×


Բա իմացա՞ր

Բա իմացա՞ր

Ներկայացնում է «Ե՞ս Yes» ամսագիրը Ի՞նչ են խոսում. Անդրեն նշանվել է: Իրականում. տեւական ժամանակ է` Անդրեի երկրպագուները խնդրում էին պարզել` արդյոք ճի՞շտ են Անդրեի նշանադրության մասին լուրերը: Այդ խոսակցությունները վերստին ակտիվացան, երբ սիրված երգչին նրա երկրպագուները «բռնացրին» գեղեցկատես մի օրիորդի ուղեկցությամբ: Անդրեի խենթ երկրպագուները, որ երգչին բազմաթիվ անգամ ամուսնացրել էին էլ երկրպագուներից մեկի, էլ ոմն հարուստ ժառանգորդուհու հետ, այս անգամ չէին սխալվում: «Ընկերուհիս է` Անին, թե ապագայում ինչ կլինի, ժամանակը ցույց կտա: Մենք դեռեւս վայելում ենք մեր սիրո գարունը»,- ասաց Անդրեն: Ինչ վերաբերում է Անիի մատանուն, որն, ըստ խոսակցությունների, Անդրեն է նվիրել, երգիչը շեշտեց. «Չեմ պատրաստվում անձնական կյանքս դարձնել բիզնես-նախագիծ: Ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում իմ` նշանված լինելու մասին խոսակցությունները»: Իմիջիայլոց նկատենք, լուսանկարներում Անիի մատանին աջ ձեռքի միջնամատին է, ինչն էլ թերեւս ապացուցում է, որ երգիչը դեռեւս նշանված չէ: Andre & Ani Տեղեկացնենք, որ զույգը ծանոթացել է Հոլանդիայում` աղջկա բարեկամներից մեկի կազմակերպած մի միջոցառման ժամանակ: Անին ծնվել է Գերմանիայում, որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան. այստեղ Անին անգամ դպրոց է հաճախել, ապա մեկնել են Հոլանդիա եւ մինչեւ այժմ էլ բնակվում են այնտեղ: Անդրեի եւ մասնագիտությամբ մանկավարժ Անիի սիրո պատմությունը 1,5 ամսական է, սակայն նրանք հանդիպման ոչ մի հնարավորություն բաց չեն թողնում: «Այժմ մեծ հաճույքով եմ ընդունում համերգային առաջարկությունները, որ ստանում եմ Հոլանդիայից կամ էլ մոտակա եվրոպական ցանկացած երկրից: Ահա Անին էլ եկավ Երեւան` քրոջս` Անուշի հարսանիքին»,- նկատեց նա` ավելացնելով, որ Անին գիտեր իր մասին եւ 2007-ին իր համերգին ներկա է գտվել, թեեւ իր երկրպագուհին չէ եւ Անդրեի ռոմանտիկ երգերն է միայն հավանում: Ի դեպ, Անդրեի պրոդյուսեր-քույրը շատ է հավանել եղբոր ընկերուհուն: Ինչպես նկատեց երգիչը. «Քրոջս հետ այնքան մտերիմ ենք` ասես երկվորյակներ լինենք: Շատ կապված ենք բոլոր հարցերում, եւ դա երբեմն նույնիսկ խանգարում էր մեր անձնական կյանքը դասավորելուն: Անին այն եզակի աղջիկներից էր, որ քրոջս հավանությանն արժանացավ»: Andre & Ani Տեղյակ էինք նաեւ, որ Անդրեն վերջերս առողջական խնդիրներ է ունեցել: Երգիչը հաստատեց նաեւ այս լուրը` հայտնելով, որ Ատլանտյան օվկիանոսի ափին հանգստանալիս մրսել էր եւ 26 օր թոքաբորբով պառկել. հիվանդության պատճառով երգիչը կորցրել է 2-3կգ քաշ: Սակայն վստահեցրեց, որ թոքաբորբը ձայնալարերի վրա չի ազդել: Անձնական կյանքի փոփոխություններից զատ, Անդրեն բուռն ստեղծագործական գործունեություն է ծավալում. թողարկման է պատրաստում իր հերթական ձայնասկավառակը, որ կոչվելու է «Անդրենալին»: Բացի այդ, շուտով եթերում կլինեն մի քանի նոր տեահոլովակներ, տեղի կունենա երեւանյան խոստացած մենահամերգը, ինչպես նաեւ համերգային շրջագայություններ ԱՄՆ-ում եւ Իսրայելում: Ի՞նչ են խոսում. երիտասարդ երգչուհիներ Մարին եւ Մարթան հաջողությամբ հանձնել են քննություններն ու ընդունվել իրենց նախընտրած բուհերը: Mari Իրականում. լուրը համապատասխանում է իրականությանը: Այս տարի դպրոցն ավարտելուց հետո աղջիկները պատրաստվում էին ընդունվել համալսարան` օտար լեզուների մասնագիտությամբ: Քննությունների ավարտից հետո պարզ դարձավ, որ նրանք երկուսն էլ հաջողությամբ են հանձնել քննությունները եւ ընդունվել դիմում-հայտով նշած բուհերը: Մարին ընդունվել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլերեն բանասիրության բաժինը, իսկ Մարթան` ԵՊՀ ռոմանագերմանական ‎ֆակուլտետի նույն բաժինը: Երկուսն էլ նշեցին, որ չափազանց շատ են վախեցել քննությունների ընթացքում: «Երբեք չէի պատկերացնի, որ այդքան ծանր կտանեմ քննաշրջանը, վախից եւ փորս էր ցավում, եւ գլուխս, չգիտեի` ինչ էր կատարվում»- պատմեց Մարին: Marta Մարթան եւս շատ է վախեցել քննություններից, ավելի շատ նրան շփոթության է մատնել հայոց լեզվի քննության թեստը, որը, ըստ նրա, խայտառակություն էր: «Այդ քննությունից հետո մյուս քննություններին անվստահ էի գնում, սակայն բոլորն էլ հաջողությամբ հանձնեցի»,- նկատեց Մարթան: Նրանց խոսքերով` քննություններին քննական հանձնաժողովի անդամները ճանաչել են իրենց, իսկ Մարթային տեսնելով քննասենյակում, հսկիչներից մեկը զարմացել է` հարցնելով, թե ինչու կոնսերվատորիա չի դիմել: Նշենք, որ երգչուհիները գոհ չէին իրենց քննությունների արդյունքներից եւ ասում են, որ կարող էին ավելի բարձր միավորներ հավաքել: Մարին, սակայն, խուսափեց հրապարակել ընդհանուր միավորների գումարը` միայն ասաց, որ ոչ բարձր եւ ոչ էլ շատ ցածր միավորներ է հավաքել, իսկ Մարթայի միավորների ընդհանուր գումարը 44. 25 է: Մարին մինչ դասի գնալը հանգստանալու մեկնեց Մոսկվա, որտեղից վերադարձավ ուսանողուհուն անհրաժեշտ բոլոր պարագաներով, իսկ Մարթան դեռ չի պատկերացնում, որ սեպտեմբերից ոչ թե դպրոց, այլ համալսարան է գնալու: Ի՞նչ են խոսում. երգչուհի Շպռօտը ‎ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում ավարտել ԱՄՆ-ում նկարահանվող տեսահոլովակն ու վերադառնալ Հայաստան: Shprot Իրականում. լուրը կարծես թե չի համապատասխանում իրականությանը, քանի որ երգչուհին տեղեկացրեց, որ ‎ֆինանսական առումով ամեն բան «ok» է եւ իրեն բոլոր հարցերով աջակցում է իր` ԱՄՆ-ի նոր ընկեր-բարեկամը: Նա ասաց, որ շարունակում է նոր երգեր ձայնագրել: Հիշեցնենք, որ Շպռօտը Հայաստան պետք է վերադառնար դեռեւս օգոստոսին, սակայն, ինչպես ինքն ասաց, ԱՄՆ դեսպանատանը օրենքի` ժամկետի խախտման հետ կապված խնդիրներ չունի. երգչուհին օրինական կերպով երկարացրել է ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը: «Ուզում եմ այստեղի շուկայի համար աշխատել, բայց չեմ ուզում անել այն, ինչ այստեղ են անում կամ այն, ինչ արել եմ Հայաստանում: Արամ Ավագյանի ու երաժշտական պրոդյուսեր Արմեն Մխիթարյանի հետ մի նոր բան ենք մտածում»,- տեղեկացրեց Շպռօտը` նշելով, որ հատուկ ԱՄՆ-ի շոու-բիզնես մուտք գործելու համար նոր ‎ֆոտոսեսիաներ է արել, որի մասին չցանկացավ ավելի հանգամանալից խոսել: Բացի բազում ձայնագրություններն ու ֆոտոսեսիաները, երգչուհին ԱՄՆ-ում նկարահանվել է USArmenia ալիքի «Լոս» սերիալում, որտեղ հերոսուհու անունը հենց Անի է, իսկ մարմնավորած կերպարի մասին նախընտրեց լռել, քանի որ սերիալը դեռ եթերում չէ: Ինչ վերաբերում է անձնականին, երգչուհին վստահեցրեց, որ ոչ մի փոփոխություն չկա, պարզապես հավելեց, որ ինքն ու Էռնեստը ջերմ հարաբերություններ ունեն, շփվում են ինտերնետով եւ որ ինքը Էռնեստին շատ է սիրում: Ի՞նչ են խոսում. Անդրեի քույր ու պրոդյուսեր Անուշ Հովնանյանն ամուսնացել է: Anush & Ashot Իրականում. լուրը համապատասխանում է իրականությանը: Վերջերս Երեւանի բուսաբանական այգում տեղի ունեցավ Անուշ Հովնանյանի եւ Աշոտ Մանգասարյանի պսակադրության արարողությունը: 2005թ.-ի ամռանը Անուշենք որոշում են ընկերներով խենթություն անել` ամռան շոգին խաշ ուտել: Ամառային այս խենթությունն էլ ճակատագրական եղավ Անուշի եւ Աշոտի համար` նրանք առաջին անգամ հանդիպեցին: Սակայն դրանից մի քանի տարի անց` 2009թ. օգոստոսին մոսկվաբնակ 25-ամյա բիզնեսմեն Աշոտի (ըստ Անուշի` նա Մոսկվայում մեծ ընկերության տնօրեն է) եւ պրոդյուսեր Անուշի հարաբերությունները կարծես նոր փուլ թեւակոխեցին, առավել մտերմիկ դարձան: Եվ ահա 2009-ի օգոստոսի 5-ին էլ զույգը որոշեց նշանադրվել, իսկ ընկերությունից ուղիղ 1 տարի անց նույն օրը` այս օգոստոսի 5-ին, կազմակերպել պսակադրությունը: Անուշի եւ Աշոտի հարսանեկան արարողությունն անցել է շատ մտերմիկ շրջանակում, որոնց թվում էին նաեւ հայտնիներից մի քանիսը: Իսկ ահա ռեստորանային համալիրում զույգին իրենց երգերը նվիրեցին հարսի եղբայրը` Անդրեն, Եվա Ռիվասը, Ֆլորա Մարտիրոսյանը: Սեփական հարսանիքին երգեց նաեւ Անուշը: Այժմ նորապսակներն իրենց մեղրամիսն են վայելում Իտալիայում` Հռոմում, որտեղից կմեկնեն Մոսկվա` ամուսնու ծնողների մոտ: Անուշը մեզ տեղեկացրեց նաեւ, որ ամուսնու հետ բնակվելու են Մոսկվայում, սակայն դա ամենեւին էլ չի խանգարի, որ նա զբաղվի Անդրեի պրոդյուսերությամբ: Ի՞նչ են խոսում. դերասանուհի-հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը բալիկ է ունեցել: Narine Sultanyan Իրականում. այս ուրախալի լուրը համապատասխանում է իրականությանը: Նարինե Սուլթանյանը օգոստոսի 5-ին աղջիկ է ունեցել: Հաղորդավարուհին բալիկի ծննդյան կապակցությամբ որեւէ մանրամասն հաղորդել չի ցանկանում: Պատճառը Հայաստանից չափազանց հեռու գտնվելն է: «Երբ սեպտեմբերի վերջին վերադառնամ Հայաստան, այդ ժամանակ էլ կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծեց Նարինեն, ումից կարողացանք միայն կորզել, որ փոքրիկն իրեն լավ է զգում եւ ամեն ինչ շատ լավ է: Ինչեւէ, հարգելով Նարինեի ցանկությունը եւ շնորհավորելով առաջնեկի ծննդյան կապակցությամբ, միայն տեղեկացնենք, որ հաղորդավարուհին բալիկն ունեցել է ԱՄՆ-ում` ինչպես մեր շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ: Չենք կարող վստահաբար ասել, թե Նարինե Սուլթանյանը գերադասել է ծննդաբերել ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում, քանի որ չի վստահում մեր գինեկոլոգներին, թե այլ հիմավոր պատճառներ կային, այնուամենայիվ, փաստ է, որ նա եւս հետ չմնաց վերջերս ձեւավորված միտումից: Նյութը` «Ե՞ս Yes» ամսագրի Լուսանկարները` Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին