×


“Պատանի պարողների Եվրատեսիլ 2013”-ի Հայաստանի ներկայացուցիչը կմեկնի հաղթելու :)

“Պատանի պարողների Եվրատեսիլ 2013”-ի Հայաստանի ներկայացուցիչը 17-ամյա Վահագն Մարգարյանն է: Մեր առաջին մասնակցությամբ մրցույթը տեղի է ունենալու հունիսի 14-ին` Լեհաստանի Գդանսկ քաղաքում:

Գոռ Սուջյանը, Գոհար Գասպարյանը եւ Վահագն Մարգարյանը


Փետրվարի 23-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում հայաստանյան եզրափակիչ փուլ անցած 16-ից 21 տարեկան 11 մասնակիցը ներկայացրել է իր մենապարը, իսկ վերջում` Արինա Արարատյանի բեմադրած պարի ժամանակ էլ նրանք ցուցադրել են խմբով պարելու իրենց հմտությունները:

Նախքան հաղթողի անունը հրապարակելը, զուգապարով են ներկայացել Ռուբեն Մուրադյանն ու Աննա Կոստանյանը, ինչպես նաեւ երգել է “Եվրատեսիլ 2013”-ի Հայաստանի մասնակից Գոռ Սուջյանը, այնուհետեւ հաղորդավար Գոհար Գասպարյանի հետ հայտնել հաղթող պարողի անունը:

“Պատանի պարողների Եվրատեսիլ 2013”-ում Հայաստանը կներկայացնի Վահագն Մարգարյանը


Վահագն Մարգարյանը սկսել է պարել 12 տարեկանից, այժմ սովորում է Պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժնի 3-րդ կուրսում: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է, որ մեկ տարի ժողովրդական պարեր սովորելուց հետո ընտրել է դասականը.“Ճիշտն ասած, ինձ համար այդքան կարեւոր չէր, որ ես հաղթեի, իմ ընկերների հետ էի մասնակցում, կուզեի` մի քանի հոգի հաղթեին: Չէի կարծում, որ իմ անունը կասեն: Շատ ուրախ էի, բոլորը շնորհավորում էին, շատ էի լարվել”:

Վահագնն առաջին անգամ է մասնակցելու միջազգային մրցույթի, նշել է` պատասխանատվությամբ  է վերբերվում իր մասնակցությանը. “Դժվար է, որովհետեւ ամբողջ Հայաստանն եմ ներկայացնելու, ոչ թե ինքս ինձ: Երբ Գոհար Գասպարյանը եկավ մեր քոլեջ ու տեղեկացրեց այս մրցույթի մասին, շատերն էին խորհուրդ տալիս, որ ուժերս փորձեմ, ես էլ որոշեցի մասնակցել: Նախ` կարեւոր է իմ լավ ելույթը, հետո էլ ամեն ինչ կանեմ, որ հաղթանակով վերադառնամ:)”:

Ռուբեն Մուրադյանն ու Աննա Կոստանյանը


Մասնակիցներին գնահատել է պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը, որոնց թվում են եղել ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստուհի Էլվիրա Մնացականյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մարիկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Մեհրաբյանը:

Հայ մասնակցի ընտրության ընթացքին հետեւել է նաեւ “Պատանի պարողների Եվրատեսիլ 2013”, “Մանկական Եվրատեսիլ 2013” եւ “Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2013” մրցույթների ղեկավար Վլադիսլավ Յակովլեւը, որն առաջին անգամ էր ժամանել Հայաստան եւ տպավորված էր պատանի պարողների պարային հմտություններով:

“Պատանի պարողների Եվրատեսիլ 2013”-ի հայաստանյան եզրափակչի մասնակիցները


Նշենք, որ Լեհաստանում Վահագնը չի ներկայանալու ուղիղ եթերում ցուցադրած պարով. “Մենք ընտրել ենք ամենաուժեղ մասնակցին եւ ոչ թե պարը: Այս մրցույթի համար շատ կարեւոր պայման է դասական պարի իմացությունը: Հաղթողի համար նոր պար է  բեմադրվելու, դեռ բանակցում ենք, ընտրում խորեոգրաֆին, որը ցանկալի է, որ միջազգային մրցույթներում աշխատելու փորձ ունենա”,-ասել է “Եվրատեսիլ” նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը` հավելելով, որ կախված բեմադրիչի ցանկություններից` միգուցե պարը համեմեն հայկական որոշ էլեմենտներով:

“Պատանի պարողների Եվրատեսիլ 2013”-ին մասնակցելու են Նորվեգիայի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Չեխիայի ու եւս մի քանի երկրի ներկայացուցիչ: Այս մրցույթն առաջին անգամ կայացել է 1985 թվականին` Իտալիայում:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW