Դելֆինները որոշեցին մասնակիցների համարները :) “Մանկական Եվրատեսիլ 2011 ”-ի հայաստանյան նախընտրական փուլի մասնակիցների ելույթների հերթականությունը օրերս որոշել են Երեւանի դելֆինարիումի դելֆինները: Պատասխանատու աշխատանքը Վաչիկ, Մաշա եւ Հրաչիկ, Դաշա խաղաղօվկիանոսյան զույգերը սիրով արեցին`մասնակից մանուկներին ու վիճակահանությանը ներկաներին ցույց տալով լողալու իրենց հմտությունները: Երեւանում կայանալիք մանկական մրցույթի նախընտրական փուլին մասնակցության 135 հայտ է ստացվել, որից ընտրված 16 լավագույնները համարակալված գնդակները գցեցին ջրի մեջ, իսկ դելֆինները, մասնակիցների անունները լեսելով, սեփական ընտրությամբ գնդակը վերցրին եւ նետեցին դեպի մասնակիցը` այս կերպ որոշելով նրա ելույթի թիվը: Սեպտեմբերի 17-ին կայանալիք “Մանկական Եվրատեսիլ 2011 ”-ի հայաստանյան նախընտրական փուլի բացումը, դելֆինների ընտրության համաձայն, կկատարեն “Ռազմիկ եւ ընկերներ” խումբը. “Հույս ունենք, որ հաղթելու ենք: Բոլոր մասնակիցների երգերն էլ շատ լավն են, բոլորն էլ մեր ընկերներն են:)”,-BRAVO.am-ին ասաց Ռազմիկը: Ռազմիկից եւ նրա ընկերներից հետո ելույթ կունենա 15 մասնակից, որոնց մեջ կան հանդիսատեսին արդեն հայտնի ու անհայտ անուններ: 16 մասնակցի ելույթին կհաջորդի քվեարկությունը. ժյուրիի եւ SMS քվեարկության 50/50 հարաբերությամբ կընտրվի “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի Հայաստանի ներկայացուցիչը: “Եվրատեսիլ”-ի Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ 16 մասնակիցն ընտրվել է ամենալավ վոկալ, ամենալավ երգ եւ ամենալավ կատարում սկզբունքով. “Ընտրության հնարավորություն ենք ունենալու. կան ռոքային, լիրիկական եւ փոփ երգեր` տարբեր թեմաներով”: Դալիթա Ավանեսյանը, ով հանդես կգա 12-րդը, ներկայացնելու է “Welcome to Armenia” երգը: Նախորդ տարի եւս հայտ ներկայացրած փոքրիկ երգչուհին նշում է, որ իր համար կարեւորը մասնակցությունն է, բայց բոլորի նման ինքն էլ հաղթելու ցանկություն ունի: Մրցույթի նախընտրական փուլին կմասնակցի նաեւ “Դո Ռե Մի ”-ին` 7-րդ համարի ներքո ու “Dance with Me” երգով: Փոքրիկ Նադեժդա Սարգսյանը, ով “Տիկ-տակ” երգով ներկայանալու է նաեւ խմբից առանձին, BRAVO.am-ին ասաց` ավելի շատ ցանկանում է, որ խմբով մասնակցեն: Առանձին կներկայանան նաեւ խմբի մյուս անդամները` Սոնան եւ Մերին: “Եթե հաղթենք, ուրեմն խմբով ենք հաղթելու”,- նշեց Սոնա Գուլխասյանը: Վերջինը` 16-րդ համարի ներքո ելույթ կունենա “Մանկական Եվրատեսիլ 2010 ”-ի նախընտրական փուլի ֆավորիտ Վահագն Գրիգորյանը: Մինչ մրցութային համերգի օրը մասնակիցների համար ֆոտոսեսիաներ են արվելու: “Բոլորը մասնակիցները շատ հայտնի են լինելու`անկախ իրենց հաղթանակից: Հիմա բոլորով նոր երգ են ձայնագրվում, որը հնչելու է “Մանկական Եվրատեսիլ 2011 ”-ի ժամանակ: Երգի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 17-ին”- ասաց Գոհար Գասպարյանը: Հայաստանի եւ “Մանկական Եվրատեսիլ 2011 ”-ի տարբերանշանով դրոշները` Արագածի գագաթին BRAVO.am-ի հետ զրույցում Գոհար Գասպարյանն ասաց, որ “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի արշավի շրջանակներում ՀՀ պետական դրոշն ու “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի տարբերանշանով դրոշը բարձրացվել են Արագածի գագաթին: “Եվրատեսիլ”-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը խոսեց նաեւ մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասին. “Դիզայնն արդեն պատրաստ է, մնում է կառուցողական աշխատանքներն ավարտին հասցնենք”: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: