×


“Վիտամին”-ի տղաները, Գայանեն, Սիլվան եւ շատ ուրիշներ նվերներ են մատուցել սիրիահայ 100 երեխայի

Հայաստանում բնակվող սիրիահայ եւ ուկրաինահայ երեխաները երեկ` դեկտեմբերի 23-ին, “Ջամբո” ժամանցի վայրում մասնակցել են նախատոնական համերգի, ծանոթացել են միմյանց հետ եւ ստացել նվերներ հայտնիների կողմից:

Զարուհի Բաբայանը


ՀՀ Սփյուռքի նախարարության “Հայերն այսօր” էլեկտրոնային պարբերականի նախաձեռնությամբ եւ “Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն” հասարակական կազմակերպության համագործակցությամբ իրականացվել է “100 հայտնիները` սիրիահայ 100 երեխաների համար” ծրագիրը:

Հայտնիներից յուրաքանչյուրն իր անհատական նվերն էր պատրաստել` նախապես իմանալով երեխայի անունը, սեռն ու տարիքը: Սիրիահայ երեխաների համար նվերներ էին պատրաստել Գրիշա Աղախանյանը, Գայանե Ասլամազյանը, Էրիկ Անթառանյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Մարգարյանը, Ժաննա Բուտուլյանը, Կարեն Գիլոյանը, Քրիստինե Մելքոնյանը եւ այլ հաղորդավարներ, երգիչներ, մարզիկներ, նկարիչներ ու դերասաններ: Ուկրաինահայ փոքրիկների համար էլ նվերների փաթեթներ էին պատրաստել “Վիտամին” ակումբի տղաները եւ հաղորդավար Հրաչ Մուրադյանը: Հումորիստ-երաժիշտ Գարիկ Պապոյանը, տեղեկանալով երեխաներից մեկի երաժշտական նախասիրությունների մասին, իր անձնական հավաքածուից կիթառ է նվիրել:

Գայանե Ասլամազյանը եւ միջոցառման փոքրիկ մասնակիցները


Ինչպես BRAVO.am-ին հայտնել է “Հայերն այսօր” պարբերականի գլխավոր խմբագիր Նաիրի Մկրտիչյանը, բարեգործական նախաձեռնությունը միջոցառման վերածելու առաջարկն արել է Զարուհի Բաբայանը` ցանկանալով հանդիպել երեխաներին ու նրանց համար երգել.“Մենք սկզբում ընդգրկել էինք մարզերում բնակվող սիրիահայեր երեխաներին, այնուհետեւ թիվն ամբողջացրինք Երեւանի ծայրամասերում ապրողներով”:

Սիրիայից վերադարձած 9-ամյա Մեղեդին ընտանիքի հետ Երեւանում է ապրում, նա առաջին անգամ է Նոր տարին այստեղ դիմավորելու: Աղջնակը Ձմեռ պապին նամակ չի գրել, բայց մեզ հետ զրույցում հայտնել է բարձրախոս ունենալու իր ցանկության մասին: Իսկ 5 տարի առաջ Գյումրիում բնակություն հաստատած 10-ամյա Արմենուհին հիշում է, թե ինչպես էին տոնը նշում Սիրիայում.“Այնտեղ բոլորը գեղեցիկ լույսերով զարդարում էին բակը, հետո իրար հյուր էինք գնում: Այստեղ էլ մայրիկիս ու հայրիկիս կողմից բարեկամներ ունենք, Սիրիայից էլ մի քանի հոգի եկել են մեզ հետ”:

Դալիթան եւ Հրանուշ Հակոբյանը


Միջոցառման հանդիսավարներ Լուսինե Հարությունյանը եւ Հարութ Տոնոյանը նշել են` տոնածառի տակ տեղադրված նվերները սպասում են իրենց հասցեատերերին. “Ոչ բոլոր հայտնիներն են այսօր մասնակցում, բայց իրենց նվերներն ուղարկել են, նաեւ ուղարկել են իրենց ողջույններն ու ջերմ համբույրները”:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւս ներկա էր միջոցառմանը: Ողջունելով ներկաներին` նա շնորհակալություն է հայտնել ծրագրին միացած մարդկանց. “Կարծում եմ` ամենամարդկային եւ ամենահայրենասիրական քայլն է ձեր կողմից”:

"Վիտամին" ակումբի հումորիստները


Ծրագրի համերգային հատվածում նվերներ հանձնելուց բացի, երեխաների համար երգել են Զարուհի Բաբայանը եւ նրա երգի ստուդիայի սաները, Արսեն Գրիգորյանը` Մրրոն, Լիդուշիկը, Դալիթան, Նառան, Բեթթին եւ այլք: Նաեւ հետաքրքիր շոու-ծրագրով երեխաներին ուրախացրել են “Ջամբո”-ի արտիստներ Արմեն Ադոնցը եւ Մագան:

Հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը ծրագրի հանդեպ եւ երեխաների մեծ թիվը՝ որոշվել է իրականացնել նաեւ երկրորդ փուլը՝ “Պարգեւիր ուրախ Ամանոր” խորագրով, որի շրջանակում  եւս 100 սիրիահայ ու իրաքահայ երեխաների կհանձնվեն նվերներ: Այս անգամ որպես նվիրատուներ ընդգրկվել են համահայկական եւ միջազգային կառույցները, հասարակական կազմակերպություններն ու հայաստանյան ձեռնարկությունները, ինչպես նաեւ անհատ բարերարներ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW