×


«Արտիստը»

«Արտիստը»

Շիրվանզադեի հայտնի պատմվածքի էկրանավորված տարբերակը :) 2010-ի հայկական կիոնաշունը բավական բերքառատ է թվում, ինչի ապացույց  է նաեւ հոկտեմբերի 22-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացած` Ալ. Շիրվանզադեի  «Արտիստը» պատմվածքի էկրանավորված տարբերակի պրեմիերան: Lusin eTovmasyan & Arsen Grigoryan «Արտիստը» ֆիլմի սցենարի հեղինակը Լեւոն Գալստյանն է, ռեժիսորը` Զարուհի Սարգսյանը, իսկ պրոդյուսերը`Հայկ Հարությունյանը: Գլխավոր` Լեւոնի եւ Լուիզայի դերերում հանդես են գալիս Արսեն Լեւոնյանն ու Լուսինե Թովմասյանը, իսկ մյուս դերերում են Վարշամ Գեւորգյանը`Ստեփան, Հասմիկ Կարապետյանը`Ալմաստ, Էվելինա Շահիրյանը` Ստեֆանիա, Նաիրա Շահիրյանը` Լուկրեցիա եւ այլն: Arsen Levonyan Ֆիլմի ռեժիսոր Զարուհի Սարգսյանն ասում է, որ օրն իր համար շատ կարեւոր է. «Բավականին ծանր աշխատանք է արված, բոլոր մասնակիցներն իրենց աշխատանքով ամեն վայրկյան ապացուցում էին, որ իսկապես պատրաստ էին մինչեւ վերջ նվիրվել սկսած գործին»: Զարուհին նշում է, որ Շիրվանզադեի այս ստեղծագործությունն ունի մի շատ կարեւոր շեշտ` մարդու արվեստով հիանալու զարմանալի կարողությունը, որն արտիստի մեջ մեծ խտացում է գտել. «Ուզում եմ, որ ցանկացած մարդ, ով կնայի այս ֆիլմը, մի փոքր  վերանա նյութական աշխարհից, հասկանա, որ միայն նյութականը չէ կարեւորն այս կյանքում»: Երիտասարդ ռեժիսորը չի մոռանում նշել, որ կինոտարբերակը բավականին խտացված է. «Ի սկզբանե սցենարը գրվել է հեռուստատարբերակի համար, այստեղ մենք փորձել ենք շատ խիտ, կարճ ժամանակահատվածում ներկայացնել  ֆիլմը, որի մասին ամբողջական տպավորությունը հայտնի կլինի միայն հեռուստատարբերակի ժամանակ»: Khoren Levonyan & Meri Ֆիլմի գլխավոր դերակատարներից Արսեն Լեւոնյանն էլ, ով, ինչպես նշեցինք, մարմնավորում էր արտիստին, Bravo.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ էր աշխատում այս թիմի հետ, բայց շատ լավ, հիանալի գործ են արել: Առաջին անգամ գեղարվեստական ֆիլմում նկարահանվող ու գլխավոր դեր մարմնավորող Արսենը նշում է, որ արտիստի ու իր բնավորությունների միջեւ մեծ տարբերություն կա, բայց կերպարը մի հրաշալի, մաքուր ու սիրող մարդ է համարում: Արսենը հիացմունքով է խոսում նաեւ իր զուգընկերուհու` Լուիզայի կերպարը մարմնավորող Լուսինե Թովմասյանի մասին, ով թեեւ մասնագիտական կրթություն չունի, բայց կարողացել է լուծել իր առջեւ դրված խնդիրը, շատ աշխատելով`  հասել գովելի արդյունքի: «Ինձ շատ դուր եկավ նրա մղումը. մենք շատ էինք նստում ու մտածում, թե այս վիճակից հետո ինչ արդյունք կարող է լինել, հետո նոր նկարահանվում... դե, Լուսինեն հրաշք է»: Miqayel Poghosyan Լուսինե Թովմասյանն էլ չի մոռանում գովեստի խոսքեր ասել  դերասանական ու ստեղծագործական թիմին: Կերպարի եւ իր մեջ նմանություններ այնքան էլ չի գտնում, բայց ապրում էր այն հոգեվիճակը, որ Լուիզան ուներ. «Այնքան էի տարվել ֆիլմով, որ նկարահանումներից հետո անգամ ես զգում էի այն, ինչ ապրում ու զգում էր իմ հերոսուհին»: Նաիրա Շահիրյանն էլ իտալուհի երգչուհու` Լուկրեցիայի իր կերպարի մասին ասում է. «Սիրում եմ իմ կերպարը. լավ, գեղեցիկ, մի քիչ էքսցենտրիկ, մի քիչ թեթեւաբարո, չամուսնացած կին է, ով ապրում է արտիստի տանն ու օգնում նրան եւ Լուիզային, միջամտում նրանց հարաբերություններին»: Ֆիլմի առաջին նկարահանումները եղել են Բաթումում, որտեղ նկարել են վերջին հատվածը` ծովի տեսարանները. «Դեռ այնտեղից մեր ողջ թիմը մտերմացավ ու դարձավ մի ընտանիքի նման»,- ասում է Նաիրան: Նշենք, որ նկարահանումները եղել են նաեւ Երեւանում` Կոմպոզիտորների տանը, Քանաքեռում եւ այլ վայրերում: 1 ժամ 20 րոպե տեւողությամբ ֆիլմն արդեն ցուցադրվում է քաղաքի կինոթատրոններում: Նախատեսվում է նաեւ հեռուստատեսային տարբերակը, որը պատրաստ լինելուն պես կցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի  /Bravo.am/ Լուսանկարները`Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին