Հիփ-hոփ երաժշտություն, բրեյք դանս, դիջեյներ ու ռեփերներ, բասկետբոլի երկու խաղադաշտ, գնդակներ եւ խաղացող 70-ից ավելի թիմեր, որոնք պարապ չթողեցին երեկ` հուլիս 8-ին, Հյուսիսային պողոտայով անցնողներին. այս տարվա “ArmStreetBall”-ն այլեւս իրականություն է:):
Հյուսիսային պողոտայում երեկ բասկետբոլ են խաղացել :)
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ “ՀՏ Production”-ի կազմակերպած փողոցային բասկետբոլի բաց առաջնությունն անցել է նախապես ծրագրածի համաձայն, սպասվածից մի քիչ ավելի է եղել թիմերի քանակը, ինչը միայն ուրախացնող փաստ էր կազմակերպիչների համար:
“Միջոցառումը կրելու է ամենամյա բնույթ, մասշտաբները կմեծանան: Այս տարի 78 թիմ է մասնակցում, տարիքային եւ սեռային սահմանափակում չկա, կան նաեւ պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ, իսկ ամենատարիքով մասնակիցը 50-ին մոտ է”,- BRAVO.am-ին ասել է ՀՏ Հայկոն:
Առաջնությանը ներկա է եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Խաղերն ուղեկցվել են դիջեյական սեթերով, ընդմիջվել`հիփ-հոփ ոճի երաժշտական կատարումներով ու բրեյք դանսով, միջոցառումը վարել է “վիտամինցի” Գարիկը:
Ներկաներին ողջունել են նաեւ Լուսինե Աղաբեկյանը, Rippi-ն, Դավիթ Բադալյանը, “Մեծ Հայք” խմբից Նարեկը, Միշոն, Սիդնին եւ, իհարկե, միջոցառման կազմակերպիչներից ՀՏ Հայկոն: Բեմ են բարձրացել նաեւ երիտասարդ սկսնակ ռեփերներ Սենչոն եւ Էմ Տիկոն:
ՀՏ Հայկոն կնոջ եւ դստեր հետ
“Բասկետբոլի սիրողական խաղացող եմ` ի տարբերություն ՀՏ Հայկոյի: Ես ավելի շատ ֆուտբոլի կողմնակից եմ, բայց սա շատ լավ միջոցառում է: Լավ է, որ երիտասարդությունը հետաքրքրված է, թող զբաղվեն, որ Անթալիա չգնան”,- նշել է Նարեկը:
Լուսինե Աղաբեկյանն էլ մեզ հետ զրույցում պատմել է, որ բասկետբոլ լավ չի խաղում, բայց երբ հարմար տեղ է գտնում, գնդակը վերցնում եւ փորձում է նետել ցանցը. “Շատ եմ սիրում այս մարզաձեւը, միջոցառումն էլ շատ հետաքրքիր է, ուզում եմ` այդպիսիք Հայաստանում շատ լինեն, նաեւ առողջարար է…”:
“Առաջարկը եղել ա Հայկոյի կողմից: Ինքս զբաղվել, հիմա էլ զբաղվում եմ բասկետբոլով, ու քանի որ բասկետբոլին բնորոշ է հիփ-հոփ երաժշտությունը, ես համաձայնեցի ներկա լինել, մասնակցել: Սա իմ քաղաքն ա, այստեղ իմ ընկերն են, բոլորին ճանաչում եմ… Հետաքրքիր է անցնում”,- BRAVO.am-ին ասել է Միշոն:
Միշոն եւ ՀՏ Հայկոն ընդհարումից հետո առաջին անգամ միասին լուսանկարվել են:)
Անդրադառնալով իր եւ Հայկոյի հարաբերություններին` Միշոն մեզ հետ զրույցում ասել է, որ ընդհարումից հետո հաշտվել են. “Ամեն ինչ նորմալ ա: Սա առաջին համագործակցությունն է, բայց հաստատ վերջինը չէ. շարունակական կլինի…”: Հիշեցնենք, որ նմանատիպ պատասխան ստացել ենք նաեւ Հայկոյից:
Միշոն նաեւ նշել է, որ հաճախ է բասկետբոլ խաղում, բայց միջոցառմանը մասնակցել է որպես կատարող: “ArmStreetBall 2012”-ին ներկա է եղել նաեւ դիջեյ Սերժոն, որը եւս զբաղվել է պրոֆեսիոնալ բասկետբոլով, ավարտել Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը եւ, ինչպես ինքն է ասում, պատիվ է ունեցել որոշ ժամանակ լինել հավքականի կազմում. “Բասկետբոլն իմ սիրած մարզաձեւն է, մինչեւ հիմա էլ խաղում եմ: Այստեղ իմ լավ ընկերներն են, իմ դասախոսները, շատ հաճելի ու լավ միջավայր է ինձ համար”:
Լուսինե Աղաբեկյանը, ՀՏ Հայկոն եւ Արամայիս Հայրապետյանը
Առաջնությանը 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են “Գ.Ա.Գ”, “Միշ-կո”, “Վիտամին” թիմերը` ստանալով գավաթ, դիպլոմներ եւ դրամական պարգեւ` Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Լավ արդյունք ցուցաբերելու համար սահմանվել է նաեւ 4-րդ հորիզոնականը, որտեղ հայտնվել է “Մամո” թիմը: Մրցանակներ են ստացել նաեւ առաջնության լավագույն խաղացողը, ամենաբարձրահասակ խաղացողը, ամենատարեց եւ ամենաերիտասարդ մասնակիցները:):
Կազմակերպիչների փոխանցմամբ` մրցույթը կկրի ամենամյա բնույթ` նպաստելով բասկետբոլի հանդեպ երիտասարդների ուշադրության մեծացմանը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: