Երբ հարաբերությունների հիմքում սուտ ու քծնանք է լինում, իսկական խառնաշփոթ կարող է առաջացնել նույնիսկ մեկ սիրային նամակը՝ բարդ ու զվարճալի պատմության մեջ ներքաշելով նաեւ ընկերներին ու հարազատներին: Այսպիսի մի իրավիճակ է նկարագրվում ռեժիսոր Արմեն Խանդիկյանի բեմադրած «Տիկնայք եւ պարոնայք» կամ «Մի սիրային նամակի պատմություն» նոր ներկայացման մեջ: Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն իր նոր բեմադրությունը ստեղծել է անգլիացի հեղինակներ Ռեյ Կունիի եւ Ջոն Չեմպենի համանուն պիեսի հիման վրա: Կատակերգության փակ պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը, զրուցել բեմադրիչի եւ դերասանների հետ, ինչպես նաեւ լուսանկարել ներկայացման հետաքրքիր դրվագները:
«Տիկնայք եւ պարոնայք»` նոր ներկայացում Դրամատիկական թատրոնում
«Այսօր պրեմիերա չէ, ներկայացման վերջին գլխավոր փորձն է (ժպտում է,- հեղ.): Ներկա են մեր հարազատները եւ ամենակարեւորը՝ գեղարվեստական խորհրդի անդամները: Ներկայացումը դիտելուց հետո նրանք իրենց տպավորություններն ու կարծիքը կհայտնեն ամբողջ այն խմբին, որն այսօր բեմում է լինելու»,- մեր զրույցում ասաց Արմեն Խանդիկյանը:
Նա նշեց, որ պիեսն է իրենց թելադրել ուրախ ու զվարճալի ներկայացում բեմադրել, որը նույնիսկ դժվար է կատակերգություն համարել.«Շատ դրական լիցքեր հաղորդող ներկայացում է, որի շնորհիվ ցանկանում ենք մեկուկես ժամ տեւողությամբ որակյալ ժամանց պարգեւել մեր հանդիսատեսին: Պիեսը թարմ է, այսինքն՝ 4-5 տարի առաջ է գրվել: Անգլիական հրաշալի երկխոսություններ են եւ հումոր՝ ոչ էժանագին: Շատ անսպասելի ներկայացում է, պիտի ինքներդ դիտեք: Պրեմիերան նախատեսված է մարտի 30-ին եւ 31-ին, ինչպես նաեւ ապրիլի 7-ին՝ կանանց այդ գեղեցիկ օրվա առթիվ»:
«Տիկնայք եւ պարոնայք» ներկայացման փակ պրեմիերային
Մենք, իհարկե, ներկայացումը դիտեցինք, եւ հետաքրքիր էր հետեւել հատկապես հանդիսատեսի արձագանքին: Դերասանական վարպետությունն ու պրոֆեիոնալ խաղը, անսպասելի իրավիճակներն ու զվարճալի պատմությունները կարծես թե հավանության արժանացան առաջին հանդիսատեսի կողմից: Ծիծաղն ու ծափերը նույնպես իրենց հիմնական ներկայությունն էին հաստատել նրանց շարքերում: Նշենք, որ ներկայացման դերերում հանդես են գալիս Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանը, Մարիամ Ադամյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Էվելինա Շահիրյանը, Էրիկ Սարգսյանը, Ալիսա Մելիքսեթյանը եւ Էմմա Մանուկյանը:
«Տիկնայք եւ պարոնայք»` նոր ներկայացում Դրամատիկական թատրոնում
Արտաշես Մխիթարյանը, խոսելով իր կերպարի մասին, նկատեց՝ անհավանական պատմությունը, որում հայտնվում են նաեւ իր կինն ու ընկերները, հենց իր սխալների ու անպատասխանատու վարքի պատճառով է առաջանում: Ասաց` նախկինում նման կերպար իր խաղացանկում չի ունեցել, եւ այդ առումով աշխատանքը հետաքրքիր է եղել ու միաժամանակ բարդ: Մարիամ Ադամյանն էլ, ով ներկայացման մեջ հանդես է գալիս Արտաշեսի կնոջ կերպարում, ընդգծեց` իրավիճակի ծիծաղելիությունը նրանում է, որ բոլոր հերոսները միամիտ ու անսպասելի են հայտնվում նման խճճված պատմության մեջ:
«Տիկնայք եւ պարոնայք»` նոր ներկայացում Դրամատիկական թատրոնում
Դրամատիկական թատրոնում, որի խաղացանկում այնքան էլ շատ չեն կատակերգությունները, հույս ունեն, որ նոր ներկայացումն անպայման կգտնի իր հանդիսատեսին ու կդառնա սիրված բեմադրություններից մեկը: Դերասան Բաբկեն Չոբանյանը, օրինակ, մեր զրույցում անկեղծորեն խոստովանեց, որ վստահաբար չի կարելի ասել՝ հանդիսատեսը կսիրի այն, թե ոչ, բայց իրենք նման ակնկալիքներ ունեն: Այնպես որ, եթե հետաքրքիր պատմությունների ու լավ հումորի սիրահար եք, ապա, հավանաբար, այս ներկայացման հանդիսատեսը հենց դուք եք:):
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շաքե Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: