Երգչուհու վերջին սինգլը կթողարկվի բարեգործական նպատակներով Վաղաժամ մահացած Էմի Ուայնհաուսի վերջին երգը կթողարկվի սինգլի տեսքով: “Body and Soul’’-ը 27-ամյա երգչուհին ձայնագրել է ամերիկացի հայտնի երգիչ Թոնի Բենետի հետ 2011 թվականի մարտին: MTV-ի հաղորդմամբ` սինգլը կթողարկվի բարեգործական նպատակներով: Էմին եւ Թոնին ներկայացնում են 1930 թվականին ձայնագրված “Body and Soul’’ երգի իրենց տարբերակը: Ձայնագրություններն իրականացվել են Լոնդոնում գտնվող “Abbey Road” ձայնագրման ստուդիայում: Թոնի Բենետի խոսքերով` սա վերջին երգն է, որի ձայնագրման աշխատանքները հասցրել է ավարտել Էմի Ուայնհաուսը: “Body and Soul’’ սինգլից ստացված հասույթը փոխանցվելու է Էմիի հոր` Միչել Ուայնհաուսի ստեղծած` դստեր անվան հիմնադրամին, որի նպատակն է օգնել ալկոհոլից եւ թմրադեղերից կախվածության մեջ գտնվողներին: “Body and Soul’’ երգը նաեւ կընդգրկվի Թոնի Բենետի “Duets II” ալբոմում, որը վաճառքի կհանվի 2011 թվականի սեպտեմբերի 20-ին: Այս ձայնասկավառակում կզետեղվեն նաեւ դուետներ, որոնք Թոնին ձայնագրել է հանրահայտ երգիչներ Անդրեա Բոչելիի, Նորա Ջոնսի, Մայքլ Բուբլեի, Շերիլ Քրոուի, Լեդի Գագայի հետ: Անցյալ ամիս BBC-ին տված հարցազրույցում Թոնի Բենետը հետեւյալն է ասել. “Էմին գեղեցիկ էր: Շատ նյարդային էր, բայց ես հիշեցի մեծն Սինատրային, Դյուք Էլինքթոնին, ովքեր ելույթներից առաջ նույնպես նյարդայնանում էին: Ձայնագրությունից հետո Էմիին ասացի, որը երգում է լեգենդար Դինա Վոշինգթոնի պես: Իմ ասածը միանգամից հանգստացրեց իրեն”: Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/ Աղբյուրը` www.mtv.com
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: