“Երեխայի դեմքին նայելով` որոշեցինք անունը:)” Օրերս հայր դարձած Արամ MP3-ը BRAVO.am-ին պատմել է` ինչպես է իրեն զգում նոր կարգավիճակում: Պարզեցինք` զույգը փոքրիկին անվանակոչել է միայն նրան տեսնելուց հետո:): Հունիսի 24-ի առավոտյան ժամը 9:40-ին լույս աշխարհ է եկել փոքրիկ Առնոն: Արամը որդուն տեսել է նրա ծնվելուց տասը րոպե հետո. “Զարմացա, բառերով իսկապես չեմ կարող նկարագրել, ոչ մի բանի հետ չեմ կարող համեմատել այդ զգացողությունը: Չէի պատկերացնում, որ այդ անմեղ էակն արդեն մեզ հետ է ապրելու, մեր օգնության կարիքն է ունենալու: Արդեն գիտակցում եմ, որ ահավոր մեծ ու հաճելի պատասխանատվություն է իմ ուսերի վրա”: Արամը եւ նրա կինը` Աննան, նախապես մի քանի անունների տարբերակ են մտածել, բայց որոշել են տղային տեսնելուց հետո միայն անունը վերջնականապես որոշել: “Դեմքի միմիկաներին նայելով` հասկացանք, որ Առնո անունն իրոք համապատասխանում է: Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի հետ չենք կապում, բայց դա էլ իր տեղն ունի: Առնո անունն արտասանելիս դրական էմոցիաներ են մեջս առաջանում, առնական ու սիրուն է հնչում: Նաեւ շատ քիչ են այդ անվամբ մարդիկ, ասենք, դասարանում ասում են Արմեն, չորս հոգի ոտքի է կանգնում, իսկ Առնո անունից դժվար այդքան շատ լինի:)”,- ասաց հումորիստ-երգիչը: Արամ MP3-ը որդուն իրեն դեռ չի նմանեցնում. “Բայց տատիկ-պապիկներն ասում են, որ ինձ է նման: Դեռ փոքր է, շատ կփոխվի արտաքնապես, մի քիչ որ մեծանա, հաստատ կասեմ` նման է ինձ, թե` ոչ”: Առնոն Արամի ծնողների առաջին թոռնիկն է, Աննայի ծնողների` երկրորդը. “Աննան իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ նորմալ է: Առնոյի շորերը, օրորոցը, իր հետ կապված ամեն ինչ արդեն տուն ենք բերել, հատուկ անկյուն ենք սարքել”: Աղջիկ էր ուզում Հումորիստ-երգչի խոսքով` իր համար այնքան էլ նշանակություն չուներ առաջնեկի սեռը. “Նույնիսկ ավելի շատ ուզում էի աղջիկ ունենալ, որովհետեւ քույր չեմ ունեցել, եւ հետո մեր ցեղում միշտ քիչ աղջիկներ են ծնվել: Իրոք, առաջին երեխայի համար հատուկ չեմ մտածել, բայց կցանկանամ, որ երկրորդն աղջիկ լինի, թեկուզ զույգ աղջիկներ: Թող բոլորն էլ շատ երեխաներ ունենան, որ հետագայում երջանիկ զգան իրենց, ինչպես իմ տատիկը, որն արդեն 12 ծոռ ունի: Նրա համար ավելի երջանիկ բան չկա, երբ երեխաները, թոռներն ու ծոռները միասին հավաքվում են: Նույնիսկ կարելի է համերգ կազմակերպել:)”: Չեն ճնշելու:) Մինչ փոքրիկի ծնվելը Արամ MP3-ը կարդացել է մանկական հոգեբանությանն առնչվող գրքեր ու եկել հետեւյալ եզրակացության. “Երեխային չի կարելի ճնշել, նրա ցանկություններին պետք չէ դեմ գնալ, եթե ուզենա նկարել տան պատերին, միգուցե դա նրան օգտակար լինի: Երբ վերանորոգում էի տունը, գիտակցում էի, որ պատերի պաստառները մի օր պոկելու է: Հիշում եմ, թե ինչ չարաճճի երեխա եմ եղել, ինչ վատ էր, որ արգելում էին իմ ուզածն անեի: Երեխայի ֆանտազիան անսահման է, ինչքան հնարավոր է` ազատ պետք է մեծանա: Երբ հասունանա, ինքը կորոշի, թե ինչով զբաղվի` սպորտով, երգով, թե ուրիշ հետաքրքրություն կունենա: Առաջին երեխան է, թող մի քիչ լկստված լինի:): Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Արամ MP3-ի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: