×


Քեթրին Մանասյանի եւ Արա Առաքելյանի սիրային երկխոսությունը :)

Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը եւ սաքսոֆոնահար Արա Առաքելյանը միասին դուետ են կազմել ու ելույթ են ունենում տարատեսակ համերգների եւ միջոցառումների ժամանակ: Զույգի անձնական  եւ գործնական հարաբերությունները` BRAVO.am-ի այս նյութում :):

Արա Առաքելյանը եւ Քեթրին Մանասյանը


Համագործակցության ու մտերմության մասին.
Բացի մարդկային շփումից, շատ ընդհանուր բաներ ունենք, նաեւ մեր երաժշտական ճաշակն է նույնը: Ուղիղ մեկ տարի համագործակցում ենք. մինչ այդ հեռվից միմյանց մասին լսել էինք: Մեր շփումը սկսվեց ընդհանուր աշխատանքից, երբ երկուսս էլ, աշխատելով նույն ակումբում, հենց առաջին օրն իմպրովիզ արեցինք ու Նինո Կատամաձեի “Օլեյ” երգը կատարեցինք երեկոյան շոուի համար: Հետագայում այն ունեցավ լավ արձագանք, անընդհատ այդ երգն էին պատվիրում, որը միշտ անվանում ենք սիրային երկխոսություն: Դեռ լուրջ պլաններ չենք կազմում, Աստված առաջ: Ասում են` եթե ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր պլաններիդ մասին, փոխարենը մենք ապրում ենք:

Կոկտեյլային երգացանկի մասին. Երաժշտության լեզվով կարող ես ամեն ինչ հասկանալ ու հասկացնել, այդպես շատ բան ենք կարողանում բացատրել իրար: Ես երգում եմ, իսկ Արիկը` նվագում: Հաճախ մեզ միանում են բենդի երաժիշտներ, ելույթ ենք ունենում կենդանի կատարումներով: Մեր երգացանկը կոկտեյլ ենք անվանում, քանի որ տարբեր ոճերի երգեր են` դիսկո երգերի ջազային տարբերակներ, համաշխարհային հիթեր, բացառությամբ ռուսական էստրադայի: Ամենադժվար հարցը խմբին հարմար անվանում ընտրելն է. ամենաբարդ երգերը պատրաստում ենք,  միքսերն անում, բայց անուն չենք կարողանում ընտրել:

Քեթրին Մանասյանը


Լեզու գտնելու մասին. Երկու մասնագիտություն ունեմ` դերասան եւ երգչուհի, ոչ մեկը չեմ ուզում երկրորդական պլան մղել: Երկար տարիներ ներկայացել եմ որպես թատրոնի դերասան, պարել եմ, իսկ երգը դարձել էր հոբբի: Հիմա ավելի լրջորեն զբաղվում եմ վոկալով, Արա երաժիշտն այդ հարցում ինձ շատ ոգեւորում է:): Երբ շատ ընդհանրություններ ունենք, լեզու ենք գտնում, մնացած հարցերը ինքնաբերաբար լուծվում են:

Սերիալների մասին. Հիմա նկարահանվում եմ “Եզրագծից այն կողմ” սերիալում: Վերջերս ինձ ով տեսնում, հարցնում է, թե երբ է ավարտվելու սերիալը, պատասխանում եմ, որ եթե հոգնել են, չնայեն, ինձ էլ ասում են` հակառակը, շատ են սիրում, ուզում են նախապատրաստվել, որ ավարտը ծանր չտանեն:):

Այսօր շատերն են քարկոծում սերիալները, ես ինքս էլ քննադատում եմ, որ պրոֆեսիոնալ դերասանների կողքին խաղում են այլ ոլորտի մարդիկ կամ սյուժեն անտրամաբանական զարգացումներ է ունենում, բայց թատրոնի շատ դերասաններ, նկարվելով սերիալներում, այսօր ունեն լայն ճանաչում, ինչը մեր աշխատանքի բաղկացուցիչ մասն է: Անկեղծ կարող եմ ասել, որ սերիալում նկարվելով` փող չես աշխատում: Ինձ համար ավելի հետաքրքիր է տարբեր հեռուստաընկերությունների, տարբեր ռեժիսորների ու դերասանների հետ առնչվելու պրոցեսը: Պայմանագիր կնքելիս գիտեմ` որ կետերն են ինձ համապատասխանում, կհամաձայնեմ նկարվել, թե` ոչ”:

Արա Առաքելյանը եւ Քեթրին Մանասյանը


Հյուրախաղերի մասին. Օրեր առաջ վերադարձել ենք Միացյալ Նահանգներից: Լոս-Անջելեսում թատրոնի կազմով մասնակցում էինք “Աշխարհի թատրոններ” փառատոնին: “Ալեքս” թատրոնում խաղացինք մեկ ներկայացում` “Նազա՛ր, Նազա՛ր մինչեւ վերջ”-ը, գլխավոր դերերում` ես, Անդոն ու Ռաֆոն: Կազմակերպիչները հենց բեմում խոստացան, որ ամեն տարի հոկտեմբերին կմեկնենք ու կմասնակցենք:

Արա Առաքելյանը Կամերային թատրոնի կազմում չէ, բայց միասին ենք ճամփորդել: Ամերիկայում  հանգստացել ենք, նա նաեւ նվագել է հայ համայնքի համար: Նախատեսում ենք խումբը ունենալ եւ մեր երգացանկը: Ամռանն էլ Բաթումում ենք միասին ելույթ ունեցել, շատ լավ կազմակերպված համերգ էր:

Դերասանուհի Քեթրին Մանասյանը եւ սաքսոֆոնահար Արա Առաքելյանը


Տիկնիկների մասին. Ի դեպ, ուսանողական տարիներին աշխատել եմ Տիկնիկային թատրոնում, փնտրտուքների մեջ էի, տիկնիկ էի խաղացնում: Միեւնույն ներկայացման մեջ տարբեր կերպարների ձայնով խոսելը հետաքրքիր աշխատանք էր եւ իմ առաջին աշխատած գումարն էր դա: Այն ժամանակ Ուստիանի տիկնիկն էի խաղացնում, հիմա էլ Ուստիանի կերպարն եմ մարմնավորում:):

Ցավոք, դպրոցական տարիքում մայրաքաղաքի բոլոր թատրոնները հաճախել էի, բացի Կամերային թատրոնից: Հետաքրքիրն այն էր, որ երկրորդ օրվանից անցել եմ աշխատանքի:

Անելիքների մասին.
Այժմ Կամերային թատրոնում նոր բեմադրության վրա ենք աշխատում, ռուսական պիես է, որի երկխոսությունները, վերնագիրը փոխվելու են: Լուսինե Երնջակյանն է աշխատում այդ գործի վրա: Նաեւ մտածում ենք թատրոնում միասին խաղալու մասին, մանավանդ ռեժիսոր Արտաշես Արամն ինձ ու Արիկին մի պիես է նվիրել, թեեւ մի քիչ շատ է դրամատիզմը եւ հիմա այդ տրամադրության մեջ չենք, բայց միգուցե մեկ օր էլ թատրոնում լինենք միասին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Քեթրին Մանասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW