Ի՞նչ է եղել երգչուհու եւ Նազենի Հովհաննիսյանի միջեւ Հայտնի մարդկանց շուրջ պտտվող լուրերն ու բամբասանքներն անընդհատ թարմացվում են: Քրիստինե Պեպելյանի եւ Նազենի Հովհաննիսյանի միջեւ առկա “վեճերի ու տարաձայնությունների”, դրանց հնարավոր պատճառների մասին եւս շատ է խոսվել: Վերջին շրջանում այդ խոսակցություններն այլ տեսք ստացան. ուշադրության արժանացան տարբեր լուսանկարներ, որտեղ Քրիստինեն եւ Նազենին միասին են: “Միանշանակ կարող եմ ասել, որ իմ եւ Նազենիի միջեւ անգամ մի փոքր լարվածություն երբեւէ չի եղել”,- BRAVO.am-ին ասաց Քրիստինե Պեպելյանն ու հավելեց. “Դրանք անիմաստ խոսակցություններ են”: Քրիստինեն “փոխվեց” գարնանը:) Երգչուհու մասին խոսակցությունների ու քննարկումների առիթ հանդիսացավ նաեւ սանրվածքի փոփոխությունը, ոմանք դա կապեցին նրա` “սթրեսային ապրումների” հետ: Այս մասին եւս Քրիստինեն խոսեց BRAVO.am-ի հետ` նշելով վաղուց էր իրեն տրամադրել սպասվելիք փոփոխությանը. “Եվ ահա մայիս ամսին հասկացա` արդեն ժամանակն է, ու նոր սանրվածքն արդեն պատրաստ էր:)”: Երգչուհու խենթ ամառն ու նոր ավտոմեքենան Քրիստինե Պեպելյանի համար ամառը խենթություն է. “Տարվա բոլոր եղանակներն էլ շատ եմ սիրում: Գարունը սեր է, աշունը` երաժշտություն, իսկ ձմեռը` մաքրություն”: Երգչուհին այս տարի անգամ մեկ շաբաթ հանգստանալու հնարավորություն չի ունեցել, սակայն չի դժգոհում` հիշելով իր կյանքի ընթացքում ունեցած հրաշալի արձակուրդները: Պասիվ հանգիստն ապահովելու համար բավական է համարում ծովը, արեւը, ավազն ու հետաքրքիր որեւէ գիրքը: 2011-ի ամռան ընթացքում իր կյանքում տեղի ունեցած ամենատպավորիչ փոփոխությունը Քրիստինեն նոր մեքենա ձեռք բերելն է համարում: “Համեղ ուտել շատ եմ սիրում”. Քրիստինե Պեպելյան Մեր զրուցակիցը պատմեց, որ հաճախ է ճամփորդում, բայց շատ պահպանողական է եւ ուղեւորությունների ընթացքում հազվադեպ է նոր ծանոթներ ձեռք բերում. “Լինում եմ թանգարաններում, փորձում համեղ ուտելիքներ, իհարկե, ես համեղ ուտել շատ եմ սիրում:): Նախընտրում եմ իտալական, չինական, թայլանդական, վրացական խոհանոցները, ընդհանրապես, աշխարհի բոլոր խոհանոցներն էլ շատ եմ սիրում, շատակեր եմ չէ:)”: Ճամփորդությունների ընթացքում գնումներ էլ է անում, շատ է սիրում նվիրել, իսկ նվերներ ստանալ` միայն մտերիմներից: Քրիստինեն մեծ երջանկություն է համարում սիրած աշխատանքով զբաղված լինելը, որը ոչ միայն ապրելու, այլեւ ճամփորդելու, աշխարհը բացահայտելու հնարավորություն է տալիս իրեն: Երգչուհին երբեւէ չի մտածել այլ երկրում ապրելու մասին, շատ է սիրում իր քաղաքն ու իր տունը. “Կյանքն անակնկալներով լի է, իհարկե, բայց երանի` ես միշտ իմ քաղաքում ապրեմ, ոչ մի տեղ չտեղափոխվեմ”: “Համոզիչ դերասանուհի դժվար թե լինեմ”. Քրիստինե Պեպելյան Ամռանը հանգստանալու փոխարեն երգչուհին զբաղվել է իր կարիերայով, իսկ դրա արդյունքը, իր խոսքով, հանդիսատեսը կգնահատի աշնան ընթացքում. “Նոր ձայնագրված գործերիցս մեկը հին երեւանյան երգ է՝ շատ մեղեդային ու սիրային, երեւի տեսահոլովակ էլ կունենա: Մեկ այլ երգ էլ ունեմ, որն, ամենայն հավանականությամբ, կդառնա սերիալներից մեկի սաունդտրեկը ”, - BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Քրիստինե Պեպելյանը: Երգչուհին նշեց նաեւ` սերիալում նկարահանվելու առաջարկները մերժում է. “Համոզիչ դերասանուհի դժվար թե լինեմ: Իսկ եթե ցանկանամ ֆիլմում նկարահանվել, ուրեմն պետք է կոմիկական կերպարում լինեմ, այնպիսին, ինչպիսին մարդիկ ինձ երբեւէ չեն պատկերացնի` թե՛ միմիկաներիս, ժեստերիս, եւ թե՛ ակտիվությանս առումով:)”: Երգչուհու նոր երգը դեռ ոչ ոք չի լսել Քրիստինեն նոր երգ է նվեր ստացել երաժիշտ Արամ Ավագյանից, որը, ինչպես նշեց, շատ է հավանում. “Արամն այդ երգն իր համար էր գրել տարիներ առաջ եւ ոչ մի կատարողի չի առաջարկել: Ուղղակի հարցրի՝ կարող եմ կատարել, նա էլ համաձայնեց: “Սիրելով” երգը դարձավ իմը, դրա խոսքերն էլ ինձ հետ կապ ունեն, իմ մասին են: Դեռ ոչ ոք չի լսել, բացի մայրիկիցս:)”: Գալիք ամսվա սկզբին երգչուհին զբաղված կլինի. իր մասնակցությունն է ունենալու “Միմինո” նախագծում, նույն ամսին ծրագրել է նաեւ որեւէ ծովափնյա երկիր մեկնել` հանգստանալու: Երեւանյան երեկոներն անցկացնում է ընկերների հետ. հավաքվում են որեւէ մեկի տանն ու վայելում իրենց սիրելի խեցգետինը:): Անվճար մենահամերգ կտա Քրիստինե Պեպելյանի երեւանյան նոր մենահամերգն էլ սարերի ետեւում չէ, հույս ունի՝ աշնանը կերգի իր հանդիսատեսի համար. “Ուզում եմ հասկանալ դահլիճում անցկացնել, թե բացօթյա մեծ համերգ անել. տեղի հարցը լուծված չէ: Ինձ համար ավելի նպատակային է, որ հանդիսատեսը գա համերգիս առանց վճարելու”: Քրիստինե Պեպելյանը` բիզնես-լեդի :) Ի դեպ, երգչուհին BRAVO.am-ին ասաց, որ այժմ բիզնեսի տեսքով նոր մի նախագիծ ունի, որի մասին դեռ վաղ է համարում խոսելը, միայն գիտի, որ այն կանվանի “Պեպելա”:). “Վրացերենից թարգմանաբար նշանակում է թիթեռ: Իմ ազգանվանը մոտ կլինի, հետո էլ գաղափարին համահունչ է: Դեռ չեմ ուզում ասել` խոսքն ինչի մասին է, քանի որ գաղափարը կարող են օգտագործել: Միայն կարող եմ նշել, որ երբեւէ չեմ երազել ունենալ խանութ, գեղեցկության կամ ծաղկի սրահ”: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի եւ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/ Լուսանկարները` Քրիստինե Պեպելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: