“Դեռ բարձունքի չեմ հասել, չեմ էլ ուզում, որովհետեւ բարձունք չկա” BBC-ի վարկածով հարսանեկան լուսանկարիչների լավագույն հնգյակի մեջ հայտնված եւ թվային պաստառների արտադրությունը ներմուծած ավստրալահայ կապուտաչյա, ժպտերես, մեծ հումորի զգացումով Երվանտ Զանազանյանը այն եզակի անձնավորություններից է, ում հետ հետաքրքիր ու անմիջական զրույցը ծավալվում է հանդիպման հենց առաջին վայրկյաններից: Իսկ զրույցն էլ հասարակ չէ. յուրաքանչյուր նախադասություն ամփոփվում է դրական էմոցիաներով, լավատեսությամբ ու խորհելու տեղիք է տալիս: Ու չնայած Երվանտն իրեն հատուկ համեստությամբ չի սիրում եւ կարեւորություն չի տալիս լավագույն հիթ-շքերթներին, թոփ տասնյակներին եւ տարբեր ռեյտինգներին` դրանք ապուշություններ անվանելով, չենք կարող չնշել, որ նա Ավստրալիայում միակն է, ում ԱՄՆ-ի Հարսանեկան եւ դիմանկարների լուսանկարիչներ միջազգային կազմակերպությունը շնորհել է “Կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների եւ հարսանեկան լուսանկարչության ոլորտում նոր հորիզոններ ներկայացնելու համար” հեղինակավոր մրցանակը: Սա միայն մեկն է մյուս հեղինակավոր մրցանակներից, որոնց արժանացել է մեր հայրենակիցը: Բացի հիթ-շքերթներից, Երվանտը չի սիրում նաեւ “աստղ” հաճախորդներին` նախապատվությունը տալով սովորական մարդկանց, ովքեր ոգեշնչվում եւ սիրով են լցվում, երբ դիտում են իր աշխատանքները: Այդ հաճախորդներից էին նաեւ Նարեկն ու Անին Հայաստանից, ովքեր էլեկտրոնային նամակ են ուղարկել Երվանտին` ասելով, որ հիացած են իր գործերով ու խնդրել Հայաստան գալ` իրենց հարսանյաց արարողությունը լուսանկարելու: Երվանտը տեղեկացնում է արժեքի մասին, Անին ու Նարեկը` հրաժարվում:): Լուսանկարիչը մտափոխվում է ու խնդրում վճարել միայն ճանապարհածախսը: Ու հենց այս առիթն էլ երկրորդ անգամ Երեւան է բերել Երվանտին: Երվանտ Զանազանյանի անցած ուղին Սենեկայի “Տատասկների միջով դեպի աստղեր” ասացվածքն է հիշեցնում: Նրա հայրը Եթովպիայի թագավորական լուսանկարիչ Հակոբ Զանազանյանն է, որտեղ եւ ծնվել է Երվանտը: Այնուհետեւ տեղափոխվել են Ավստրալիա` Մելբուռն: Երվանտը խոստովանում է, որ բացի լուսանկարելուց, ոչ մի ուրիշ հետաքրքրություն չի ունեցել. “Հինգ տարեկանից լուսանկարչական ապարատ է ձեռքս եղել, միայն մեկ հետաքրքրություն ունեի` լուսանկարել ու նկարներ տպել թե գունավոր, թե սեւ ու սպիտակ”: Արդյունքում 11 տարեկանում տղան Եթովպիայի կայսեր կողմից արժանացել է իր առաջին մրցանակին` “Աֆրիկյան բնապատկեր” լուսանկարի համար: Երվանտը անդադար պնդում է, որ ուզում է հարսանեկան լուսանկարիչ դառնալ: Ուսուցիչները պատասխանել են` ավելի լավ է դադարեցնի ուսումը, որովհետեւ հարսանիք նկարելու համար կրթություն պետք չէ: Արդյունքում Երվանտն ավարտում է Վենետիկի Մուրադ- Ռաֆայելյան վարժարանն ու Մելբուռնի լուսանկարչական քոլեջը: Երվանտը խոստովանում է, որ որպես լուսանկարիչ իր կայացման հարցում մեծ դեր է ունեցել կինը` բիզնես-լեդի Անին, ով մշտապես հաջողություն է բերում իրեն: “Անին էր, որ ամեն ինչ փոխեց: Նա բիզնեսով է զբաղվում, իսկ ես արտիստ եմ, ես հեռու եմ այդ ամենից”,-ասաց Երվանտն ու հետաքրքիր պատմություն հիշեց. “Երբ նոր էինք ամուսնացել, գրպաններումս 5 դոլար ունեինք, մեկնեցինք մեղրամսի ու փոքեր խաղալու համար նախատեսված ավտոմատում խաղարկեցինք այդ գումարը` արդյունքում շահելով 800 դոլար:)”: Երվանտի հաջողության գրավականն այն է, որ նա մի շարք նորարարություններ ներմուծեց հարսանեկան լուսանկարչության աշխարհ` ստեղծելով, օրինակ, ինքնատիպ ալբոմներ: Չվախեցավ փորձել եւ ռիսկի դիմել` հավատալով, որ ոտքի է կանգնելու եւ կայանալու է: Մի շարք դժվարություններ եւ հիասթափություններ հաղթահարելուց հետո Երվանտը, վերջապես, հիմնադրեց իր բուտիկ-ստուդիան: Հիմա այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են “Kodak”-ը, “Cannon”-ը, համագործակցում են Երվանտի հետ ու աջակցում ամեն հարցում: Նրան հրավիրում են վարպետության դասեր մատուցելու եւ փորձով կիսվելու: “Մի կարծեք, թե ամեն ինչ միանգամից է լինում: Միանգամից որեւէ բանի հասնողներն անցողիկ են, թագավորները շատ շուտ վար են ընկնում: Ամեն անգամ, երբ վերելք եմ ունենում, ոտքս սայթաքում է ու նորից պետք է սկսեմ: Դեռ բարձունքի չեմ հասել եւ չեմ էլ ուզում հասնել, որովհետեւ բարձունք չկա”,- ասաց լուսանկարիչը: Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/ եւ Երվանտ Զանազանյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: