×


Մարիա Ամիրխանյան. Հայրիկիս երգերը ձայնագրելուց հետո եմ նրան ներկայացնում, որ չխանգարի

Երգչուհի ու դաշնակահար Մարիա Ամիրխանյանն օրեր առաջ ներկայացրեց Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությամբ եւ Լյուդվիգ Դուրյանի խոսքերով անչափ գեղեցիկ կատարում: Ինչն էլ առիթ հանդիսացավ, որ Bravo.am-ը զրուցի ԱՄՆ-ում բնակվող երգչուհու հետ ու անդրադառնա նրա տարբերվող գործունեությանը:

- Մարիա, մեր զրույցը սկսենք Ձեր վերջին աշխատանքից՝ «Բալենի»-ից: Ինչպե՞ս եք ստացել այդքան զգացմունքային ու հուզիչ երգ:

- Անշուշտ, հայրիկիս բոլոր երգերը լսելով եմ մեծացել, իսկ նրա երգացանկն իսկապես մեծ է: Մի շարք կատարումներ կան, որ ինձ շատ հոգեհարազատ են, այնպես որ՝ ընտրությունս մեծ է (ծիծաղում է-հեղ.)։ Նախապես չեմ մտածում, թե որ երգերն եմ կատարելու, ինքնաբերաբար է ստացվում: «Բալենին» միշտ եմ հավանել, այն հիշում եմ Էլվինա Մակարյանի, Զառա Տոնիկյանի կատարմամբ, ուրիշ երգիչներ եւս անդրադարձել են այս գործին եւ ինձ թվում էր՝ ինքս այն չեմ հաղթահարի: Իհարկե, նախապես նպատակ չէի դրել զգացմունքային երգ ստանալ: Միշտ եմ ասել, որ հայրիկիս գործերը գենետիկորեն եմ զգում, ու այս անգամ էլ այդպես ստացվեց: Մոտ մեկ տարի առաջ եմ երգը ձայնագրել ու սպասում էի, որ տեսահոլովակը լինի, ու նոր ներկայացնեմ: Նկարահանումները կատարել ենք ռեժիսոր Արթուր Վարդանյանի հետ, ով հատուկ այդ նպատակով Մոսկվայից էր ժամանել, ամռանը իրականացրինք: Նա շատ տաղանդավոր է ու կարողացավ երգի տրամադրությունը ճշգրիտ զգալ: Տեսահոլովակն ասես հիշողությունների երազ լինի, մեջն այնքան սեր, կարոտ, ջերմություն ու լույս կա։



- Տեսահոլովակն ասեք ծանոթ ու անծանոթ, սիրված վայրերով ճանապարհորդություն լինի, ո՞նց հասկացաք, որ այդ տարբերակն է համահունչ Ձեր կատարմանը։ 


- Դա նույնպես շատ բնական ձեւով ստացվեց: Քննարկման փուլում ասացի, որ չեմ ցանկանում նկարահանման հիմքում որեւէ պատմություն լինի, որպեսզի երգը դրա հետ չկապեն: Պարզապես ցանկանում էի ճիշտ տրամադրություն ստեղծենք ու փոխանցենք մարդկանց: Եվ Արթուրը կարողացավ ստանալ այդ կարոտի ու ջերմության զգացումը, որը համընկավ կատարման հետ։


- Ձեր կյանքում ճանապարհորդություններն ի՞նչ դեր ունեն:

- (Ծիծաղում է - հեղ.), շատ ուղիղ կապ ունեն ինձ հետ, քանի որ ապրում եմ ԱՄՆ-ում, բայց շատ կապված եմ նաեւ Հայաստանի հետ, որտեղ ծնողներս, քույրս ու հարազատներս են ապրում: 20 տարեկանում եմ այստեղ տեղափոխվել եւ հայրենիքում մնացել են հին ընկերներս ու շրջապատս: Տարին մեկ անգամ անպայման լինում եմ Հայաստանում՝ տեսնելու ծնողներիս ու երկրից կարոտս առնելու։ Ու այդ կարոտը եւս կատարմանս ու տեսահոլովակիս մեջ է, որը կարծես թե ստացվեց փոխանցել: 

- Իսկ կյանքի առումով ճանապարհը Ձեզ ո՞ւր տարավ ու ո՞րն եք համարում կարեւոր ձեռքբերումները։ 

-Ուրիշ երկիր տեղափոխությունը պլանավորված չէր, պարզապես այդպես ստացվեց: Դժվար տարիներն էին, մի քանի ամսով եկա Նահանգներ սպասելու ու այդպես էլ մնացի: Ինձ համար կարեւոր էր այս երկրում ոտքի կանգնել եւ կարողանալ նույն ասպարեզում գործունեություն ծավալել, ինչ Հայաստանում: Աստիճանաբար կայացա ու հիմա այստեղ դասավանդում եմ քոլեջում, նաեւ համատեղում եմ դաշնակահարի ու երգչուհու կարիերաս: Շատ ուրախ եմ, որ ստիպված չէի ուրիշ գործերով զբաղվել, ինչը հաճախ է լինում: Մտա այստեղի կյանքի ու մտածելակերպի մեջ՝ միեւնույն ժամանակ չկորցնելով իմը։ Երկու տեղում էլ ինձ շատ լավ եմ զգում, Հայաստանում ասես տանն եմ, այստեղ արդեն ավելի երկար եմ ապրում ու նույնպես իմ տունն եմ համարում: 

-Ինչպե՞ս եղավ բոլորովին նոր երկրում հաստատման ու կայացման փուլը: 

- Երեւանում սովորել եմ Չայկովսկու անվան դպրոցում, հետո՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, տեղափոխվելուց հետո ուսումս շարունակեցի Ֆրեզնոյի համալսարանի դաշնամուրային բաժնում: Որոշեցի ասպիրանտուրան հեռակա ավարտել մեր կոնսերվատորիայում, բայց հետո տեղափոխվեցի Մոսկվայի կոնսերվատորիա։ Հիմա բնակվում եմ Հյուսիսային Կալիֆոռնիայում, արդեն բավական երկար 33 տարիներ նահանգներում եմ, ժամանակն իրոք շատ արագ է անցնում։


- Կյանքի ու կենցաղի առումներով Հայաստանն ու ԱՄՆ շա՞տ են տարբերվում:

- Երբ տեղափոխվեցի, տարբերությունը շատ էր, քանի որ Հայաստանում դժվար ու ցուրտ տարիներ էին: Ոչ լեզու գիտեի, ոչ էլ որոշել էի, թե ինչով եմ զբաղվելու: Բայց տարօրինակ կերպով նախ սովորելուս հարցը լուծվեց: Ֆրեզնոյում հայկական համայնքը մեծ է, համալսարանում էլ հայերը շատ են ու առանձին հայկական բաժանմունք է գործում: Նրանք մեծ միջոցառում էին կազմակերպել, որի համար դաշնակահար էր պետք, ու ես նվագեցի: Հավաքույթի վերջում ինձ մոտեցավ դաշնամուրային բաժնի այն ժամանակվա ղեկավարն ու ասաց, որ ցանկության դեպքում կարող եմ իրենց մոտ սովորել: «Բայց ես լեզու չգիտեմ»,- պատասխանեցի (ծիծաղում ենք,-հեղ.)։ Նախ այնպես դասավորեցին, որ անգլերեն լեզվի դասերի մասնակցեմ, ապա նաեւ սովորելու համար կրթաթոշակ սահմանեցին: Այդպես էլ ընդունվեցի եւ շատ հավանեցի համալսարանը, որոշեցի մնալ ու ավարտել կրթությունը: Ուսանողների հետ հեշտությամբ մտա կենցաղի մեջ ու հարմարվեցի: Սկզբում Հայաստան վերադառնալիս զգում էի տարբերությունները որքան շատ են, իսկ հիմա բոլորովին նույնն է: Միակ տարբերությունը լեզվի ու մտածելակերպի առանձնահատկություններով է պայմանավորված։ Հայաստանը տեղում չի մնացել ու մեծ քայլերով է առաջ գնացել, ինչը շատ հաճելի է տեսնել։  

-Դուք կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի դուստրն եք, ո՞ր տարիքից է տպավորվել, որ Ձեր հայրիկն անվանի երաժիշտ է։  

- Ինձ համար նա երկու մարդ էր, ինչպես բոլորի համար Ռոբերտ Ամիրխանյան կոմպոզիտոր եւ պապան (ծիծաղում է,-հեղ.)։ Շատ փոքր տարիքից էի հասկանում, որ նա կոմպոզիտոր է, որովհետեւ միշտ գնում էինք նրա համերգներին ու տեսնում, ոնց են մարդիկ նրան ճանաչում ու վերաբերվում, բայց, միեւնույն ժամանակ, նա ինձ համար հայր էր եւ շատ խիստ՝ երաժշտական կրթության առումով։ Բայց այդ ամենն այնքան բնական ու սովորական էր, որ երբեք չեմ մտածել տանը Ռոբերտ Ամիրխանյան ունենալու մասին։  

-Ինչպիսի՞ն է եղել նրա ազդեցությունը Ձեզ վրա ու միասին ստեղծագործական ո՞ր պահերն եք ամենաշատը սիրում։

-Պապայի ազդեցությունը շատ կարեւոր է եղել, քնում ու զարթնում էինք  երաժշտությամբ: Մեր տանը միշտ արվեստագետներ, նկարիչներ, երգիչներ, դերասաններ, ճարտարապետներ ու այլ բնագավառներից մարդիկ կային։ Արվեստով լի ու հետաքրքիր մթնոլորտ էր տիրում, բայց այդ մասին ավելի շատ գիտակցեցի հասուն տարիքում, այն ժամանակ ինձ թվում էր, որ դա նորմալ է ու բոլորի տանն է այդպես։ Իհարկե, երաժշտական առումով նման օրինակ ունենալը միաժամանակ դժվար ու հեշտ էր։ Բարդն այն է, որ հասկանում ես՝ նման մակարդակի ինքդ չես հասնի, բայց նաեւ ձգտում ես առավելագույնին, որ հնարավորինս նրան մոտենաս: Քույրիկս էլ է երաժիշտ, ու երբ տանը պարապում էինք, հայրիկը միշտ շատ ճիշտ եւ դիպուկ մեկնաբանություններ էր անում։ Ինքս իմ երեխաներին կդժվարանամ սովորեցնել, ծնող լինելու հանգամանքը միշտ խանգարում է, բայց հայրիկիս ազդեցությունը երկուսիս վրա էլ շատ մեծ է: 


- Դուք հիմնականում Ռոբերտ Ամիրխանյանի երգերն եք կատարում, սովորաբար իր արձագանքն ինչպիսի՞ն է լինում: 

- (Ծիծաղում է,-հեղ.)։ Միշտ փոքր տարիքից նրա հետ երգել եմ, թեեւ դրանով պրոֆեսիոնալ չեմ զբաղվել: Երբ հյուրեր էին գալիս, ասում էր. «Մարիշ, թռի այս երգը կատարենք», ու ընդհուպ մինչեւ տեղափոխվելս միասին համերգներ էինք ունենում։ Բայց հետո նախասիրություններս փոխվեցին, սկսեցի սովորել, մտա այստեղի կյանքի մեջ ու երգելը բոլորովին թողեցի, այլ բաներով էի զբաղված ու այդ մասին չեմ էլ մտածել: Հայրիկիս 70-ամյակին ուզում էի մնայուն նվեր անել ու որոշեցի նրա երգերից որեւէ մեկը ձայնագրել, այդպես էլ ամեն ինչ սկսվեց եւ ինձ համար անսպասելի ու հաճելի արձագանքներ եղան։ Իհարկե, հայրիկս շատ խանդով է վերաբերվում որեւէ մեկին, ով վերցնում է իր երաժշտությունն ու ինչ-որ ձեւով փոփոխում այն: Ցանկացած ստեղծագործ մարդ, ով իր աշխատանքը կատարյալ է համարում, ու որեւէ մեկը փորձում է այն մշակել, հասկանալի պատճառներով միանգամից ընդունել չի կարող, գոնե պետք է բացատրություն ստանա, թե ինչու է այդպես արել: Նույնն էլ իմ դեպքում էր, երբ ձայնագրեցի «Այնպես ուզում եմ» երգը, սկզբում հայրիկը շատ խիստ արձագանքեց՝  ինչո՞ւ ես փոխվել, իսկ ինչո՞ւ է այսպես, բայց դա իր առաջին վերաբերմունքն էր, ինչից հետո միանգամից երգն ընդունեց ու հետո ինքն էր հարցնում, թե հաջորդ կատարումս ո՞րն է լինելու, իսկ ո՞նց եմ անելու: Արդեն սովորել եմ, որ երգն ընտրելուց հետո այն ամբողջությամբ ձայնագրեմ ու նոր ներկայացնեմ հայրիկիս, որպեսզի չխանգարի: Պարզապես վերցնում եմ ու կատարում այնպես, ինչպես զգում եմ, փոփոխությունները շատ բնական ձեւով են արվում, երբեք գերակշռողը փոխելու ցանկությունը չի լինում։ Իհարկե, բոլոր երգերից հետո հայրիկի հետ քննարկումներ են լինում, իր կարծիքն ամենակարեւորն եմ համարում:   



-Ի՞նչ փուլեր է անցնում երգը՝ Ձեր միջով անցկացնելուց մինչեւ մեզ հասցնելը։ 

-Քանի որ դաշնակահար եմ, նվագելով երգում եմ, տեքստն, իհարկե, կարեւոր է, բայց այդ ընթացքում չեմ մտածում նրա մասին: Այդ երգերն այնքան լավ գիտեմ, որ ավելի շատ այլ բաների վրա եմ կենտրոնանում՝ տոնայնության ու այլ դետալների, որոշ ժամանակ անց նոր ձայնագրվում եմ: Աշխատում եմ Արա Թորոսյանի (Մուրզոյի) հետ, միասին ենք սովորել Չայկովկսու դպրոցում, կամ Տիգրան Սահակյանի, նա էլ է շատ տաղանդավոր երաժիշտ ու կոմպոզիտոր: Վերջնական տարբերակն ընդհանուր քննարկումներից հետո է լինում, միայն մի քանի երգ է եղել, որ ձայնագրվել եմ հենց պատրաստի տարբերակով: Նույնիսկ «Այնպես ուզում եմ»-ը դաշնամուրով ձայնագրվեցի, ինչից հետո նոր սկսեցինք ուրիշ բաներ ավելացնել։ Երբեք նպատակը երգը փոխելը չի, պարզապես իմ ուզած կատարումն եմ ընտրում ու իմ զգացած ձեւով ձայնագրվում։  

-Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ ընտրությունը, երգն արդեն որոշե՞լ եք։

-Կարծես թե արդեն հայրիկիս հետ խոսել եք հա՞ (ծիծաղում ենք,-հեղ.)․ կատակում եմ, քանի որ սովորաբար ինքն է հարցնում. «Իսկ ո՞րն է լինելու քո հաջորդ երգը»։ Այնքան շատ են երգերն ու այնքան սիրուն գործեր կան: Հիմնականում անդրադարձել եմ մարդկանց լավ ծանոթ գործերին, բայց կան այնպիսինները, որոնք 70-ականներին շատ էին կատարում, բայց հիմա այդքան էլ հայտնի չեն: 3-4 երգ կա, որոնց մասին մտածում եմ, բայց դեռ չեմ նստել ու նվագելու ընթացքը սկսել: 

-Կհիշե՞ք Ձեր առաջին ելույթը, երբ բեմ բարձրացաք ու երգեցիք մարդկանց համար: 

-Շատ դժվար է, քանի որ շատ փոքրուց եմ պոչիկի նման ուղեկցել հայրիկին (ծիծաղում ենք,-հեղ.): Եթե համերգներին մանկական երգեր կային, միշտ կատարում էի: Իսկ ավելի հասուն տարիքի համերգներից կառանձնացնեմ 1992 թվականին Արամ Խաչատրյանի մեծ համերգասրահում տեղի ունեցածը: Մարդկանց շարքերում նստած էի, երբ պապան հայտարարեց իր նոր գրած երգն, ու դուրս եկա բեմ, որ միասին զուգերգով կատարենք: Այդ օրը շատ է տպավորվել, քանի որ եւ դահլիճն էր մարդաշատ, ու նաեւ վերջին անգամն էր, որ հայրիկի հետ Հայաստանում բեմ դուրս եկանք: Դրանից հետո նկարահանվեցինք Նոր տարվան նվիրված հաղորդման համար ու մեկնեցի Նահանգներ՝ ձմեռն այնտեղ անցկակցնելու: 


- Ձեր մասնագիտության հետ կապված ի՞նչ նպատակներ ունեք ու որտե՞ղ եք ձգտում հասնել։

- Մասնագիտությանս ու աշխատանքի առումով բավարարված եմ, բայց ես նաեւ դաշնակահար եմ եւ ուզում եմ ավելի շատ ելույթներ ունենալ: Այստեղ տարին մեկ անգամ քոլեջում նվագում եմ ու մեծ համերգ կազմակերպում, ներկա են լինում քոլեջի  երաժշտության դասախոսները եւ այլ հյուրեր: Արդեն 25 տարի է այդ համերգը գոյություն ունի։ Նվագել շատ եմ սիրում, Ֆրեզնոյում ապրող դաշնակահարուհի ընկերուհի ունեմ՝  Նաիրա Շահսուվարյանը, որի հետ շատ հաճախ ենք միասին հանդես գալիս, բայց կուզեի ավելի շատ նվագել: Երբեմն կյանքի ռիթմն ու աշխատանքը խանգարում են ժամանակ գտնել պարապելու ու համերգներով հանդես գալու համար: 

-Ի՞նչ է Ձեզ հետ կատարվում նվագելիս ու ի՞նչ ապրումներ եք ունենում։

-Ավելի հեշտ արտահայտվում եմ երաժշտությամբ, քան խոսքերով։ Միշտ հիանում էի, թե ինչպես է հայրիկս կարողանում լավ խոսել, բայց ինձ մոտ այդպես չի ստացվում, նախընտրում եմ նստել դաշնամուրի մոտ ու այդպես զգացմունքներս արտահայտել: Նույն կերպ էլ երգելիս է լինում, գուցե, դրա համար են իմ կատարումներն այդքան զգացմունքային: 

-Սովորաբար ի՞նչ արձագանքներ եք ստանում, տեսահոլովակների տակ հիմնականում շատ ջերմ խոսքեր են գրում:

-Այնքան հաճելի է նման արձագանքեր տեսնել: Միշտ ասել եմ, որ դրանք ինձ համար կարեւոր չեն, ավելի առաջնային է լսել հայրիկի ու այլ ծանոթ մարդկանց կարծիքները, բայց, իհարկե, այդպես չէ: Դրանցից ավելի եմ ոգեւորվում ու մտածում՝ եթե հավանում են, մեկն էլ կանեմ։ Այդ գործերն այնքան անձնական են ինձ համար, այնքան իմը, դրա համար էլ շատ զգացմունքներ ու ապրումներ եմ ներդնում: Ուրախ եմ, որ կարողանում եմ այդ ամենը փոխանցել մարդկանց, ու նրանք գնահատում են: Մեկնաբանություններ կարդալն ու քաջալերանքի խոսքեր լսելն անսպասելի, բայց եւ շատ հաճելի է:


- Մարիա, վերջին շրջանում ի՞նչ իրադարձություններ, մարդիկ ու դեպքեր են Ձեզ վրա ամենաուժեղ ազդեցությունը թողել։

- Ինձ համար ամեն ինչը կապվում է հայրիկիս ու իր ստեղծագործությունների հետ։ Այս ամիս նրա 86-ամյակը լրացավ, քույրիկիս հետ շատ ենք քննարկում, որ նա այս տարիքում էլ այնքան նվիրված է իր գործին: Մինչեւ հիմա հաճույքով է մոտենում գործիքին ու նվագում, ստեղծագործում, դեռ այնքան երգեր ունի գրելու: Երբ տեսնում ես սեփական գործին նման նվիրում ու սեր, դրանից ավելի ուժեղ ազդեցություն եւ ոգեշնչում լինել չի կարող: Քանի որ երաժշտությունն իմ կյանքն ու մասնագիտությունն է, տանը նման օրինակ ունենալուց ավելի ազդեցիկ լինել ոչինչ չի կարող: Համոզվում ես, որ ամեն տարիքում էլ աշխատանքը կարող ես նման բարձր մակարդակով անել:

- Ի՞նչն է Ձեզ երջանկացնում։

- Իմ ընտանիքը, աղջիկներս, շունիկներս (ծիծաղում ենք,-հեղ), իմ շրջապատը։

- Ինչպե՞ս եք դժվարությունները հաղթահարում։

- Շարունակելով աշխատել՝ առանց հանձնվելու եւ առանց հուսահատվելու։ Եթե որեւէ նպատակ եմ դնում իմ առջեւ, անպայման պիտի կարողանամ հաղթահարել բոլոր դժվարությունները, ինձ ոչ մի բան չի կանգնեցնի։ Կարողանում եմ ինձ հավաքել ու ամեն անգամ վեր կենալ եւ նորից փորձել: Անում եմ այնքան, մինչեւ որ ստացվի: Համառ եմ, նպատակասլաց ու չհանձնվող։ Եթե մի բանի հավատում եմ ու ինձ համար կարեւոր է, շարունակում եմ ձգտել դրան՝ կապ չունի քանի անգամ կընկնեմ։ 

-Ի՞նչը կարող է պատճառ դառնալ, որ արտասվեք։

- Ինչքան մեծանում, ավելի զգայուն եմ դառնում: Կարող եմ հուզվել ֆիլմ նայելիս ու զարմանալ, թե սա ի՞նչ էր, որտեղի՞ց եկավ: Կարող եմ արտասվել մարդկանց երջանկությունից, դե, տխրությունից՝ կարտասվեմ ու կարտասվեմ։ 


- Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները:

- Փորձում եմ օրվա մեջ գոնե 1-2 ժամ գտնել, որն իմը կլինի: Սիրում եմ ինքս ինձ հետ ժամանակ անցկացնել, այդ ընթացքում նվագել, երգել, ուղղակի մտքերով լինել: Այդ փոքր ժամանակն ինձ երջանկություն է բերում, հավասարակշռության մեջ պահում, եւ հետո նորից վերադառնում եմ ընտանիքիս մոտ։

- Աղմուկի՞, թե՞ լռության սիրահար եք:

- Օ, լռության: Ինքս ինձ հետ խոսում եմ, մտածում, տարբեր բաներ վերլուծում, երեւակայում: 

 - Ձեր ձայնը շատերի համար է ճանաչելի ու սիրելի, իսկ ո՞ւմ ձայնն է Ձեզ համար յուրահատուկ: 

- Նման ձայներ շատ ունեմ, բայց մեկի անունը կնշեմ, որովհետեւ վերջերս իր համերգն էր մեզ մոտ՝ Ջեյքոբ Քոլիեր: Յուրահատուկ ձայն ունի, փայլուն ու տարբերվող երաժիշտ է: Այլապես եւ հին, եւ նոր կատարողների մեջ շատ սիրելի ձայներ ունեմ:

- Իսկ ո՞վ է գեղեցկության օրինակը Ձեզ համար:

-Էլի շատ դժվար է ընտրել, բայց նախ մայրս է, նա միշտ ամեն ինչում օրինակ է եղել ինձ համար: Իսկ առհասարակ սիրում եմ բնականն ու սիրունը, դրանից գեղեցիկ բան չկա:  

- Ի՞նչ կմաղթեք Ձեզ ու մեզ բոլորիս:

- Մեզ բոլորիս կմաղթեմ շատ սեր, իսկապես ուզում եմ, որ միմյանց սիրենք, բարի լինենք իրար հանդեպ: Իսկ ինձ համար ուզում եմ ստեղծագործական բոլոր նպատակներիս կարողանամ հերթով հասնել: 

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Մարիա Ամիրխանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW