Ֆրանսահայ ճանաչված դերասան եւ բեմադրիչ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի աշնանը կստանձնի Փարիզի հանրահայտ «Արեւի թատրոնի» (Théâtre du Soleil) ղեկավարի պաշտոնը՝ փոխարինելով թատրոնի հիմնադիր Արիան Մնուշկինին։
Սիմոն Աբգարյանը, որը վերջերս մարմնավորել է գեներալ Շառլ դը Գոլին, թատրոնի պատմությանն անծանոթ չէ։ Նա ժամանակին եղել է «Արեւի թատրոնի» թատերախմբի անդամ եւ, ինչպես ինքն է հաճախ նշում, հենց այստեղ է սկսվել իր մասնագիտական ուղին 1985 թվականին, երբ ընդամենը 23 տարեկան էր։
Նրա նշանակման մասին որոշումն ընդունվել է թատրոնի թատերախմբի հավաքական որոշմամբ՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի համաձայնությամբ։ Արիան Մնուշկինը նախարարի հետ հանդիպել էր նոյեմբերի կեսերին։
Հատկանշական է, որ Սիմոն Աբգարյանի անունը որպես Արիան Մնուշկինի հնարավոր հաջորդողի շրջանառվում էր դեռեւս 2022 թվականին, սակայն այն ժամանակ դերասանը հրաժարվել էր այդ առաջարկից՝ պատճառաբանելով, որ թատրոնի ղեկավարումը դժվար կլինի համատեղել կինոնկարահանումների, բեմադրական աշխատանքների եւ Ֆրանսիայից դուրս իրականացվող իր ստեղծագործական ծրագրերի հետ։
«Պարզապես դեռ ճիշտ պահը չէր»,- այս անգամ արդեն ոգեւորությամբ ընդունելով առաջարկը՝ խոստովանում է նա։ «Մենք շարունակելու ենք նույն ուղին՝ ժողովրդական, տոնական, բոլորի համար մատչելի եւ բաց բոլորի առաջ... «Արեւը» էպիկական, քաղաքական եւ փիլիսոփայական թատրոն է։ Այս թատրոնն է ինձ ձեւավորել»,- ասել է սիրված արվեստագետը։
Թատրոնը կունենա համատեղ կառավարման մոդել․ Սիմոն Աբգարյանի կողքին կլինի թատերախմբի վեց անդամներից բաղկացած ղեկավար մարմին, որն անվանվում է «նավապետություն»։
Նոր ղեկավարության առջեւ դրված է կարեւոր խնդիր՝ թատրոնին նոր ստեղծագործական ուղղություն հաղորդել՝ միաժամանակ պահպանելով «Արեւի թատրոնի» հիմնարար արժեքները՝ հավասարությունը եւ հավաքական որոշումների կայացման ավանդույթը։
Այսպիսով, 2027 թվականի աշնանից Սիմոն Աբգարյանը կստանձնի ֆրանսիական թատրոնի ամենանշանավոր բեմերից մեկի ղեկավարումը՝ իր հետ բերելով ինչպես այդ թատրոնի ավանդույթների իմացությունը, այնպես էլ սեփական ստեղծագործական փորձը:
Էլլադա Ղուկասյան/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/


×
122





