Սոֆյա Պողոսյանը հանդես կգա “Շանթ” հեռուստաընկերության նոր սերիալում, որի նկարահանումները մեկնարկել են օրեր առաջ: Սեպտեմբերից հեռարձակվելիք սերիալում նրա խաղընկերներն են լինելու Նարեկ Մակարյանը, Մովսես Երեմյանը եւ ուրիշներ: Ռեժիսորն Արմեն Միրզոյանն է:
Սոֆյա Պողոսյանը
“Վերադարձ”, “Կյանքի գինը”, “Անծանոթը” սերիալներին հաջորդող ֆիլմում նա գլխավոր բացասական դերում է. ““Անծանոթ”-ում եւս հակասական, նաեւ բացասական կերպարում էի, բայց այստեղ հստակ ու կողմնորոշված բացասական եմ, ինչն էլ ինձ գրավել է: Արդեն հետաքրքիր է այլ խառնվածք կերտելը: Հաշվի առնելով, որ հեռուստադիտողը միանշանակ չի ընդունի, այնուամենայնիվ, չեմ վախենում: Սերիալի անվանումը դեռ չեմ կարող բարձրաձայնել, քանի որ վերջնական ընտրված չէ”:
Ինչպես BRAVO.am-ին տեղեկացրել է դերասանուհին, նախքան նկարահանման մեկնարկը հասցրել է հանգստանալ. “Եղել եմ Հայաստանի տարբեր վայրերում, եթե գրաֆիկս թույլ տա, աշնան վերջին կմեկնենք արտերկիր”:
Սոֆյա Պողոսյանը
Սոֆյան հեռուստատեսային կարիերան սկսել է որպես հաղորդավարուհի եւ սերիալային դերասանուհի, բայց, ինչպես նշում է դերասանուհին, իրեն ավելի հոգեհարազատ է կերպարներ կերտելը. “Երբ նոր էի սկսել նկարահանվել, հաճախ ասում էին, որ մասնագիտությամբ դերասանուհի չեմ, ինչո՞ւ եմ նկարվում, հիմա նման կարծիքներ չեմ լսում: Մասնագիտական նրբություններին ծանոթացել եմ նկարահանումների ընթացքում, տարբեր ռեժիսորների, պրոֆեսիոնալ դերասանների հետ եմ աշխատել, տարբեր ձեռագրերի եմ ծանոթ: Տարիների ընթացքում շարունակում եմ ձեռք բերել անհրաժեշտ փորձը”:
Սերիալում նկարահանվելով՝ ինքն իր մեջ բացահայտումներ է անում, անընդհատ սովորում եւ բավականություն է ստանում. “Ես մեծ հաճույքով եմ նկարվում, առանց սիրելու իմաստ չկա, որովհետեւ ջանք չես դնի ու այդ օրակարգով չես էլ կարող աշխատել: Եթե օբյեկտիվորեն դիտենք, հայկական սերիալներում շատ բացթողումներ կան, աճելու տեղ շատ ունենք, բայց չեմ կարող չասել, որ նկարահանվել են նաեւ որակյալ սերիալներ: Այն սերիալները, որտեղ ես խաղացել եմ, կարելի է հաջողվածների շարքին դասել”:
Սոֆյա Պողոսյանը
Առաջին մասնագիտությամբ հոգեբան լինելով՝ Սոֆյան հայտնել է, որ ստացած կրթությունն օգտագործում է առօրյայում եւ դեռ չի աշխատի որպես հոգեբան. “Ապագայում, երբ հասունանամ եւ համարեմ, որ պատրաստ եմ, միգուցե աշխատեմ: Բայց իմ հիմնական մասնագիտությունը մի կողմ չեմ թողել, մասնակցում եմ տարբեր թրեյնինգների, որպեսզի չմոռանամ ժամանակին սովորածս”:
Ի դեպ, դերասանուհին նկարահանվել է նաեւ “Որոգայթ” ֆիլմում, որի մանրամասները կներկայացնենք առաջիկայում:
BRAVO.am
Լուսանկարները` Սոֆյա Պողոսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: