×


«Հավերժության» երեւանյան պրեմիերան եւ Պատրիկ Մալաքյանի երազանքի իրականացումը

Պար, մնջախաղ, կրկես, ազգային երգեր, երաժշտական գործիքներ` այս ամենը փոխկապակցված է «Հավերժություն» պլաստիկ դրամայում, որի երեւանյան պրեմիերան երեկ էր՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Բեմում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան պարային անսամբլն էր՝ ավելի քան 90 հոգի։

«Հավերժություն» պլաստիկ դրամայի երեւանյան պրեմիերային


Նախորդ տարի խումբն առաջին անգամ «Հավերժություն»-ը ներկայացրել է Ֆրանսիայում, ինչի մասին BRAVO.am-ը պատմել է։ Պլաստիկ դրաման նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. պարի ու շարժման լեզվով ներկայացվում է հայոց պատմությունը, հայերի հավերժության հարցը՝ անցած ուղին, դժվարությունները, աշխարհում սփռվելն ու հաղթական պահերը։

Նախագծի ղեկավարն Անրի Վերնոյի որդին է՝ ֆրանսահայ ռեժիսոր, պրոդյուսեր, ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի նախագահ Պատրիկ Մալաքյանը, որն էլ մշակել է սցենարը։ Նա նշել է, որ ցանկացել են պարի միջոցով հայոց պատմությունը վերծանել եւ ներկայացնել.«Հուզիչ ու տպավորիչ է այսքան հանդիսականներ տեսնել, նույնը տեսա Մարսելում, բայց այստեղ ավելի շատ եք։ Մոտ մեկուկես տարի ներկայացման հետ կապված տարբեր ապրումներ եմ ունեցել. ամեն ինչ սկսվեց անսամբլի հետ հանդիպումից, երեւանյան ամեն այցիս ժամանակ հանդիպում էի պարողներին՝ 6-35 տարեկան երեխաների, ես էլ երեխա եմ՝ 31 տարեկան եմ։ Բոլոր պարողները պրոֆեսիոնալ չեն, բայց բարձր մակարդակի են»։

Ֆրանսահայ ռեժիսոր, պրոդյուսեր ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի նախագահ Պատրիկ Մալաքյանը(աջից)


Պատրիկ Մալաքյանը հայտնել է, որ իր երազանքներից մեկն արդեն իրականություն է.«Մենք առաջին համերգը կազմակերպեցինք Մարսելում, հետո Կասիսում, իսկ հիմա` Երեւանում։ Սա իմ երազանքի իրականացումն է, առաջին անգամ դահլիճից կդիտեմ: Ավելի հուզված եմ, քան երեխաները։ Ի դեմս այս երեխաների, տեսնում ենք Հայաստանի ապագան»,-ֆրանսերենով ասել է նախագծի ղեկավարը եւ վերջում հայերեն շնորհակալություն հայտնել։

Անսամբլի գեղարվեստական ղեկավարը եւ ներկայացման բալետմայստերն Արման Ջուլհակյանն է, ռեժիսորական աշխատանքը կատարել է Գրիգոր Խաչատրյանը։ Արմանի խոսքով՝ Ֆրանսիայում ներկայանալուց հետո երեւանյան պրեմիերան սպասված էր.«Շատ ուրախ ենք, որ Պատրիկը ցանկություն հայտնեց այս նախագիծը մեզ հետ իրականացնել, որովհետեւ բացի Նորքի հայորդաց տնից, շուրջ 7 հայորդաց տուն գոյություն ունի։ Երկար ենք նախապատրաստվել եւ աշխատել»։

«Հավերժություն» պլաստիկ դրամայի երեւանյան պրեմիերային


Համերգի սկզբում Պատրիկ Մալաքյանը պարգեւատրվել է «Պողոս Նուբար» մեդալով, իսկ Արման Ջուլհակյանը ստացել է պատվոգիր, որոնք հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը.«Պատրիկ Մալաքյանը մի անգամ ասաց, որ երջանիկ է, երբ կարողանում է իր նախնիների հիշատակին նվիրված քայլեր անել։ Մենք ուրախ ենք, որ 20-րդ դարի մեծագույն արվեստագետի՝ Աշոտ Մալաքյանի, բոլորիս հայտնի Անրի Վերնոյի որդին հավատարիմ է իր գենետիկային։ Պատրիկ Մալաքյանը հայանպաստ բազմաթիվ գործեր է ձեռնարկել, նաեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցին իր ջանքերով Ֆրանսիայում տպագրվել է անմոռուկի պատկերով դրոշմանիշ-դրոշմաթուղթ, որը մեծ տարածում է գտել»։

«Հավերժություն» խորագրով համերգ-ներկայացման հանդիսականները դիտել են պարային թատերական շոու՝ դասականից, ազգագրականից մինչեւ քանթրի, լատինո եւ տարբեր ժողովուրդների պարեր։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW