×


Արցախը` որպես «Դրախտի դարպաս». ԿինոՊարկի էկրաններին Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմն է

«Թեւանիկ», «Վերջին բնակիչը» եւ մի շարք այլ հայտնի ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նոր գեղարվեստական ֆիլմ ունի՝ «Դրախտի դարպասը», որի պրեմիերան երեկ էր՝ «Երեւան Մոլ»-ի «ԿինոՊարկ» կինոթատրոնում: Փակ նախադիտմանը ներկա էին ֆիլմի հայ եւ արտասահմանցի պրոդյուսերները, ստեղծագործական կազմի անդամները, որոնք լրագրողների հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ ներկայացրին «Դրախտի դարպասի» մասին: Ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը:

Նշենք, որ Ջիվան Ավետիսյանի նոր կինոնկարի համարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան եւ Իտալիան: Այս երկրներում գործող մի շարք պրոդյուսերական ընկերություններ համաձայնել են իրենց մասնակցությունն ունենալ ֆիլմի ստեղծման աշխատանքներում` աջակցելով Արցախի հիմնահարցի բարձրաձայնման եւ Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման գործին: Այո, ճիշտ նկատեցիք, որ ռեժիսորի նոր ֆիլմը նույնպես անդրադառնում է Արցախի թեմային, ինչպես նրա նախորդ աշխատանքների մեծ մասը:

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան՝ ԿինոՊարկում


Ֆիլմի հիմքում հետեւյալ պատմությունն է` գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի եւ Սոֆիայի հաճախակի հանդիպումները փոխադարձ սիրո զգացմունք են արթնացնում, սակայն պարզվում է` Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա` մարտի դաշտում արված լուսանկարները:

Ռոբերտ Ստերնվալի դերում հանդես է գալիս գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, ով խաղացել է մոտ հարյուր ֆիլմում, այդ թվում` Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները», Ռոբերտ Բենինիի «Կյանքը հիասքանչ է», Լյուկ Բեսոնի «Տաքսի» եւ սիրված այլ ֆիլմեր: Դերասանն ասում է, որ «Դրախտի դարպասը» ֆիլմում իր մասնակցությունը փոքր-ինչ անակնկալ է եղել, քանի որ առաջարկը ստանալու պահին արձակուրդում է գտնվել: Սակայն սցենարը կարդալուն պես համաձայնել է հանդիպել ու քննարկել հնարավոր համագործակցությունը:

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան՝ ԿինոՊարկում


«Փորձում էի հավատալ ինքս ինձ, չէի փորձում մեկ այլ մարդու մարմնավորել, ուրիշ կերպար ստեղծել իմ խաղի համար: Սա իսկապես իմ մոտեցումն ու իմ տեսանկյունն է այս դերին: Ռոբերտի կերպարը շատ մոտ է ինձ, եւ ես չեմ խաղացել մեկին, ում չէի հավատա: Շատ կարեւոր է ասել, որ Ջիվանը միշտ պատրաստակամ էր քննարկումների եւ բաց էր առաջարկների համար, ինչն էլ մեզ փոխհամաձայնության էր բերում: Նա կյանքի է կոչել իմ գաղափարներից շատերը, եւ ես շնորհակալ եմ դրա համար, որովհետեւ արտիստի համար չկա ավելի կարեւոր բան, քան զգալ իր կրեատիվությունը: Ջիվանն այս ֆիլմարտադրության գործընթացում ինձ իսկապես թույլ է տվել զգալ ստեղծարար, հետաքրքիր, ինքնատիպ»,- խոստովանում է դերասանը:

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս նաեւ Սոս Ջանիբեկյանն ու Տատյանա Սպիվակովան: Վերջինս ռուս անվանի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի եւ հայ դերասանուհի Սաթենիկ Սահակյանցի դուստրն է: Տատյանան ծնվել է Մոսկվայում, մեծացել՝ Իսպանիայում, իսկ այժմ ապրում է Փարիզում: Ռեժիսորը հենց նրա նման դերասանուհու էլ փնտրել է ի սկզբանե, ով կկարողանա հմտորեն խոսել մի քանի լեզուներով, ինչպես նաեւ լավագույնս կկերտի արցախցի աղջկա՝ Սոֆյայի կերպարը: BRAVO.am-ն ավելի վաղ հանդիպել էր դերասանուհուն եւ մեծ զրույց ունեցել նրա հետ: Տատյանա Սպիվակովան, խոսելով իր կերպարի մասին, ասում է, որ ֆիլմն այդ դերի միջոցով շատ կարեւոր թեմա է բարձրաձայնում՝  ինչպես շարունակել զբաղվել սիրելի գործով, երբ շուրջդ պատերազմ է, եւ ինչպես պայքարել սեփական զենքերով՝ խոսքերով ու սիրով:

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան՝ ԿինոՊարկում


Ի վերջո որո՞նք են դրախտի դարպասները, որոնց մասին Ջիվան Ավետիսյանը խոսել է ֆիլմում: Լրագրողների հետ զրույցում ռեժիսորն ասաց, որ հասկացել է՝ իր համար դրախտն Արցախն է, որտեղ իրեն զգում է թեւերը լայն բացած.«Ես հավատում եմ, որ երկրային կյանքին զուգահեռ՝ գոյություն ունի նաեւ երկնային կյանք: Եվ դրախտը իրական է: Բնականաբար, յուրաքանչյուր մարդու համար գոյություն ունի ի՛ր դրախտն այս երկրում, որը պիտի բացահայտել: Ես փորձել եմ ու արդեն բացահայտել եմ: Այո՛, ինձ համար եւ ի վերջո ողջ հայության համար դրախտի դարպասներն Արցախում են: Առհասարակ դրախտն այն վայրն է, որտեղ դու քեզ լիարժեք ես զգում»,- նշում է ռեժիսորը:

Իր խոսքում Ջիվան Ավետիսյանը նաեւ ասել է, որ արտասահմանցի պրոդյուսերների օգնությամբ շուտով ֆիլմը ցուցադրելու են Հայաստանից դուրս՝ միջազգային կինոփառատոների շրջանակներում: Իսկ մինչ այդ Արցախի չքնաղ տեսարաններով հիանալու, գեղեցիկ եւ հուզիչ պատմություն տեսնելու, մտածելու եւ դրախտի դարպասները գտնելու հնարավորություն ունեք նաեւ դուք, քանի դեռ ֆիլմը ցուցադրվում է «ԿինոՊարկ»-ի մեծ էկրաններին:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport