Արտասովոր ի՞նչ է կատարվել երգչուհու հետ:) Երգչուհի Նելլիի ու ֆուտբոլիստ Րաֆֆիի` օգոստոսին տեղի ունեցած նշանադրության ու ամուսնության մասին BRAVO.am-ն արդեն պատմել է: Նորաթուխ ընտանիքն ապրում է առանձին, ինչպես Նելլին է նշել` “ամուսնությունից հետո կյանքը դեպի լավն է փոխվել:)”: Նելլիին ամուսնական կյանքը չի խանգարում կարիերայով զբաղվել. նա ոգեւորված շարունակում է աշխատել եւ ակումբային իր առաջին մենահամերգին է պատրաստվում. “Զբաղված լինելով անձնական կյանքով՝ այս տարի նոր եմ սկսում ավելի շատ ժամանակ տրամադրել երգին: Մենահամերգի առաջարկն ինձ շատ ոգեւորել է, բենդի հետ եմ աշխատելու: Կերգեմ համաշխարհային հիթեր, իմ երգացանկից մի քանի կատարում կլինի, նաեւ նոր երգեր ու նոր դուետ”: Ինչպես նշել էինք, հարսանեկան արարողության ժամանակ երգչուհին ամուսնու համար իր հեղինակային նոր` “Սիրտն իմ քեզ նվեր” երգն է կատարել, այդ ընթացքում էլ նկարահանվել են կադրեր նոր տեսահոլովակի համար. “Քանի որ մեր ընկեր Վահան Խաչատրյանը գիտեր երգի մասին, Րաֆֆիի հետ որոշել էին այդ երգի հիման վրա տեսահոլովակ նկարել: Միայն հարսանեկան կադրերը չէին արտահայտի երգի իմաստը, նաեւ այլ վայրերում ենք նկարվել, գրեթե ողջ ընթացքում միասին ենք երեւալու: Ամբողջ իմաստն այն է, որ ես եմ երգը կատարում, բայց բառերը Րաֆֆին է ասում: Ռեժիսորը հենց Վահանն է, ով առաջին անգամ չէ նկարում իմ տեսահոլովակը: Կարծում եմ՝ մինչեւ ամսա վերջ այն պատրաստ կլինի”: Նելլիի խոսքով՝ երեխաներ ունենալու հարցում չեն շտապում՝ թողնելով Աստծո կամքին. “Եթե ստացվի, ուրախ կլինենք, եթե ոչ՝ կսպասենք: Գլոբալ ու արտասովոր փոփոխություններ չկան, ուղղակի համատեղ ապրելուց հետո օրերն ավելի լեցուն են սիրով: Ավելացել են կենցաղային գործերը, որոնք ինձ համար խնդիր չեն: Հաճույքով ճաշեր եմ պատրաստում, մայրս, երբեմն, բաղադրատոմսերը թելադրում է հեռախոսով, որ ոչինչ չմոռանամ:)”: Երգչուհու փոխանցմամբ՝ ամուսնությունից հետո զույգի մասին ավելի շատ են խոսում, իրենց կյանքը քննարկում. “Բնական է, որ մարդիկ սիրում են ուրիշի անձնական կյանքից խոսել, քան գործերից, դրա համար վերջին երկու ամսում անունս ավելի շատ հոլովվեց: Չեմ վախենում իմ անձնական երջանկության, ընտանիքի մասին խոսելուց: Չեմ թաքցնում, որ երջանիկ եմ”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասել է երգչուհին: Նելլին նաեւ հավելել է, որ իր աշխատանքով մեծ գումարներ չի վաստակում, չի էլ ձգտում. “Մեծ գումարներ աշխատելու մասին չեմ մտածում, ակումբում չեմ աշխատում, հարսանիքներին չեմ երգում, շոու-բիզնեսից մեծ եկամուտներ չունեմ, բարեբախտաբար, ֆինանսական խնդիրներ չունեմ, որ ստիպված տաշի-տուշի երգեմ”: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Նելլիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: