×


«No comment»

«No comment»

Հայկոյի, Մկոյի ու Հովոյի կարգին  ներկայացումը կայացավ : ) Մարտի 2-ին Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում կայացավ Հայկոյի, Մկոյի եւ Հովոյի «No comment» ներկայացման պրեմիերան: Չորս մասից բաղկացած հումորային ներկայացման մեջ Հայկոյից, Մկոյից ու Հովոյից բացի հանդես են գալիս Կարգին Հասոն` Հասմիկ Ղարիբյանը, դերասաններ Անդոն ու Ռաֆոն եւ հաղորդավար Ռաֆոն` իր դերում: Hayko. Mko & Hovo Նախապես խոստացված կարգին ներկայացումն անցավ անսպառ ծիծաղի մթնոլորտում: Հանդիսատեսի ծափահարություններն ու բրավոները (Bravo.am:)) չլռեցին մոտ երկու ժամ, իսկ եռյակն ու իրենց հետ հանդես եկող դերասանները ներկայացրին ամենատարբեր իրավիճակներ,  հումորի միջոցով փորձեցին նաեւ ուսուցողական դեր կատարել: Թեմատիկ ուղղվածությունը կոչված էր գոհացնելու տարբեր տարիքային խմբերի լսարանին: Հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքին` տղաները այս անգամ եւս կարեւորել էին ակտուալ եւ հետաքրքիր հումորը, որում հանդիսատեսը կարող է տեսնել հարազատ ու ծանոթ երեւույթներ, իրեն ու իր հարեւանին: Ներկայացման ընթացքում կատարվեցին քաղաքական նմանակումներ, խոսվեց մեր օրերի եւ 70-ականների երաժշտության ու մի շարք այլ երեւույթների մասին: Յուրաքանչյուր մասի սկզբում հանդիսատեսը մեծ էկրանի վրա տեսնում էր փոքրիկ տեսաֆիլմ, որը պատմում էր Հայկոյի, Մկոյի, Հովոյի եւ հայերի մասին: Մկո` իսկական գյումրեցի : ) Ներկայացման առաջին մասում ցուցադրվեց Մկոյի մասին պատմող փոքրիկ տեսաֆիլմ: Պարզվեց, որ նա ծնվել է հումորի մայրաքաղաք Գյումրիում: Լուսանկարների միջոցով նա փորձեց ներկայացնել իրեն: Կես կատակ, կես լուրջ  հիշեց առաջին սերն ու համբույրը, իսկ առաջին հիասթափությունը եղավ Հովոն, ում տեսնելուց հետո Մկոն որոշեց գալ Երեւան ու զբաղվել որակյալ հումորով: Չնայած Երեւանում ապրելուն` Մկոն իրեն համարում է իսկական գյումրեցի. «Որովհետեւ ըդիկ էդպես է: )»: Hayko Հայկո` իսկական երեւանցի : ) Երկրորդ մասն ազդարարեց Հայկոյի մասին տեսաֆիլմը: Ի տարբերություն Մկոյի` Հայկոն իրեն իսկական երեւանցի անվանեց, հպարտացավ դրանով` որպես ապացույց ներկայացնելով իր մանկության գունավոր լուսանկարները: Հիշեց Պոլիտեխնիկական ինստիտուտում անցկացրած տարիները, ՈՒՀԱ-ն ու իր շրջագայությունները: Առաջին սերն ու հիասթափությունը հիշելով`Հայկոն եւս չմոռացավ Հովոյի մասին, եւ, որպես առաջին հիասթափություն, կրկին էկրանին հայտնվեց Հովոյի լուսանկարը: Հովո`երեւանցի, ում երկար ժամանակ էր պետք դրանում համոզվելու համար : ) Երրորդ մասում էլ ցուցադրվեց Հովոյի դեգերումներն ու իր արմատները պարզելու փորձը: Չկողմնորոշվելով իր արմատների իսկության մեջ` դերասանն իրեն փորձեց «գտնել» Մալիշկա գյուղում, քանի որ շատ փոքր էր: ), սակայն Արա Աբրահամյանի հետ զրույցից հետո հասկացավ, որ դա հնարավոր չէ, ապա, իր լուսանկարներից մեկի վրա տեսնելով «Արցախ» ֆոտոստուդիայի անունը, մտածեց, թե ղարաբաղցի է, բայց դա էլ էր անօգուտ: Իր արմատները պարզելու համար Հովոյից դեռ շատ ժամանակ կպահանջվեր, եթե մի օր չգնար Սեւան եւ Ծովագյուղի տղաների հետ վեճի չբռնվեր, ինչը ստիպեց նրան հասկանալ, որ ինքն իսկապես երեւանցի է:: ) «No comment» «Հայերը» Ներկայացման վերջին` չորրորդ մասի բացումը կատարեց «Հայերը» տեսաֆիլմը, որտեղ խոսվեց Հայկի եւ Բելի ճակատամարտի, հայ ժողովրդի պատմության մասին: Նախորդ ֆիլմերում առկա  լուրջն ու կատակը  հանդիսատեսը յուրովի ընդունեց, իսկ «Հայերում» ներկայացված գաղափարը հասկանալի էր բոլորին: Տղաները խոսեցին մեր միասնականության մասին, իսկ ներկայացման վերջում հանդիսատեսի հետ միասին 68 վայրկյան լսեցին Շարլ Ազնավուրի «La Boheme» երգն ու խորհուրդ տվեցին աշխարհում առանձնանալ միայն տաղանդներով, իսկ որպես ազգ միշտ միասնական լինել: «No comment»-ի համար երկու տարի պահանջվեց Պրեմիերայից հետո Bravo.am-ի հետ զրույցում Մկոն ասաց, որ «No comment» ներկայացման համար աշխատել են մոտ երկու տարի: Սցենարի հեղինակները տղաների նախորդ նախագծերի հեղինակներն են` Սարգիսը, Վովան, Խորենը, Գրիգորը.  «Մի խոսքով` բոլորս էլ մասնակցել ենք, մենք եւս մինչեւ սցենարի վերջը, մինչեւ բեմ հասցնելը...»:  Մկոն այնքան ուրախ էր եւ լի զգացմունքներով, որ չկարողացավ արտահայտել այդ ամենն ու ասաց ընդամենը մեկ նախադասությամբ. «Շատ ուրախ եմ : )»: «No comment» Հայկոն էլ մեզ պատմեց անվան ընտրության մասին. «Մենք ներկայացնում ենք մեր հասարակության մեջ ընթացող պրոցեսները եւ չենք մեկնաբանում դրանք` մեկնաբանությունները թողնելով հանդիսատեսին»: Կարգին Հասոն նշեց, որ հիացած է ներկայացմամբ. «Շատ հուզիչ, հզոր եւ գունեղ ներկայացում է ստացվել: Ես շատ եմ սիրել իմ դերերը: Մոտ երկու տարի պատրաստվում էր այս ներկայացումը, արդյունքը, իմ կարծիքով,  փայլուն է, ինչի ապացույցը հանդիսատեսի արձագանքն է»: Իսկ Հովոն ներկայացումից հետո էլ շարունակեց մնալ no comment վիճակում եւ առանց մեկնաբանությունների ընդունեց իր շնորհավորանքներն ու շնորհավորեց ընկերներին: Նշենք, որ «No comment» ներկայացումը կլինի նաեւ մարտի 3, 4, 15, 16, եւ 17-ին: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին