Հանրահայտ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը եւ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը երեկ հերթական ելույթն ունեցան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ու թեեւ ուղիղ մեկ տարի առաջ մաեստրոն կրկին եղել էր երեւանյան բեմում, այս անգամ էլ դահլիճն այնքան մարդաշատ էր, որ հանդիսատեսի համար հավելյալ աթոռներ էին տեղադրվել հենց բեմահարթակին:
Վլադիմիր Սպիվակովը
Ելույթից առաջ վերջին րոպեներն էին, կուլիսներում էինք. երաժիշտները ստուգում էին գործիքները, համերգի կազմակերպիչները վերջին հրահանգները տալիս, լուսանկարիչները փորձում էին ֆիքսել մաեստրոյին, այդ խառնաշփոթի մեջ անկյունում կանգնած մի մեծահասակ կին նկատեցի, մեկը մոտեցավ նրան, փորձեց ճշտել՝ ինչ է անում հետնաբեմում.“Ինձ ներեք, ոչինչ չեմ անում, ուղղակի Սպիվակովին եմ նայում”: Բնականաբար, նրան խնդրեցին դուրս գալ ու տեղ զբաղեցնել դահլիճում: Կինը շարունակում էր հիացմունքով նայել մաեստրոյին՝ հավանաբար, շատ հեռու իրականությունից, իր հիշողությունների աշխարհում: Ու հանկարծ Սպիվակովը շրջվեց դեպի նա, ողջունեց, ժպտաց ու ասաց, որ վերջինիս համար հենց բեմահարթակում տեղ կա:
Վլադիմիր Սպիվակովը
Ու այդ պահը մի տեսակ կախվեց օդում՝ երջանիկ կինը, մաեստրոյի հանգստությունն ու ժպիտը, մյուսների զարմացած աչքերը եւ հաղորդավարի պատրաստ խոսափողը՝ “Դիմավորեք, բեմում մաեստրո Վլադիմիր Սպիվակովն է”: Բուռն ծափահարություններ տեղացին դահլիճի ամեն անկյունից, հանդիսատեսը Սպիվակովին կարոտել էր, կարծես հազար տարի չէին տեսնվել: Ու հետո էլ յուրաքանչյուր ստեղծագործության ավարտին ներկաները ծափահարում էին այնպես, կարծես համերգի վերջին կատարումն է:
Մաեստրոն բեմում հրաշագործի է նմանվում՝ մերկացնելով ձեռքերն ու կախարդելով դահլիճը: Սպիվակովի ձեռքի ամեն շարժումը խորեոգրաֆիկ հնարք է հիշեցնում, ու ելույթից մի քանի վայրկյան անց հանդիսատեսն արդեն կարող է հետեւել մաեստրոյի դիրիժորական փայտիկից դուրս եկող անտեսանելի նոտաներին:
«Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի երեւանյան համերգին
Ի դեպ, համերգին հնչեցին Մոցարտի երրորդ դիվերտիսմենտը, Բոկերինիի ռե մինոր սիմֆոնիան, Հայդնի դաշնամուրի թիվ 11 կոնցերտը, նաեւ Շոստակովիչի կամերային ստեղծագործությունները: Նվագախմբի հետ ելույթ ունեցավ դաշնակահարուհի Ալեքսանդրա Ստիչկինան: Համերգի հիմնական ծրագրի ավարտից հետո Սպիվակովը դեռ երեք անգամ բեմ վերադարձավ ու շարունակեց ելույթը:
Վլադիմիր Սպիվակովը եւ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբն այսօր եւս ելույթ կունենան հայ հանդիսատեսի առջեւ:
Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: