×


Վախթանգ Հարությունյան

Վախթանգ Հարությունյան

Բարդերի ակումբում մի բանաձեւով ապրող մարդիկ են : ) Դեկտեմբերի 17-ին The Club-ում կրկին հեղինակային երգի երեկո էր, իսկ հեղինակը` Վախթանգ Հարությունյանը: Երկար ժամանակ խուսափելով անհատական երեկոյից`Վախթանգը սահմանափակվում էր ամեն ուրբաթ 4-5 երգ կատարելով, քանի որ, ինչպես ինքն է նշում, առանձնապես ցանկություն չուներ վերհիշել 20 տարի առաջվա երգերն ու վերապրել դրանք: Ամեն դեպքում, հեղինակը մոտ 100 երգից ընտրել էր 25-30 ստեղծագործություն եւ դրանք ներկայացրեց հեղինակային երգը գնահատողների դատին: :) Vaxtang Harutyunyan Bravo.am-ի հետ զրույցում Վախթանգն ասաց, որ ծրագիրը պայմանական բաժանել է 3 փուլի. «Առաջինը մինչ 1998-ի երգերն են, ապա մինչ 2005-ը, իսկ հաջորդը` 2005-ից մինչ օրս գրված երգերը: Առաջինը կրում է «Ցնորք» խորագիրը. դա այն զգայական ժամանակահատվածն է, երբ սեւ ու սպիտակի մեջ ապրելով` ծայրահեղացնում էի ամեն տեսակի գույները եւ, բացառելով այդ գույները, ապրում  երկու բեւեռների մեջ, երկրորդը դա զգայական տիրույթն է, որտեղ գույներ տեսնելու հավակնությամբ ենք ապրել, իսկ երրորդ բաժինը բանականությանն է, որտեղ սրտի եւ մտքի ներդաշնակության տիրույթն է»: Հեղինակային երեկո Ծրագրի ողջ ընթացքում ակումբային փոքրիկ բեմում Վախթանգն ու իր կիթառն էին. հեղինակը երգից առաջ խոսում էր  դրա փիլիսոփայությունից, երբեմն երգերից բացի նաեւ բանաստեղծություններ ներկայացնում. «Կան բանաստեղծություններ, որոնք երգ չեն դարձել, ես գտնում եմ, որ դրանք կարող են նաեւ այդպիսին լինել. հեղինակային երգն առաջին հերթին բանաստեղծական ժանր է»: Ներկաները կատարումները լսելուց բացի հնարավորություն ունեին նաեւ իրենց հարցերն ուղղել Վախթանգին, ինչն անում էին գրավոր հարցման օրինակով:). «Սեղանին թղթեր կան, կարող եք այնտեղ գրել Ձեր հարցերն ու ուղարկել այստեղ»,- ներկաներին ասաց հեղինակը, իսկ Բարդերի ակումբի մեկ այլ հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը ընդունում էր «գրավոր հարցերը» եւ ուղղում Վախթանգին: Vaxtang Harutyunyan Մեզ հետ զրույցում հեղինակ-կատարողը խոսեց նաեւ իր հանդիսատեսի մասին. «Այստեղ պատահական մարդիկ չկան, այն մարդիկ են, ովքեր սիրում են խոսքը, ովքեր գնահատում են այն, ինչ մենք անում ենք, օտարներով չենք շրջապատվում. մի տեսակի, մի բանաձեւով ապրող մարդիկ են, բոլորը ամբողջությամբ մի հոգսով են ապրում, թոթափում այդ հոգսերը, փորձում են կիսել իրենց մտորումները»:  Ամփոփելով 2010-ի իրենց գործունեությունը` Վախթանգն ասաց, որ վատ չէր. «Եթե հաշվի առնենք այն, որ հեղինակային երգի ասպարեզում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, այդ թվում նաեւ Բարդերի ակումբի մեկ տարվա գործունեությունը, բավական հաջող էր»,- Վախթանգն ասաց, որ այդ հաջողությունների հետեւանքով արդեն 2011-ին լույս կտեսնեն նոր ալբոմներ, այդ թվում իր չորրորդ սոլո ալբոմը: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW