“Ես ու կինս հիմա իրար նույնիսկ ավելի շատ ենք սիրում” Մայրության, գեղեցկության, նրբագեղության եւ կանացիության տոնը` Մարտի 8-ը, մեր քաղաքի տարբեր վայրերում տարբեր կերպ են նշում: “Kami” ակումբում ռետրո երաժշտության օր էր: DJ Dale-ը եւ DJ Smoke-ը հնչեցնում էին 90-ական թվականների հայտնի հիթերը: Սակայն բազմամարդ “Kami”-ն սպասում էր հատուկ հրավիրված հյուրին`հատկապես կանանց ու աղջիկների կոզմից սիրված երգիչ Արսեն Սաֆարյանին: “Շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ը: Ուզում եմ ցանկանալ ամենագեղեցիկն ու բարին: Այսօր ուզում եմ ձեզ նվիրել իմ ռետրո երգերը”,- ասաց Արսեն Սաֆարյանը: Հնչեցին Արսեն Սաֆարյանի սիրված ու ճանաչված հիթերը` “Քո անունը’’, ‘’Քամի’’: Չկասկածեք, վերջում հնչեց նաեւ “Քո տոնը շնորհավոր” երգը եւ նվիրվեց գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին :): Իսկ ելույթից հետո Արսեն Սաֆարյանը սիրով համաձայնվեց զրուցել մեզ հետ սիրո, ընտանիքի ու Մարտի 8-ի մասին եւ անկեղծորեն պատասխանեց բոլոր հարցերին: - Արդեն տասներորդ տարին է` ամուսնացած եք: Երկու բալիկ ունեք: Էքզուպերին իր “Փոքրիկ Իշխանում” գրում էր. “Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք”: Լինելով հանրահայտ, այդքան կանանց կողմից սիրված` ինչպե՞ս է քեզ հաջողվում պահպանել այդ պատասխանատվությունը: - Ես չեմ փորձի տարբերվել ու չեմ ասի, որ հեշտ էր ամեն ինչ: Մենք աշխատում ենք այնպիսի բնագավառում, որ ամեն օր շփվում ես շատ տարբեր, գեղեցիկ ու հետաքրքիր կանանց ու աղջիկների հետ եւ պետք է կարողանաս դիմակայել այդ հրապուրանքին: Անհամեստություն չլինի ասել, բայց իմ ու իմ նման մի քանի հոգու դեպքում, երբ այդ հրապուրանքը շատ մեծ չափաբաժին է կազմում, առավել դժվար է: Բայց երբ գիտակցում ես, թե քեզ համար ինչն է կարեւոր, հենց այդ գիտակցությունն է ստիպում քեզ պահպանել այդ պատասխանատվությունը: Եթե մի քիչ կամքից թույլ լինես ու տարվես հաճույքներով, ամեն ինչ կկորցնես: Տղամարդու համար գոյություն ունի կանացի գրավչություն, կիրք ու սիրահարություն: - Բայց ասում են՝ արտիստը պետք է հաճախ սիրահարվի :): - Ես համամիտ չեմ :): - Միգուցե կարելի՞ է մի քանի անգամ սիրահարվել միեւնույն կնոջը: - Ոչ թե սիրահարվում ես, այլ պարզապես ժամանակի ընթացքում սերը փոխակերպվում է: Սերը ինչ-որ փուլեր ունի: Օրինակ` ես ու կինս հիմա իրար նույնիսկ ավելի շատ ենք սիրում, ու դա հենց այդպես էլ կա: Դա փաստ է, ու մի քանի օր առաջ մենք խոստովանեցինք այդ մասին միմյանց: Եթե հիշենք սկզբնական սիրահարության շրջանը` ծաղիկներ, առաջին համբույրը եւ այլն, մեր դեպքում հակառակն է եղել: Քանի գնացել է, սերը ավելի է աճել: Ու փառք Աստծո մենք այսօր շատ պինդ ենք: Այդ ամենը երկկողմանի ճիշտ պահվածքից է գալիս: Դժվար է, երբ քեզ շրջապատում է չափից դուրս շատ դրական էներգիա, ու քեզ մնում է միայն “գլխով անել” ու …, բայց մեզ մոտ իրոք նման խնդիրներ չկան: - Ձեր սիրո խոստովանությունը ինչպե՞ս է եղել: - Ես չեմ ասել “ես սիրում եմ քեզ”, ասել եմ “ես տեսնում եմ մեր երեխաներին եւ մեր ապագա ընտանիքը”: Ու առհասարակ կարծում եմ, եթե կինը ուզում է զգալ, տղամարդը իրեն լուրջ է վերաբերվում, թե ոչ, պետք է հասկանա՝ տղամարդը նայում է իրեն որպես իր երեխաների մայր, թե ուղղակի որպես հաճույք: - Իսկ դու խանդո՞տ ես: - Իմ կինը հիմա աշխատում է: Երբ չէր աշխատում, մի քիչ այլ էր: Երբ նա աշխատանքի է գնում, ու տեսնում եմ, որքան գեղեցկացած է գնում, չնայած միշտ է հետեւում իրեն ու միշտ գեղեցիկ է, ամեն դեպքում, ինչ-որ բան արթնանում է իմ մեջ :): Ի դեպ, ինձ համար ամենից գեղեցիկը կինս հղի ժամանակ է, ընդհանրապես, կանայք հղի ժամանակ շատ գեղեցիկ են: - Պահանջված կինը ավելի՞ սիրելի է: - Ես շատ վատ կզգամ, եթե կինս փնթի, չխնամված տեսք ունենա: Խնամվածությունը ամենից կարեւոր է: Սիրում եմ, երբ կինը եռանդուն է, ու երբ եռանդը ճիշտ տեղ է ծախսվում, թե չէ հետո կարող է վատ ուղղությամբ ծախսվել: Կնոջ եռանդը օգնում է տղամարդուն: - Ձեր մասին միշտ խոսում են որպես օրինակելի ընտանիք: Լավ է, որ հիմա համոզվում եմ դրանում :): - Գիտես, միշտ կատակում ու ասում եմ կնոջս, որ ես չարյաց փոքրագույնն եմ :): - Իսկ մեր շոու բիզնեսում ովքե՞ր են քեզ համար օրինակելի ընտանիքներ: - Արամոն ու Էմման, Արսեն Գրիգորյանը ու Ջուլիետան, ու հաստատ էլի կան: -Ասում են, տղամարդը իր կնոջ մեջ միշտ իր մորից մի բան է գտնում, ինչ-որ կերպարային նմանություն: Ձեր դեպքում նման բան կա՞: - Հա, կա :): Կնոջս դեմքի ազնվությունը, անկեղծությունը, մաքրությունն եմ նմանեցրել մորս: -Իսկ կա՞ր բնավորության որեւէ գիծ, որ չէիր հավանել նրա մեջ, բայց ժամանակի ընթացքում փոխեցիր կամ համակերպվեցիր: - Էսպես թե էնպես, մարդիկ տարբեր են, ու չի կարող այնպես լինել, որ ամեն ինչ մարդու մեջ դիմացինին դուր գա: Նամանավանդ կենցաղում: Կենցաղը աշխարհի ամենազզվելի բանն ա :): Եթե դուք կարողանում եք կենցաղում լեզու գտնել, ուրեմն իմացեք, որ շատ եք սիրում միմյանց: Կենցաղում էգոները կռվում են իրար հետ: Շատ բան էլ իրեն դուր չի գալիս իմ մեջ: Բայց մենք ոչ թե համակերպվում ենք, այլ պարզապես գիտենք, որ սիրում ենք միմյանց, ու գիտենք, որ ունենք էնպիսի մի արժեք, որ քչերն ունեն, նամանավանդ մեր ժամանակներում: - Ո՞ր ավանդույթն ես հայրական ընտանիքից փոխանցել քո ընտանիք: - Շատ էի մտածում, կկարողանա՞մ դաստիարակել երեխաներիս ճիշտ: Բայց հիմա եմ հասկանում, որ դաստիարակում եմ նրանց այնպես, ինչպես իմ ծնողները` ինձ: Հայրս կարգ ու կանոն սիրող մարդ է, մայրս` ուսուցչուհի: Դստերս գիրք եմ գնել որպես նվեր:): - Իսկ կնոջդ ի՞նչ ես գնել: - Օծանելիք: Ու դրա պատճառով նույնիսկ մի քիչ ուշացել եմ գործերիցս, բայց ոչինչ, գործերը կսպասեն: Ես այդ եզրակացությանն եմ եկել, որ գործերը կսպասեն :): - Եղե՞լ է, որ նվեր գնես ու կինդ չհավանի :): - Գիտես, նվերներիս 80% միշտ հավանել է: Նամանավանդ միշտ հիանում է իմ` ծաղիկների ընտրությամբ: Հնարավորությունը չի խնդիրը, ես միշտ փորձել եմ ընտրել այն, ինչ իրեն մոտ կլինի: - Ուրեմն լա՞վ եք ճանաչում միմյանց: - Կնոջը չես կարող ճանաչել:): Հետաքրքիր է, երբ կինը բացահայտված չէ: Դա մի կողմից լավ է, մյուս կողմից` վատ: - Քեզ համար գեղեցկության, մայրության մարմնավորումը ո՞վ է: - Մայրս է: Գիտես, ինչն է հետաքրքիր. կինս շատ նման է այն դերասանուհուն, ով ինձ դուր է գալիս` Մոնիկա Բելուչիին: Լինում է, երբ նայում ես ու նկատում ուրիշ կանաց գեղեցկությունը, բայց հետո նայում ես ու զգում, որ քո կինը ավելի գեղեցիկ է ու լավը: - Ձեր տան գլուխը դու՞ ես, իսկ վիզը` կի՞նդ: - Մենք հիմնականում բոլոր հարցերի շուրջ խորհրդակցում ենք: Կինը պիտի կին մնա, տղամարդը` տղամարդ: Ու եթե կինը մոռանում է այդ մասին, տղամարդը պետք է անպայման հիշեցնի: Ու նույնն էլ հակառակը: Ես համ ավանդական մտածելակերպ ունեմ, համ` ժամանակակից: Ամենակարեւորը` կինը պետք է մշտապես զգա, որ իր կողքը ուժեղ տղամարդ կա: Զրուցեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: