×


Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Ալին Գոյանը եւ ուրիշներ` հանուն 6-ամյա Էլենի կյանքի

6-ամյա Էլեն Դիլանյանի համար ապրիլի 13-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայացել է ժողովրդական երգի, ասմունքի համերգ-երեկո:

Այժմ աղջնակը բուժման կուրս է անցնում Գերմանիայում, եւ ինչպես արդեն տեղեկացրել է BRAVO.am-ը, այս համերգի տոմսերի վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է փոքրիկի ֆոնդին: Էլենի մոտ 2010 թվականի մարտին քաղցկեղ է ախտորոշվել՝ նեյրոբլաստոմա:

Լեյլա Սարիբեկյանն ու Արսեն Գրիգորյանը` Մրրոն


Բարեգործական համերգին երգել են Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը` Մրրոն, Ալին Գոյանն ու Այդին Դավուդին, Արուս Գուլանյանը, Թամարա Ժամհարյանը, Արմեն Դավթյանը եւ ուրիշներ, ասմունքել է Սիլվա Յուզբաշյանը:

Բարեգործական համերգ-երեկոն կազմակերպել էր “Օգնենք հայ մանուկներին” հասարակական կազմակերպությունը, որի խորհրդի անդամներից Միքայել Միքայելյանը նշել է` Էլենի համար կազմակերպված երրորդ համերգը, որոշվածի համաձայն, անում են միայն ժողովրդական երգեր կատարողների հետ. “Շատերին ենք զանգահարել, մի քանիսը մերժել են միայն այն պատճառով, որ Երեւանում չեն այս օրերին: Օրինակ` Ռուբեն Մաթեւոսյանը պետք է երգեր, բայց հիմա Նյու Յորքում է”:

BRAVO.am-ի հետ զրույցում Լեյլա Սարիբեկյանն ասել է, որ փորձում է իր ներկայությամբ ու երգով օգտակար լինել բարեգործական միջոցառումներին.“Բացի այդ, նաեւ մենք ենք կազմակերպում համերգներ, օրինակ, զինվորների համար”:

6-ամյա Էլեն Դիլանյանի համար կայացել է ժողովրդական երգի, ասմունքի համերգ-երեկո


Լեյլա Սարիբեկյանի խոսքերով` երգիչներն իրենց երգելով ու ներկայությամբ են աջակցում. “Մենք` երգիչներս, մտնում ենք անապահով խավի մեջ, ամենայն ազնվությամբ եմ ասում: Այն երգիչները, որոնք հարսանիքներին չեն երգում, ֆինանսապես եկամուտ չեն ունենում, միայն գումար են ծախսում տեսահոլովակ նկարելու, երգ ձայնագրելու վրա: Մեր աշխատածի արդյունքը համարյա չենք ստանում: Բայց որպես քաղաքացի չեմ կարող անտարբեր լինել ու չմասնակցել երեխայի բուժման համար կազմակերպված համերգին”:

Ժողովրդական երգեր կատարող Ալին Գոյանը եւ իրանցի կոմպոզիտոր, երգիչ Այդին Դավուդին կատարել են Բարսեղ Կանաչյանի “Օրոր” երգը. “Մեզ դեռ շատ չեն հրավիրում բարեգործական համերգների, բայց հրավերի դեպքում սիրով մասնակցում ենք: Ես հպարտանում եմ, որ Այդինն ազգությամբ իրանցի է, բայց կատարում է Կոմիտասի գործերը, սիրով ուզում է մասնակցել բարեգործական համերգների”,-պատմել է Ալին Գոյանը` հավելելով, որ միմյանց հետ ծանոթացել են 9-ն ամիս առաջ:

Երգչուհի, դերասանուհի Թամարա Ժամհարյանը


Հանդիսատեսն երկու ժամ շարունակ ունկնդրել է աշուղական, ժողովրդական երգեր, ըստ ցանկության` գումար հանգանակել ճեմասրահում տեղադրված արկղերի մեջ, իսկ երգիչներին հանձնվել են շնորհակալագրեր` բարեգործական երեկոյին մասնակցելու ու աջակցելու համար:

Եթե մեր ընթերցողների շրջանում Էլեն Դիլանյանին աջակցել ցանկացողներ գտնվեն, ստորեւ ներկայացնում ենք դրամի փոխանցման համարը՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ (HSBC Bank Armenia), դրամային հաշվեհամար՝ 002-042125-020, դոլարային հաշվեհամար՝ 002-042125-120: Լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար այցելեք այս հղումով՝ http://mikbarc.livejournal.com/ :

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW