×


Ֆիլհարմոնիկ նվագախումբը տարին ամփոփել է Խատիա Բունիաթիշվիլիի հետ համերգով

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր համերգային տարին ամփոփել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ հանրահայտ դաշնակահար Խատիա Բունիաթիշվիլիի հետ համատեղ համերգով:

Աշխարհի լավագույն նվագախմբերը տարիներ շարունակ բանակցում են Խատիա Բունիաթիշվիլիի հետ ելույթ ունենալու համար: Երեւանյան համերգը հնարավոր է դարձել ՀԱՖՆ-ի եւ «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիայի շնորհիվ՝ ի դեմս ասոցիացիայի նախագահ Վարդուհի Խաչատրյանի:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը


Դաշնակահարուհին նվագախմբի հետ կատարել է Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Դեկտեմբերի 23-ի համերգից անմիջապես հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնել է հյուրախաղերի դեպի Չինաստան, որտեղ համերգներով հանդես կգա շուրջ 9 քաղաքում: Համերգային ծրագրում ընդգրկված են Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը», «Սպարտակը», Չայկովսկու «Շչելկունչիկը», Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետն» ու Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադեն»:

Նվագախմբի ելույթները ծրագրված են 2019 թվականի դեկտեմբերի 27-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 9-ը:

Խատիա Բունիաթիշվիլիի երեւանյան համերգին


Գալիք տարին կնշանավորվի ՀԱՖՆ-ի 95-ամյա եւ Բեթհովենի 250-ամյա հոբելյանների տոնակատարություններով: Բեթհովենի հոբելյանը ՀԱՖՆ-ը կնշի ամբողջ 2020թ.-ի ընթացքում՝ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնով։ ՀԱՖՆ-ի կատարմամբ կհնչեն Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացվի կոմպոզիտորի կամերային եւ վոկալ ժառանգությունը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին