Կայացավ հայկական գինիների համտես-մրցույթը:)
Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում տեղի ունեցավ «Ֆրութֆուլ Արմենիա» գինու համտես-մրցույթը, որին մասնակցում էին գինի արտադրող հայկական 16 ընկերություններ:
Միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տիկնոջ հետ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մի շարք դեսպաններ ու քաղաքական գործիչներ: Երեկոյի ընթացքում ներկաները համտեսեցին սրահում տեղակայված տաղավարներում մատուցվող գինիները, որոշեցին լավն ու վատը, բայց իրական որոշողը մեկն էր` «Ֆրութֆուլ Արմենիայի» հյուր, աշխարհի հանրահայտ գինեգործներից մեկը` Միշել Ռոլանը, ով գլխավորում էր ժյուրիի կազմն ու, համտեսելով հայկական արտադրության գինիները, որոշում դրանց անվանակարգերը:
Մինչ Միշել Ռոլանը զբաղված էր պրոֆեսիոնալ համտեսով, ներկաները օգտվում էին հյուրասիրությունից, զրուցում ու քննարկում հայկական գինիները: Միջոցառումն ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ. Մարիաննա Պողոսյանն ու Արեգ Նազարյանը կատարում էին հայերեն , ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն երգեր, մասնավորապես` ջազ, շանսոն, ֆադո ոճերի: Երեկոյի հաջորդ փուլին էր սպասում դիջեյ Լյուսին, ով պատրաստվում էր հնչեցնել ռետրո ոճի երաժշտություն: :)
Սրահում տեղակայված տաղավարներից փորձել էր տարբերվել Երեւանի կոնյակի գործարանը: “ԱրԱրԱտ”-ը ներկաներին հյուրասիրում էր դյուրամարս եւ յուրահատուկ կոկտեյլ, որը պատրաստված էր “Անի” կոնյակի հիմքով: «Ֆրութֆուլ Արմենիա» կոչվող կոկտեյլի բաղադրության մեջ մտնում էր “Անի” կոնյակ, սեւ հաղարջ, մասուրի հյութ, վերմուտ ու գրենադին: Իր յուրահատուկ ձեւավորմամբ եւ համով կոկտեյլը բարձր գնահատվեց համտեսողների կողմից: «ԱրԱրԱտ»-ի բրենդ-մենեջերներ Ալվինա Հովակիմյանն ու Արաքսյա Խաչատրյանը Bravo.am-ի հետ զրույցում ասացին, որ Հայաստանում շատ կարեւոր են համարում նմանատիպ միջոցառումները: Իսկ որպես համտեսողներ`նշեցին, որ հավանել են «365» գինիները, որին ծանոթ էին, «Մառանի» արտադրանքի ծիրանի գինին, Իջեւանի սպիտակ գինին եւ այլն. «Մասնակիցները շատ են, բոլորի հյուրասիրությունը փորձել հնարավոր չէ, բայց դեռ կփորձենք:)»:
«Արմենիա վայն» գինին արժանացավ լավագույն գինիների եռյակի երեք շքանշաններին :)
«Արմենիա վայն» գինին, որը վերջերս լայն տարածում է գտել Հայաստանում եւ Հայաստանից դուրս, արժանացավ «Ֆրութֆուլ Արմենիա» համտես մրցույթի ժյուրիի եւ աշխարհահռչակ գինեգործ Միշել Ռոլանի հավանությանը: Մրցույթում կար երեք անվանակարգ, որոնցից երեքի հաղթող ճանաչվեց «Արմենիա վայն»-ը: Առաջին` «Չոր կամ անապակ գինի» անվանակարգում հաղթեց «Արմենիա վայն» գինու գործարանի «Արմենիա» սպիտակ չոր գինին: Երկրորդ` «Կարմիր չոր գինիներ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց «Արմենիա» կարմիր չոր գինին: Երրորդ` «Ընտրովի գինիները» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Արմենիա»ընտրովի կարմիր չոր գինին:
Միշել Ռոլանն ու «Ֆրութֆուլ Արմենիա»-ի տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը շնորհակալություն հայտնեցին գինու գործարանի տնօրինությանն ու շքանշանները ստացող Գրիգոր Ալեքսանյանին բարձրորակ արտադրանքի համար:
Նշենք, որ «Ֆրութֆուլ Արմենիան» անկախ, ոչ առեւտրային նախաձեռնություն է, որն անց է կացվում 2005 թ-ից: Այն նպատակ ունի բիզնես էթիկայի եւ հարգանքի հիման վրա նոր բիզնես նախագծեր բացահայտելը, դրանք զարգացնելն ու նպաստել ֆերմերային ու սննդամշակման ոլորտներին Հայաստանում:
Այս տարի անցկացվեց «Ֆրութֆուլ Արմենիա» 6-րդ միջազգային համաժողովը, որը նվիրված էր Հայաստանում խաղողագործության եւ գինեգործության զարգացման հեռանկարներին: «Ֆրութֆուլ Արմենիա» համտես-մրցույթով փակվեց երկօրյա միջազգային համաժողովը:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննսիյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: