Նա հինգ տարեկան էր, երբ մտավ ստեպ պարի աշխարհ ու որոշեց հենց այնտեղ էլ մնալ: Ոտքերի ճկուն շարժումների ու պլաստիկ մարմին ունենալու շնորհիվ 15 տարեկանում ամերիկյան ամսագրերից մեկը նրան ընդգրկեց լավագույն 20 ստեպ պարողների ցուցակում: Հայտնի պարուհի Սառա Ռեյչն այս օրերին Հայաստանում է: Ստեպի վարպետն այստեղ է «Աշխարհ-Հայաստան-Աշխարհ» նախագծի շրջանակում: Չորսօրյա այցի ընթացքում պարուհին երեք շոու-ներկայացում է ցուցադրելու, այնուհետեւ վերադառնալու է Միացյալ Նահանգներ` իր հետ տանելով հայկական ազգային դհոլ գործիքի խաղալիք տարբերակն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը: LOFT կենտրոնում պարուհին լրագրողներին պատմել է ստեպով տարվելու, Հայաստանում հոնի օղի փորձելու եւ դհոլի նվագակցությամբ ստեպ-պար բեմադրելու մասին:
Ստեպի վարպետ Սառա Ռեյչը
«Կյանքս չեմ պատկերացնում առանց ստեպի ու իմ կոշիկների»
Ստեպն իմ կյանքի ռիթմն է: Չեմ պատկերացնում` ինչպիսին կլիներ իմ առօրյան առանց ստեպի ու իմ կոշիկների: Ես ուտում եմ, շնչում ու քնում ստեպով: Այն իմ կյանքն է: Հինգ տարեկանում ստեպով տարվեցի եւ հասկացա, որ առանց դրա ապրել չեմ կարող: Ինձ շատ ոգեշնչեցին իմ ուսուցիչները: Բախտավոր եմ լինել Փոլ Քենեդիի աշակերտը: Նա աշխարհի լավագույն ստեպ պարողներից մեկն է: Հենց նա էլ ինձ ներշնչեց, որ կարող եմ պրոֆեսիոնալ պարող դառնալ: Հիմա ես եմ երեխաներին դասավանդում: Չնայած ուսուցիչ եմ, բայց հաճախ հենց նրանցից եմ սովորում: Իմ աշխատանքն անընդհատ կատարելագործվել է պահանջում: Սիրում եմ ստեպի անցյալին անդրադառնալ, դիտել, ուսումնասիրել ու ոգեշնչվել 1935-40-ականների պարողներից: Բաց եմ նոր գաղափարների առջեւ եւ պատրաստ եմ հայտնագործություններ անել:
Ամերիկյան միջավայրը Հայաստանում
Արդեն երկու անգամ այստեղ ելույթ եմ ունեցել: Ամեն ինչ հիանալի էր. ամերիկյան պարն ու ջազը միախառնվել էին իրար: Ստեղծվել էր ամերիկյան միջավայր` հայ երաժիշտների ներկայությամբ: Շատ հետաքրքիր էր հանդիպել նրանց եւ միասին շոու-ներկայացում ունենալ: Ջազը միջազգային լեզու է, եւ երաժշտությունը հնարավորություն է տալիս, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ իրար հասկանան ու միասին ինչ-որ բան ստեղծեն:
Մինչեւ այստեղ գալս հայ ստեպ-պարողների մասին ոչինչ չգիտեի: Երեկ մի քանիսի հետ ծանոթացա: Զարմանալի, միաժամանակ հաճելի էր, որ այստեղ այսպիսի պրոֆեսիոնալ ստեպ-պարողներ կան: Միգուցե հաջորդ անգամ, երբ կրկին այստեղ կլինեմ, նրանց հետ փորձի փոխանակում կիրականացնենք:
Ստեպի վարպետ Սառա Ռեյչը
Հոնի օղու համի ու լոլիկով ձվածեղի բաղադրատոմսի մասին
Այստեղ ուտելիքը շատ համեղ է, հատկապես հայկական ազգային ուտեստների համը շատ է դուր եկել: Հասցրել եմ նույնիսկ հոնի օղի եւ լոլիկով ձվածեղ փորձել: Բաղադրատոմսը սովորել եմ, որպեսզի ԱՄՆ-ում պատրաստեմ: Հայկական ազգային երգեր էլ եմ սովորել:
«Հայերի նման հյուրընկալ ազգ չկա»
Երբ Միացյալ Նահանգներ վերադառնամ, առաջինը կպատմեմ, որ անհավանական ճանապարհորդություն եմ ունեցել: Իսկապես ամեն ինչ հիանալի էր, շատ տպավորված եմ: Որքան էլ ամերիկացիները փորձեն հյուրընկալ լինել, աշխարհում չկա ոչ մի երկիր, որը Հայաստանի նման հյուրընկալ լինի: Ինձ դուր եկավ, որ հայերը սիրով են ուտելիք պատրաստում: Այստեղ իսկական ընտանեկան միջավայր է: Երեւանը շատ սիրեցի: Գեղեցիկ ու կոլորիտային քաղաք է: Կասկադն էլ արդեն դարձել է իմ ամենասիրելի վայրերից մեկը:
Ստեպի վարպետ Սառա Ռեյչը
«Միգուցե դհոլի նվագակցությամբ ստեպ պար բեմադրեմ»
Երբ Հայաստան ժամանեցի, ինձ տարան մի վայր, որտեղ կենդանի երաժշտություն էր հնչում: Ինձ դուր եկավ հայկական երաժշտությունը, հատկապես դհոլի ձայնը: Որոշեցի անձամբ նվագել: Այս գործիքի ձայնը բրազիլական թմբուկի ձայնին եմ նմանեցնում: Հենց այս ամենի համար էլ ճանապարհորդում եմ: Ցանկանում եմ ուսումնասիրել ու բացահայտել տարբեր մշակույթներ, որոնք կներմուծեմ իմ պարարվեստ: Սիրում եմ ամեն ինչ խառնել իրար եւ մեծ հույս ունեմ, որ մի օր դհոլի նվագակցությամբ ստեպ-պար կբեմադրեմ:
World Armenia World նախագիծն իրականացնում է Club12 երաժշտական ակումբը: Նախագծի նպատակն է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան հրավիրել հայտնի արվեստագետներին ու ծանոթացնել նրանց հայկական մշակույթին, նաեւ հնարավորություն տալ հայ հանդիսատեսին հանդիպել արվեստագետների հետ:
Տեքստը` Գոհար Արամյանի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: