×


Սեքսի առարկան հայկական դպրոցներում. Մաս 2

Սեռի, սեռականության, սեքսի նկատմամբ հետաքրքրությունը դինամիկ զարգացում է ապրում նաեւ դպրոցական տարիքում, տարբեր ժամանակահատվածներում ստանում տարբեր որակներ ու խորություն: Մոտավորապես 9 տարեկանից սկսած՝ ակտիվանում է այս հարցերի շուրջ հետաքրքրվածությունը, մինչեւ 13 ուժգնանում է: Սեռականության վերաբերյալ դաստիարակությունը սկսվում է վաղ մանկուց, իսկ համակարգված լուսավորումը եւ դաստիարակությունը մատուցվում կրթական ոլորտում: Ողջ աշխարհում ընդունված է, որ այս հարցերի մասին պետք է խոսել դեռահասի՝ սեքսին վերաբերող խնդիրներին առնչվելուց մի քանի տարի առաջ, այսինքն՝ նախքան սեռահասունությունը, մոտ 10-11-ում: Օրինակ, մենստրուալ ցիկլը սկսվելուց հետո հատուկ հիգիենայի կամ տարբեր տեսակի վտանգների մասին խոսելը համարվում է մի փոքր ուշացած: Աղջիկը պետք է նախապես տեղեկացված ու տեղեկությունը լավ յուրացրած լինի:



Հոգեբան, «Առողջ ապրելակերպ» առարկա-դասընթացը դասավանդող ուսուցիչներին վերապատրաստող փորձագետ Անուշ Ալեքսանյանը նշում է, որ Հայաստանում հնարավոր չէ միջազգային այս չափանիշներով առաջնորդվել: Նույնիսկ ութերորդ դասարանում սեռի ու սեռականության մասին դասընթաց սկսելը դեռ խնդրահարույց է: Հասարակությունն այս ամենը ընդունելու, ընկալելու խնդիրներ ունի: Հնարավոր չէ 4-5-րդ դասարաններում սկսել նման հարցեր քննարկելը, դա անիրատեսական է:

Առարկան 8 տարի առաջ ներմուծվել է ՀՀ դպրոցներ

Որքան էլ զարմանալի է, բայց ՀՀ-ում կա սեռական դաստիարակություն ապահովող առարկա ու արդեն վաղուց: Գոյություն ունի  2002 թ. ընդունված «Առողջապահական կրթության քաղաքականության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում առկա օրենսդրության մեջ մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենք: Ըստ այս օրենքի Հոդված 5-ի՝ դեռահասներն իրավունք ունեն սեռական դաստիարակության, ինչպես նաեւ սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման, իրավունք ունեն իրազեկ լինելու սեռական հասունացման, սեռական եւ վերարտադրողական առողջության վերաբերյալ հարցերին, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ հղիության, արհեստական ընդհատման, սեռավարակների, այդ թվում` մարդու իմունային անբավարարության վարակի կանխարգելման ժամանակակից մեթոդների վերաբերյալ: Դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում իրականացնում են մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձինք:

Վերը նշված օրենքի ու իրավունքի հիման վրա՝ 2008-2009թթ. հանրապետության դպրոցների 8-9-րդ դասարաններում, իսկ 2010-11թթ.՝  նաեւ 10-11-րդ դասարաններում ներդրվեց «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տրամադրվեց 14 դասաժամ՝ ներառյալ «Վերարտադրողական առողջություն» հատվածը: Իսկ նշված հատվածին՝ այդ 14-ից 4-5 ժամը: Առարկայի առաջնահերթ նպատակը դեռահասի մոտ անվտանգ վարքագծի ձեւավորումը, ֆիզիկական ու հոգեբանական առողջության պահպանումն ու ամրապնդումն է: Դպրոցի խնդիրը սեռական ոլորտի մասին դեռահասին հիմնարար ու ամենակարեւոր գիտելիքներով ապահովելն է: Ենթադրվում է, որ մնացած ամեն ինչը պետք է ավելանա ու կառուցվի դրա հիմքի վրա: Ծրագրում կարեւորագույն կետեր են մտցված՝ վնասակար սովորություններից մինչեւ վերարտադրողական առողջություն, ընտանեկան ու գենդերային խտրականության խնդիրներ:

«Վերարտադրողական առողջություն» հատվածի նպատակը դեռահասներին ճիշտ, գրագետ, գեղեցիկ հարաբերություններ ունենալուն պատրաստելն է: Ծրագրի դասավանդումն ինտերակտիվ է. տարբեր իրավիճակների քննարկման ընթացքում ներկայացվում են դրանց բացասական հետեւանքները ոչ միայն օրգանիզմի, այլեւ հոգեկան ներաշխարհի համար: Բաժանում, հիասթափություն, շահագործում եւ այլ բացասական իրավիճակներ են քննարկվում. աշակերտները պատկերացում են կազմում, թե ինչպես այդ ամենը կանդրադառնա հոգեկան ներդաշնակության վրա: 



Արձագանքները` ծայրահեղ տարբեր

Եթե կա առարկան, կան պայմաններն այդ առարկայի մատուցման համար, ապա ինչու է սեռի ու սեռականության հետ կապված մշակույթը մնում է այնպիսին, որից ամեն օր բողոքում ենք:

Ա. Ալեքսանյանը նշում է.«Մարզից մարզ, ինչպես նաեւ հենց Երեւանում շատ ծայրահեղ դրսեւորումներ կան: Մի դպրոցում կարող են ամենաբացասական արձագանքները գրանցվել՝ «մենք չենք անցնում այդ առարկան, դա փչացնում է մեր երեխաներին» մոտեցմամբ: Իսկ մեկ այլ դպրոցում հնարավոր է՝ ուսուցիչները հիացմունքով արտահայտվեն ողջ ծրագրի ու դասընթացի մեծ արդյունավետության մասին: Հաճախ են բողոքներ հնչում այն մասին, որ երեխաների տեղեկացվածությունն ընդհանուր առմամբ շարունակում է ցածր մնալ, մինչդեռ ձեռնարկի բարձր որակի ու առարկայի բարձրորակ դասավանդման կապը պարտադիր չէ: Ամեն ինչ կախված է մատուցումից, դասաժամերի բարեխիղճ անցկացումից, երեխաների ընկալումից, կոնկրետ ուսուցչից եւ այլ գործոններից: Հետաքրքիրն այն է, որ աղաղակող են վատ փաստերը. ավելի շատ սուր են արտահայտվում այդ առարկան սկզբունքորեն չանցնող, դրա մեջ խայտառակություն տեսնողները, իսկ մյուսները հանգիստ վերապատրաստվում ու դասավանդում են՝ առանց դրանից առանձնահատուկ աղմուկ սարքելու: Ընդ որում, առարկան մերժող ուսուցիչները հաշվի չեն առնում, որ ծրագրի մեջ, բացի վերարտադրողականության բաժնից, կան նաեւ այլ շատ անհրաժեշտ բաժիններ՝ առողջ սննդի, վնասակար սովորությունների, թմրամիջոցների, ալկոհոլի եւ այլնի վերաբերյալ: Այս հատվածները տուժում ու բաց են թողնվում սեռական բաժնի հետ: Մեզ շատ են հարցնում նաեւ՝ ինչու չկան սեքսի նկարագրեր, սեքսի ու հաճույքի տարատեսակների մասին նյութեր եւ նմանատիպ այլ տեղեկատվություն: Առաջարկում եմ ավելի իրատեսական լինել. հայ իրականության մեջ դեռ պետք է եղածը մարսվի: Ի վերջո, ոչ պակաս նվաճում է դեռահասին անվտանգ սեքսի մասին տեղեկատվությամբ ապահովելը»:

Ո՞վ է դասավանդում առարկան

Այս առարկան ի սկզբանե ներառվել է ֆիզկուլտուրայի դասաժամերի մեջ: Համաձայնեք, որ առաջին հայացքից նման առարկան ֆիզկուլտուրայի ուսուցիչներին վստահելը փոքր-ինչ հակասական զգացողություններ է առաջացնում: Բայց Ա. Ալեքսանյանը կարծում է, որ այս առումով մոտեցումը բավական կարծրատիպային է, հաշվի չեն առնվում որոշ գործոններ.«Երբ սկսեցինք ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը, պարզվեց, որ ներքին կարգով տնօրենն իրավունք ունի վերապատրաստման ուղարկել նաեւ կենսաբանության ուսուցիչների: Եվ ես զգացի տարբերությունն այս երկու առարկաների ուսուցիչների միջեւ՝  հօգուտ ֆիզկուլտուրայի մասնագետների»:



Եվ այսպես, ինչ է պարզվում.

*«Ֆիզկուլտուրայի ուսուցիչները դպրոցում գուցե միակ ուսուցիչներն են, ովքեր հաշտ են իրենց մարմնի եւ դրա պահանջների հետ, սովոր են սպորտով զբաղվել եւ առողջ կյանք վարել, ակտիվ են, որպես կանոն, աթլետիկ կառուցվածքով, երբեմն էլ ավելի պատրաստակամ վերապատրաստվելու: Նաեւ երիտասարդներն են քանակապես ավելի շատ նրանց մեջ, ինչը հեշտացնում է այս նրբին թեմայի շուրջ ինտերակտիվություն ապահովելու գործը: Իսկ կենսաբանության մասնագետները, ցավոք, վաղուց ապացուցել են, որ այս թեմաների շուրջ դժվարանում են խոսել, չէ՞ որ նրանք մարդու անատոմիա առարկայի մեջ սեռական օրգան-համակարգերի դասը տնային աշխատանք են հանձնարարում եւ անցնում հենց այնպես։

*Բացի այդ, միգուցե եւ ֆիզկուլտուրայի մասնագետների կրթությունը որոշակիորեն զիջում է կենսաբաններին ու այլ մասնագետների, բայց դրա փոխարեն նրանք ավելի մոտիվացված են կարդալու նորը, ավելի մտերիմ են երեխաների հետ, նրանցից մեծ մասը գիտի աշխատել սեփական մարմնի հետ, խնամել այն, առողջ ու ակտիվ պահել:

*Կա նաեւ տղա երեխաների խնդիրը, ովքեր շատ ավելի շուտ են սկսում սեռական փորձարկումներն ու սեռական կյանքը, հետեւաբար, այդ ամենի հետ կապված ռիսկերն ավելի մեծ են: Նրանց հետ ավելի հաջող աշխատում են տղամարդիկ, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչների մեջ շատ ավելի շատ են տղամարդիկ, քան որեւէ այլ առարկայի շրջանակներում: Իսկ այս ծրագրի առաջնահերթ նպատակն այն է, որ դեռահասը վտանգների մեջ չհայտնվի՝ չվարակվի, հղիությունից զերծ մնա եւ այլն:

* Ի դեպ, մարզերն այս առումով շահում են. այստեղ լավագույն մարզիկները հայտնվում են դպրոցներում՝ որպես ուսուցիչներ, եւ արդյունքում դպրոցի ամենաբանիմաց, ինչպես ասում են «աշխարհ տեսած» մասնագետը լինում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը»:

Ծրագիրն ունի թերի կողմեր

Ըստ հոգեբան Ա. Ալեքսանյանի՝ ամենաթերի կողմերից մեկը վերապատրաստման ու դրա արդյունքների մասին օբյեկտիվ մոնիթորինգի բացակայությունն է, մինչդեռ դա պարտադիր պայման է անիվը տեղից շարժելու համար.«Մոնիթորինգի յուրաքանչյուր կազմակերպիչ շահագրգռված է առկա ծրագրում թերություններ գտնել, շահել նոր ծրագրի հնարավորություն ու սեփականն անել զրոյից: Ստացվում է, որ մոնիթորինգն օբյեկտիվ չէ: Կարծիքները իրարամերժ են եւ վիճելի։ Բժիշկները մոնիթորինգ են անում ու եզրակացնում, որ ծրագիրը պետք է բժիշկներն իրականացնեն: Հոգեբանները համապատասխան մոնիթորինգից հետո պնդում են, որ հոգեբանները պետք է իրականացնեն: Մինչդեռ ծրագրին դիպչել պետք չէ. այլ` շատ ավելի կարեւոր հարցեր կան լուծելու: Եթե ամփոփենք, ապա ամենամեծ խնդիրները մնում են լիարժեք մոնիթորինգի բացակայությունը, վերապատրաստման քանակական ու շարունակական պակասությունը, հասարակության բացասական վերաբերմունքն այս ամենի նկատմամբ»:

Տնային-ծնողական մոնիթորինգ


Իսկ ծնողները հետաքրքրվո՞ւմ են, թե ինչ է արվում այս առարկայի շրջանակներում: Միգուցե հենց ծնողն էլ կարիք ունի սեռական դաստիարակության, որ մոտիվացիա ունենա հետաքրքրվելու: Չէ՞ որ ստացվում է՝ մինչեւ 2008 թիվը դպրոցում սեռի, սեռականության, հարաբերությունների ու ինտիմ խնամքի մասին խոսք անգամ չի եղել: Մինչեւ երկրում բժիշկներ-հոգեբաններ-մանկավարժներ մոնիթորինգային մենամարտն ավարտվելն առաջարկում եմ տնային պայմաններում տեղային մոնիթորինգ անցկացնել սեփական երեխայի հետ. հարցնել, հետաքրքրվել՝ ինչ սովորեց, ինչից տեղեկացավ, ինչ հասկացավ, ինչը դուր եկավ, ինչը՝ ոչ: Իսկ եթե պարզվի, որ այդ «ապականիչ» առարկան սկզբունքորեն չի դասավանդվում, կարելի է բողոք-դիմումով հասնել նախարարություն: Հիշեցնենք, բոլոր այն ուսուցիչներին, ովքեր չեն կատարում իրենց պարտականությունները եւ չեն դասավանդում այդ առարկան, որ երեխային այս տեղեկատվությունից զրկելը հակասում է վերը նշված օրենքին ու դեռահասի՝ տեղեկացված լինելու իրավունքին:

Առաջին մասը կարդացեք այստեղ:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին