×


8 ամենահաճախ տրվող հարց ու պատասխան սեքսոլոգին

Ի՞նչ կհարցնեիք Դուք, եթե հայտնվեիք սեքսոլոգի սենյակում։ Որքան էլ տարբեր ու անհատական լինի սեռական կյանքում ունեցած մեր փորձառությունը, շատերիս հուզում է հարցերի միեւնույն շրջանակը։ Հենց այդ ամենահաճախ տրվող հարցերի մասին էլ զրուցել ենք բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանի հետ։

Ինչպե՞ս ավելի երկար պահպանել էրեկցիան եւ ի՞նչ անել էրեկցիայի խանգարումների դեպքում

Թերեւս սեռական կյանքում ոչինչ այնքան չի խոցում եւ միեւնույն ժամանակ հետաքրքրում տղամարդկանց, որքան էրեկցիայի հետ կապված խնդիրները։ Ընդ որում, ինչպես նշում է սեքսոլոգ Ասրյանը, տղամարդիկ ոչ միայն ցանկանում են իմանալ, թե ինչ անել էրեկցիայի խանգարումների պարագայում, այլ նաեւ թե ինչպես ավելի երկար պահպանել այն.«Հաճախ այս թեմայով հարցեր եմ ստանում նույնիսկ ուշ գիշերային ժամերին։ Հիմնականում հետաքրքրվում են՝ արդյոք իրավիճակը կարելի է կարգավորել, թե դա վերջնական է, եթե հնարավո՞ր է, ապա ի՞նչ պետք է անել։ Իհարկե, մեծամասամբ կարիք է լինում այցելել բժշկին, անցնել զննումներ, սակայն որոշ դեպքերում մեկ նամակագրությամբ անձը ստանում է իրեն հուզող հարցի պատասխանը»։

Էրեկցիայի խանգարումների, ինչպես նաեւ բուժման տարբերակների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Ի՞նչ անել, երբ սեռական ակտը կարճ է տեւում, եւ չես հասցնում բավարարվել այդ ընթացքում

Սեքսոլոգներին հաճախ հարցնում են նաեւ, թե ինչ անել սեռական հարաբերության ոչ բավարար տեւողության ժամանակ։ Շատ դեպքերում այս խնդիրը վաղաժամ սերմնաժայթքման հետեւանքն է, որը բազմաթիվ պատճառներ ունի՝ ոչ բավարար սեռական փորձառություն, հոգեծին գործոններ, բորբոքային պրոցեսներ, սեռական կյանքի երկարատեւ բացակայություն, հորմոնալ խանգարումներ եւ այլն։

Իհարկե, խնդրի լուծման տարբերակները ախտորոշումից հետո կարելի է քննարկել բժշկի հետ, սակայն  Վահե Ասրյանը հիշեցնում է, որ հնարավոր են դեպքեր, երբ կա բոլոր չափանիշներին համապատասխան սեռական ակտ, սակայն դրա տեւողությունը, միեւնույն է, չի գոհացնում զույգին կամ նրանցից գոնե մեկին․ «Այստեղ կարիք կա հիշել այն մասին, որ խոսքը ոչ թե կոնկրետ որեւէ քանակի ներհրումների կամ կոնկրետ տեւողությամբ ներհրումների մասին է, այլ նրա, որ սերմնաժայթքման պրոցեսը կառավարելի լինի տղամարդու կողմից։ Այս ամենն, իհարկե, խելամտության սահմաններում պետք է լինի, օրինակ՝ չպետք է սպասել, որ սեռական ակտը կտեւի մի քանի ժամ»։

Վահե Ասրյանը


Ի՞նչ անել, եթե սեռական անդամի չափերը մեծացնող «դեղամիջոցների» օգտագործումից հետո ցանկալի արդյունք չի նկատվել

Բոլորս էլ գոնե մեկ անգամ վիրտուալ տիրույթում հանդիպել ենք սեռական հաճույքն ավելացնող կամ սեռական անդամը մեծացնող «դեղամիջոցի» գովազդի։ Բժիշկ Ասրյանը նշում է, որ իրեն հաճախ են դիմում այն ժամանակ, երբ արդեն օգտվել են վերոնշյալ միջոցներից կամ քսուքներից, սակայն խոստացված արդյունքը չի գրանցվել․«Միշտ խորհուրդ եմ տալիս նախքան որեւէ «դեղամիջոց» օգտագործելը խորհրդակցել բժշկի հետ։ Համացանցում շատ են տարբեր «դեղամիջոցների» գովազդները, սակայն պետք է հասկանալ, որ որեւէ միջոց չի կարող, օրինակ, պայմանական մեկ ամսում մարդու անդամը 6 սմ երկարացնել  կամ մի քանի ժամ դարձնել սեռական ակտի տեւողությունը։ Կամ էլ եթե որեւէ «դեղամիջոցի» գովազդում խոստանում են տասնապատկել սեռական հաճույքը, հարց՝ ինչպե՞ս է դա չափվելու, իսկ որ ամենակարեւորն է՝ արդյոք մենք իսկապես ունենք դրա կարիքը»։

Ի՞նչ անել, եթե սեռական հարաբերության ընթացքում չի ստացվում հասնել օրգազմի

Սեքսոլոգ Ասրյանը նշում է, որ իրեն հաճախ են դիմում օրգազմի զգացողության թուլացման, բացակայության կամ հարաբերության մի տեսակի դեպքում օրգազմի առկայության, մյուսի դեպքում բացակայության ժամանակ։

«Եթե մենք գործ ունենք օրգազմի խանգարումների կամ անօրգազմիայի հետ, ապա կան մի քանի կարեւոր հարցեր՝ տվյալ կինը առհասարակ օրգազմ ստացե՞լ է, թե՞ ոչ, արդյոք վագինալ օրգազմի զգացողությունն իրե՞ն է պետք, թե՞ զուգընկերոջը։ Մի շարք գործոններ կան, որոնք պետք է հերքել կամ հաստատել, մանրամասն սեքսոլոգիական անամնեզ հավաքել, որից հետո զբաղվել խնդրի կարգավորմամբ»։

Անօրգազմիայի բուժման պրոցեսը, ճիշտ է, դյուրին չէ, սակայն հնարավոր է։ Այն կարող է ներառել թե՛ հոգեթերապեւտիկ աշխատանք, թե՛ դեղային միջամտություն, թե՛ բուժման այլ մեթոդներ։ Այս ամենն արդեն կախված է կոնկրետ դեպքից։

Կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում

Եթե փորձենք հարցին կարճ պատասխանել, ապա՝ այո՛, կարելի է, եթե կա երկուստեք ցանկություն, եւ չկան հակացուցումներ գինեկոլոգի կողմից։
Մեր զրուցակիցը նաեւ հավելում է, որ հղիության ընթացքում սեռական հարաբերությունների քանակը եւ որակը կարող են սահմանափակումների ենթարկվել, ինչը բնական է․«Իհարկե, ցանկացած պարագայում, երբ հղիության ժամանակ կա ցավ կամ նկատվում է արյուն սեռական հարաբերության ընթացքում, ապա պետք է ընդհատել հարաբերությունը եւ խորհրդակցել բժշկի հետ»։

Ի՞նչ անել, եթե հետծննդաբերական շրջանում նվազել է սեռական ցանկությունը եւ արդյոք այն ժամանակի հետ կկարգավորվի

«Շատ կանայք գանգատվում են նաեւ հետծննդաբերական շրջանում սեռական կյանքի որակի անկումից՝ նշելով, որ ցանկությունը բավարար չէ եւ դժվարությամբ են հաճույք ստանում»,-նշում է բժիշկը։

Կարեւոր ենք համարում հիշեցնել, որ ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմը դեռեւս վերականգնման կարիք ունի. մասնավորապես կրծքով կերակրումով պայմանավորված տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որոնք ազդում են սեռական ցանկության վրա, եւ առհասարակ կինն իր առօրյան սկսում է հարմարեցնել փոքրիկի առօրյային։ Վերջինիս արդյունքում առաջացած հոգնածությունը ոչ բավարար նախապայման է սեռական կյանքի համար:

Եթե հղիությունը, ծննդաբերությունը եւ հետծննդաբերական շրջանը նորմալ են անցել, ժամանակի ընթացքում սեռական կյանքի հետ կապված այս հարցերը կարգավորվում են։ Հակառակ դեպքում միշտ կարելի է դիմել մասնագետի օգնությանը։ Հետծննդաբերական շրջանում սեռական կյանքի մասին առավել մանրամասն կարելի է կարդալ այստեղ։

Ի՞նչն է ավելի մեծ հաճույք պարգեւում տղամարդուն՝ մինե՞տը, թե՞ վագինալ սեռական ակտը

Որոշ կանանց խմբի հետաքրքրում է հենց այս հարցի պատասխանը:

Իսկ մեր հասարակությունում ինչպես հայտնի է մինետի եւ առհասարակ օրալ սեքսի հետ կապված մոտեցումները բավականին իրարամերժ են՝ որոշների համար սա տաբու է կամ սեռական կյանքի չընդունված տարբերակ, իսկ մյուսները նախընտրում են վայելել օրալ սեքսի բոլոր հաճույքները։

Սեքսոլոգ Վահե Ասրյանը նշում է, որ սեռական կյանքի ցանկացած ձեւի դեպքում մարդը պետք է հաշվի առնի երկու կարեւոր բան՝ երկուստեք ցանկությունը եւ իրեն կամ դիմացինին չվնասելը:

«Այն տեսակետը, թե բոլոր տղամարդիկ խենթանում են մինետի համար, մոտ չէ իրականությանը։ Որոշ տղամարդիկ առանձնապես հետաքրքրված չեն սեռական կյանքի այդ ձեւով»,-հավելում է նա:

Ինչպե՞ս պահպանել կիրքը երկարատեւ հարաբերությունների ընթացքում

Շատերս ենք լսել, որ երկարատեւ հարաբերությունների դեպքում ժամանակի ընթացքում կիրքն աստիճանաբար մարում է։ Համաձայնեք, որ այնքան էլ լավատեսական հեռանկար չէ։ Մանավանդ եթե դուք, ինչպես ասում են, միասեր եք եւ ցանկանում եք ամուր հարաբերություններ կառուցել։ Իհարկե, հնարավոր է նախկինում եղած կրիքն ու ուժեղ սեռական ցանկությունը հետ բերելու հազարումի տարբերակ գտնել, սակայն այս ամենով մտահոգված մարդկանց բժիշկ Ասրյանն առաջարկում է հարցին այլ տեսանկյունից նայել․«Մարդն անընդհատ փոխվում է, փոխվում է նաեւ նրան շրջապատող միջավայրը։ Սրան ավելացնենք նաեւ այն, որ մեր օրգանիզմում եւս տասնյակ փոփոխություններ են լինում, մեր սեռական ֆունկցիան սնող տարբեր կենսաբանական մեխանիզմները փոխվում են՝ հորմոններից սկսած վերջացրած մաշկի լորձաթաղանթի վիճակով։ Այս ամենի հետ մեկտեղ մենք չենք կարող ակնկալել, որ մարդու սեռական կյանքն ու հարաբերությունները նույն որակով եւ անփոփոխ կմնան։ Սա բնական գործընթաց է։ Սակայն կարեւոր է, որ մարդիկ լավ հարաբերություններ պահպանեն՝ շարունակելով սիրել եւ հարգել միմյանց, չէ՞ որ հարաբերությունները կենդանի օրգանիզմ են եւ շարունակական խնամքի կարիք ունեն»։

Իսկ վերջում շատ կարեւոր դիտարկում բժիշկ-սեքսոլոգ Վահե Ասրյանի կողմից՝ Ձեր հարաբերությունների որակն անհրաժեշտ է չափել ոչ թե սեռական կյանքի որակով, այլ ճիշտ հակառակը: Չմոռանանք, որ սեռական կյանքը հարաբերությունների ընդամենը մի բաղադրիչն է, իսկ սեռական կյանքում եղած խնդիրները հաճախ հարաբերություններում եղած տարաձայնությունների արտացոլումն են։

Սոնա Վարդանյան
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին