրամ է, որն օգտագործում է մուլտիմեդիա գործիքներ: Haysanta.am կայքում տեղադրվում են լրատվամիջոցների սոցիալական թեմաներ արծարծող հոդվածներ, որոնց հիման վրա պատրաստվում են կարճամետրաժ ֆիլմեր ու ֆոտոշարքեր. “Ամեն տարի նկարահանում ենք ութ ընտանիքի պատմություն` Հայաստանի սահմանամերձ գյուղերից, Արցախից, այս տարի առաջին անգամ նաեւ Ջավախքից”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշել է “Հայ Ձմեռ պապ” բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:
“Հայ Ձմեռ պապ” բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը
Բարեգործական երեկոյի առաջին հատվածում ցուցադրվել են կարճամետրաժ ֆիլմերը, ներկայացվել տարվա ընթացքում արված աշխատանքները, նաեւ ելույթ են ունեցել Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, որոնք նախաձեռնության համահեղինակներից են:
Արմինե Պետրոսյանի խոսքով` հիմնադրամն անվանել են “Հայ Ձմեռ պապ”, քանի որ փորձում են իրականացնել սոցիալապես անապահով մարդկանց երազանքները` նշելով, որ բարեգործությունը մեծահոգություն չէ, այն յուրաքանչյուրիս պարտականությունն է. “Վազաշենը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական դիրքերով, ցավոք, մեր հրաշալի ու բարեբեր հողը չի մշակվում, բայց այնքան համեղ միրգ է աճում, որ կարելի է արտադրություն կազմակերպել: Մենք գյուղացիների համար ուզում ենք պատրաստել չորանոց, որ կարողանան մշակած միրգը չորացնել ու վաճառել, նաեւ նպատակ ունենք այնտեղի վեց ընտանիքի բաժանել փեթակներ, որ մեղվաբուծությամբ զբաղվեն”,- պատմել է նա` հավելելով, որ ցանկության դեպքում կարող են միանալ բոլոր աջակիցներն ու գաղափարակիցները:
Արսեն Գրիգորյանը, Շուշան Պետրոսյանը եւ Հասմիկ Կարապետյանը
Հեղինակ-կատարողները բարեգործական համերգների թիմ են ձեւավորել
Համերգային ծրագրի նախաձեռնողն է եղել Շուշան Պետրոսյանը, որը վաղուց մտերիմ է Արմինե Պետրոսյանի հետ եւ նրա առաջարկով միացել է բարեգործական ակցիային ու իր երգիչ գործընկերներին եւս համախմբել այս նպատակի շուրջ. “Արմինեի հետ երկար ժամանակ շփում չունեի: Բոլորովին վերջերս ինձ նամակ գրեց, պատմեց իր ծրագրերի մասին, որոշեցի անպայման միանալ: Քանի որ մենք` երգիչներս, նվիրյալների թիմ ունենք, ամեն տարի մեկ ամսով գնում ենք սահմանին մոտ գտնվող զորամասեր, երգում զինվորների համար, մի մասն այսօր էլ երգում են, մի քանիսն էլ զբաղվածության պատճառով այստեղ չեն, բայց չի քննարկվում, իրար չենք հարցնում, այլ “հնաբնակներով” միշտ մասնակցում ենք: Հուսով եմ, այս ակցիան էլ իր շարունակությունը կունենա”, - BRAVO.am-ին ասել է երգչուհին:
Էմմա Պետրոսյանը եւ Արամոն
Համերգային հատվածում ներկաների համար երգել են Արամոն, Էմմա Պետրոսյանը, Հասմիկ Կարապետյանը, Մրրոն, Դավիթ Ամալյանը, Արսեն Համբարյանը, Ալին Գոյանը եւ Շուշան Պետրոսյանը:
Արսեն Համբարյանը ակապելա կատարել է Կոմիտասի “Մոկաց Միրզա” ստեղածագործությունը եւ նշել, որ շատ կարեւոր է աջակցել սահմանամերձ գյուղերի բնակիչներին. “Միգուցե հայ ազգի ապագա Կոմիտասն այդ գյուղերից մեկում է ապրում: Մենք ինչ տալիս ենք այսօրվա սերնդին, դա էլ վաղը ստանալու ենք նրանցից”:
Հասմիկ Կարապետյանն իր գործընկերուհուց` Շուշան Պետրոսյանից տեղեկացել է եւ ուրախությամբ համաձայնել ակցիայի մասնիկը դառնալ ու ելույթ ունենալ. “Բարեգործական համերգների հրավերներ հաճախ եմ ստանում: Ուրախ եմ, որ կան հիմնադրամներ, որոնց վստահում եմ եւ գիտեմ, որ ակցիան կծառայի իր նպատակին”:
Ալին Գոյանը
Արսեն Գրիգորյանը` Մրրոն, կատարել է հայկական երգերի շարան` ընդգծելով, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները իսկական սահմանապահ են. “Փառք ու պատիվ մեր սահմանապահ ժողովրդին: Մի քանի երգիչներով միշտ գնում, երգում ենք, շատ հաճախ մասնակցում տարբեր բարեգործական համերգների: Ամեն մարդ էլ իր մասին մտածում է, բայց մի քիչ էլ թող մտածի իր մերձավորների եւ անծանոթ մարդկանց մասին”:
“Սիրո աշխարհ” զուգերգով Հասմիկ Կարապետյանն ու Շուշան Պետրոսյանը եզրափակել են բարեգործական համերգը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: