×


Աննան, Լանան, Մերին, Շուշաննան, Արփինեն, Անին եւ դեռեւս չամուսնացած մյուսները` հարսի զգեստով :)

BRAVO.am-ի այս հրապարակման հերոսուհիներին միավորում է մեկ բան. նրանք դեռ չեն ամուսնացել, բայց տարբեր առիթներով մեկ կամ մի քանի անգամ կրել են հարսանեկան զգեստ, ունեն իրենց պատկերացումներն ու ճաշակը հարսանեկան արարողության ամենակարեւոր ատրիբուտներից մեկի` հարսի սպիտակ զգեստի ընտրության հարցում:

Աննա Գրիգորյանը


Հաղորդավարուհի-մոդել Աննա Գրիգորյանը  հարսանեկան զգեստ կրել է հարսանյաց սրահի գովազդում նկարահանվելու համար. “Մի քանի զգեստ եմ հագել ու լուսանկարվել, բայց քանի որ իմ հարսանիքի համար չի եղել, հուզմունք չեմ ապրել”:

Նրա խոսքերով` իր հոգեվիճակի փոփոխությամբ նախասիրությունները պարբերաբար փոխվում են. “Երբ դեռահասության տարիքում էի, ավելի շատ պատկերացնում էի ոչ ստանդարտ, ռոքային ատրիբուտներով, յուրահատուկ աքսեսուարներով շոր, բայց հիմա նախըտրած զգեստի տեսակ չունեմ: Եթե իմ կյանքում լինի այդ հաճելի երեւույթը,  ճաշակս կհամընկնի իմ տղամարդու նախասիրությունների հետ եւ միասին կորոշենք` ինչպիսին կլինի իմ զգեստն ու մեր հարսանիքը”:

Մարիկա Թունյանը


Մոդել Մարիկա Թունյանը  ցուցադրությունների, ֆոտոսեսիաների, տեսանկարահանումների ժամանակ հաճախ եղել է հենց հարսանեկան զգեստով. “20 անգամից ավելի հագել եմ եւ բացարձակ սնահավատ չեմ. մեր մոդելներից շատերը բազմիցս հագել են եւ հետո հարսի զգեստով ամուսնացել”:

Նա դեռ չգիտի`կարգավիճակը փոխելու համար երբ կկրի հարսի շոր, բայց իրեն պատկերացնում է “արքայադստերը վայել զգեստով”. “Եթե ոչ ստանդարտ, ապա ուրիշ երանգի շոր կհագնեմ, օրինակ` կապույտ դետալներով, բայց կարճ զգեստ չեմ կրի: Այս տարիների ընթացքում այնքան տարբեր հարսանեկան զգեստներ եմ հագել, որ նույնիսկ հատուկ ցանկալի զգեստ չունեմ”:

Աննա Հարությունյանը


Դերասանուհի Աննա Հարությունյանը հարսանեկան զգեստ կրել է երկու անգամ` սերիալային նկարահանումների ընթացքում. “Անհրաժեշտ էր ստանալ 1960-ական թվականներին բնորոշ ռետրո կերպար: Իմ ճաշակով եմ ընտրել գլխարկը: Ինքս նախընտրում եմ նեղ, մարմինը կիպ գրկող զգեստներ: Քանի որ այն ինձ համար ավանդական բնույթ ունի, առանձնապես չեմ հետեւում տենդենցներին եւ իմ ճաշակն ունեմ: Եթե ամուսնությանս համար զգեստ ընտրեմ, ապա այն կլինի նուրբ եւ եկեղեցուն հարիր”:

Արփինե Գաբրիելյանը


Երգչուհի եւ հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանը հարսանեկան զգեստ կրել է երեք անգամ` իր առաջին տեսահոլովակի, ամսագրի համար նկարահանումների ժամանակ եւ նորաձեւության ցուցադրությանը. “Հագնելիս հարս լինելու հուզմունք ու զգացողություն չեմ ունեցել: Երեւի իմ հարսանիքին հուզիչ կլինի, բայց դեռ չգիտեմ, ինչպիսի զգեստ կընտրեմ, երբ ժամանակը գա, կմտածեմ բոլոր մանրամասների մասին”:

Նա կարծում է, որ հարսանեկան զգեստի ընտրության հարցում ծայրահեղությունների պետք չէ դիմել. “Ճերմակ գույնն իր մեջ մաքրության ու պարզության խորհուրդ ունի, որ յուրաքանչյուր աղջիկ պետք է պահպանի: Ինքս նախընտրում եմ ոչ շատ ճոխ, բայց անպայման սպիտակ զգեստ”:

Լանա Խաչատրյանը


Երգչուհի Լանա Խաչատրյանը, որը մոտ երկու տարի աշխատել է որպես “Հարս” հանդեսի խմբագիր եւ բազմիցս առչնվել հարսանեկան թեմաներին, մինչ ամսագրի սեփականատեր լինելը հայտնվել է դրա շապիկին. “Տարիներ առաջ արված ֆոտոսեսիան ինձ համար այդքան առանձնահատուկ չի եղել, քանի որ կողքիս սիրելի մարդ չունեի: Պարզապես հագել էի դիզայներ Գեւորգ Շադոյանի հավաքածուից մի զգեստ ու լուսանկարվել շապիկի համար”:

Լանա Խաչատրյանը չի պատկերացնում, որ իր հարսանեկան զգեստը կարող է լինել գունային տարբեր երանգներով ու տարատեսակ ատրիբուտներով. նա կարեւորում է զգեստի ճեփ-ճերմակ լինելը եւ պարզությունը. “Ես ամեն ինչի, այդ թվում` հարսի զգեստի մեջ գնահատում եմ պարզությունը. հասարակ զգեստի մեջ ավելի ակնհայտ է գեղեցկությունը: Այսպիսի հարցերում ավելի պահպանողական եմ, չեմ կարծում, որ իմ հարսանիքին շատ զարմանալի ու արտառոց բաներ կանեմ”:

Երգչուհին որոշել է մինչ իր ամուսնության օրը հարսի զգեստ չհագնել, “Չեմ ուզում մի քանի անգամ հագնելով` ինձ համար հասարակ զգեստ դարձնել, քանի որ գիտեմ շատ աղջիկների, որոնք իրենց հաճույքի համար խանութներում հագնում են, գուցե դրական էմոցիաներ են ստանում, բայց խորհուրդ կտամ սպասել սեփական ամուսնության օրվան”:

“Շատ կցանկանայի, որ զույգերը այդքան մեծ ուշադրություն չդարձնեն հարսանեկան արարողության, շքեղ ձեւավորման, հյուրերի թվի վրա, իրենց չտանջեն նման հարցերով, ամենակարեւորն այդ օրը սրտանց երջանիկ լինեն:)”, -հավելել է երգչուհին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ հայտնիների անձնական արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW