×


“Ոչխարների խուզում” Տաթեւում :)

Մի քանի տասնյակ երեւանցիներ եւ արտասահմանից ժամանած զբոսաշրջիկներ մայիսի 3-ին ուղեւորվել էին Տաթեւ` մասնակցելու Հայաստանում եւ ամբողջ տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող “Ոչխարների խուզում’’ փառատոնին, որի ընթացքում խուզվել է 15 ոչխար եւ 7 գառնուկ:):

“Ոչխարների խուզում” Տաթեւում


Տաթեւի հարակից գյուղերից 7-ը ներկայացրել են իրենց ավանդական ուտեստները,  ոչխարի պատկերներով եւ խորհրդանիշներով ձեռքի աշխատանքները, իսկ համայնքներից 3-ը մրցել են` ամենաարագ եւ որակյալ խուզումն իրականացնելու համար: Միջոցառման երաժշտական մասն ապահովել է DJ Vakcina-ն, բացի այդ, ելույթ է ունեցել “Կարին” երգի եւ պարի համույթը:

“ՏաԹեւեր” ճոպանուղու “Հալիձոր’’ կայանի հարակից տարածքում կազմակերպված փառատոնի գաղափարի հեղինակը Հայաստանում Նորվեգիայի Թագավորության պատվավոր հյուպատոս եւ “Հայրենիքի զարգացման նախաձեռնություններ” հիմնադրամի հիմնադիր Թիմոթի Սթրեյթն էր: Նա ներկայացել էր ոչխարների պատկերներով թիթեռնիկ-փողկապով եւ մեզ հետ զրույցում նշել է, որ այն ձեռք է բերել հայ դիզայներից:).“Այս փառատոնը լայն ճանաչում ունի ԱՄՆ-ում, Շոտլանդիայում, Նոր Զելանդիայում եւ Իռլանդիայում”,-հայտնել է Սթրեյթը:

Թիմոթի Սթրեյթը


Վարպետ Խաչիկն էլ պատմել է, որ մեկ ոչխարի խուզումը տեւում է մինչեւ 25 րոպե, պետք է խուզել տարին երկու անգամ, իսկ խուզելուց առաջ կենդանուն կերակրում են, որպեսզի շատ չվախենա: Մեր խնդրանքն` իր օգնությամբ փորձել մեկ ոչխար խուզել, նա մերժել է:).“Դուք երբեք չեք սովորի ոչխար խուզել, կենդանուն հաստատ կմորթեք’’:

Ոչխարների խուզումից հետո բուրդը երկար ճանապարհ է անցնում մինչեւ կարպետի վերածվելը: Փառատոնի մասնակիցներից Գորիսի Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչներից տիկին Ալվարդը վարպետության դաս է իրականացրել` ցուցադրելով բուրդ հատելու, թել մանելու, գունավորելու, այնուհետեւ նաեւ կարպետ գործելու հմտությունները.“Անկողին, գուլպաներ, գորգեր, կարպետներ ենք ստեղծում բրդից, մինչեւ այսօր էլ մեր աղջիկների բաժինքը բրդից ենք պատրաստում”,-նշել է նա:

“Ոչխարների խուզում” փառատոնին


Երեւանից Գայանեն էլ ոչխարի պատկերներով բարձեր է ներկայացրել` խորհուրդ տալով հետեւյալը.“Եթե ոչխարներ հաշվելը չի օգնում քնել, այս բարձերն այդ խնդիրը կլուծեն:)”:

Գորիսից հայր եւ որդի Նորայրն ու Լեւոնը վերջին մեկ ամսվա ընթացքում հասցրել են պատրաստել ոչխարի պատկերներով աթոռներ, կախիչներ եւ ժամացույցներ: Փառատոնի շրջանակում ամուսնու եւ որդու աշխատանքները հպարտորեն ներկայացրել է ընտանիքի մայրը` բացատրելով դրանց յուրահատկությունները: Ինքնատիպ էին նաեւ Սիսիանից Վահագնի եւ Զառայի հեղինակած կավե բաժակները:

“Ոչխարների խուզում” Տաթեւում


Փառատոնի աջակիցներն ու հովանավորներն էին “Տաթեւի Վերածնունդ” եւ “Հայրենիքի զարգացման նախաձեռնություն” հիմնադրամները, “Կիլիկիա” գարեջրի գործարանը, “Ռազմավարական զարգացման գործակալություն’’ ՀԿ-ն, “Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության” գործակալությունը եւ “Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության’’ ծրագիրը:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW