×


Ֆուտբոլի ազգային հավաքականը շնորհավորել է “ՀՖՖ-Կոկա-Կոլա գավաթ 2012”-ի հաղթողներին

Հունիսի 3-ին Երեւանի “Փյունիկ” մարզադաշտում կայացել է “Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2012”  մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որի ժամանակ Գյումրու թիվ 15 դպրոցի թիմը 15:5 հաշվով հաղթանակ է տարել Մարտունու թիվ 3 դպրոցի նկատմամբ` նվաճելով “ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2012” միջնակարգ դպրոցների ֆուտբոլի գավաթը: Երրորդ տեղի համար պայքարում Գորիսի թիվ 6 դպրոցի թիմը 9:5 հաշվով առավելության է հասել Հրազդանի թիվ 11 դպրոցի թիմի նկատմամբ: 

Գյումրու եւ Մարտունու թիմերը “ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2012” մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը


Եզրափակիչ խաղի սկզբում առաջին հարվածն իրականացրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական ավագ Սարգիս Հովսեփյանը: Նշենք, որ մեր հավաքականի ֆուտբոլիստներն ամբողջ կազմով ներկա են եղել խաղին, մեդալներ ու պարգեւներ են հանձնել մասնակիցներին:

“ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2012” ֆուտբոլի գավաթը Գյումրու թիվ 15  դպրոցի թիմին հանձնել են Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ “Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա” ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: 

Յուրա Մովսիսյանն ու պատանի ֆուտբոլիստները


“Հաղթեց արժանի թիմը: Նայելով երեխաներին` նոստալգիա ապրեցի. ես էլ եմ փոքր տարիքում մասնակցել նման հանդիպումների: Խորհրդային տարիներին բակային ֆուտբոլը բարձր մակարդակի վրա էր”,-BRAVO.am-ին ասել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ նշել, որ նախագիծը նաեւ սոցիալական բնույթ ունի, որը երեխաներին կտրում է փողոցից:

Երգչուհի Լուսինե Աղաբեկյանը


“Կոկա-կոլա համակարգն ամբողջ աշխարհում աջակցում է սպորտի զարգացմանն ու առողջ ապրելակերպին` ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Ֆուտբոլի՝ արդեն ավանդույթ դարձած դպրոցական գավաթին այս տարի մասնակցում են Հայաստանում եւ Արցախում 2000-2001 թվականներին ծնված 5000-ից ավելի տղա եւ աղջիկ, որն 2000-ով ավելի է անցած տարվա մասնակիցների թվից”,-BRAVO.am-ին ասել է “Կոկա-Կոլա Հելլենիկ  Արմենիա” ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը պատանի ֆուտբոլիստի հետ


Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված թիմերի ֆուտբոլիստները Կոկա-Կոլա համակարգի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ստացել են համակարգիչներ, MP3 փլեյերներ, մարզահագուստներ եւ գնդակներ:

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Գյումրու թիմի խաղացող Ֆելիքս Ալոյանը ստացել է գնդակ, որի վրա իրենց ստորագրություններն են թողել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողները:

Տեքստը`Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW