Հյուրանոցի տոնածառը «Օրրան»-ի սաները զարդարեցին :) Ամանորը մոտենում է, իսկ դա նշանակում է, որ ամենուր տոնածառներ են զարդարվում, տոնական տրամադրություն է ու վառ գույներ: Նման հեքիաթային տրամադրություն երեկ տիրում էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում. «Օրրան» բարեգործական կազմակերպության սաները եկել էին զարդարելու հյուրանոցի տոնածառն ու սկսելու Ամանորի իրենց հեքիաթը: :) Հյուրանոցի սրահում տեղակայված երեք տոնածառները զարդարվեցին երեխաների ձեռքերով պատրաստված թխվածքաբլիթներով: Մի քանի ժամ շարունակ երեխաները պատրաստեցին քաղցր խաղալիքները, ապա դրանցով տոնածառը զարդարեցին, Ձմեռ պապի մասին երգեր երգեցին ու սպասեցին, թե երբ են վառվելու տոնածառի լույսերը: Երեխաներին ողջունեցին հյուրանոցի գլխավոր տնօրեն Ամի Միրոն ու վաճառքի եւ մարքեթինգի բաժնի տնօրեն Զոլտան Կոնշանսկին: Հյուրանոցի տնօրինությունն ուրախ էր իր հարկի տակ եւս մեկ անգամ ընդունել «Օրրան»-ի սաներին: Զոլտան Կոնշանսկին հույս հայտնեց, որ բոլոր երազանքներն ու ցանկությունները, որոնք երեխաներն ունեցան խաղալիքները տոնածառին կախելուց, կիրականանան: Իսկ «Օրրան»-ի հիմնադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանն ասաց. «Միշտ չէ, որ այս երեխաները հնարավորություն են ունենում նման գեղեցիկ տան մեջ այսպիսի ուրախ ընդունելության արժանանալու: Գիտեմ, երբ նրանք մեծանան, բարի մարդիկ կդառնան, կհիշեն սա, եւ իրենք էլ կօգնեն իրենց կարիքն ունեցող երեխաներին»,- Արմինե Հովհաննիսյանն հույս հայտնեց, որ տոնածառի ամեն մի վառվող լույսի հետ բարություն կգա ու բարի, լուսավոր ճանապարհ կբացվի երեխաների կյանքում: Տոնածառը թխվածքաբլիթներով զարդարող երեխաներից յուրաքանչյուրը մի ցանկություն ուներ` շատ պարզ եւ իրականանալիից մինչեւ անիրականանալի: Ամանորյա հեքիաթը նրանց համար սկսվեց դեկտեմբերի 1-ից, իսկ ջերմ ընդունելությանն ի պատասխան, փոքրիկները իրենց շնորհակալությունը հայտնեցին հյուրանոցի տնօրինությանը: Bravo.am-ի հետ զրույցում հյուրանոցի մարքեթինգի եւ վաճառքի բաժնի տնօրեն Զոլտան Կոնշանսկին ասաց, որ այս միջոցառման նպատակը երեխաների համար եւս մեկ անգամ տոն կազմակերպելն է: Կոնշտանսկին նշեց, որ իրենց համագործակցությունը վաղուց է, օգոստոսն էլ իրենց մոտ «Օրրան»-ի ամիսն է: Հյուրանոցի տնօրինությունը տարբեր առիթներով հնարավորություն է ընձեռել կազմակերպության երեխաների պատրաստած աշխատանքները վաճառել, իսկ հյուրանոցի հյուրերին տեղեկացրել նրանց մասին: «Մենք ուղղակի ապշած ու զարմացած ենք այն ջանքերի համար, որ նրանք օգտագործում են երեխաների` օրվա մի մասն ուրախ անցկացնելու համար: Այս համագործակցությունը մեզ համար յուրահատուկ օրինակ է»: Նշենք, որ միջոցառմանը մասնակցեց 6-10 տարեկան 40 երեխա: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: